ԿարևորՀասարակություն

Երևանի կանաչապատումը՝ նախընտրական ծրագրերում

Երևանը տարիներ շարունակ չի կարողանում ավելացնել գլխավոր հատակագծով սահմանված կանաչապատ տարածքները։ Մեկ բնակչին բաժին ընկնող կանաչապատ տարածքը պետք է լինի 17 քմ։ Երևանի ավագանու նախընտրական ծրագրերում, իհարկե, այս թեման կուսակցությունները չեն շրջանցել։

Ի՞նչ առաջարկներ կան և ինչպե՞ս են մտադիր խնդիրը լուծել Երևանի ղեկավարումը ստանձնել պատրաստվող քաղաքական ուժերը։

Գերկառուցավատված է Երևանը, դրանից բխող հետևանքներով՝ նկատում է Երևանի ավագանու անդամի «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածու Քրիստինա Վարդանյանը։ Նրա խոսքով՝ ԱՀԿ-ի սահմանած մեկ բնակչին բաժին ընկնող կանաչապատ տարածքի նորմերից շեղումը բավականին մեծ է Երևանում, իսկ կանաչապատ տարածքները տարիներ շարունակ չենք կարողանում ավելացնել․

 «Նորմատիվային ցուցանիշը մեր երկրի համար մոտավորապես 30 տոկոսի սահմաններում է, մենք ունենք ընդամենը 4-ը»։

Հաշվի առնելով դրանից բխող բոլոր խնդիրները, «Ազգային առաջընթաց» կուսակցության ավագանու թեկնածուն առաջարկում է ավանդական ձևով իրականացվող կանաչապատումից զատ նաև այլընտրանքային՝ ուղղահայաց և տանիքների կանաչապատում։   

ՔՊ կուսակցության ավագանու անդամի թեկնածու Արմեն Բեգոյանը համամիտ չէ, որ Երևանում կանաչ տարածքները չի հաջողվում ավելացնել։ Նա վստահեցնում է, որ միայն վերջին մեկ տարում Երևանի կանաչ տարածքներն ավելացվել են 33-35 հեկտարով․  

«Երևան քաղաքում սահմանվել է նոր նշաձող կանաչապատման իրականացման համար։ Այլևս անցյալում են այն տնկվող շիվերը, որոնք ծառ չէին դառնում։ Տասնյակ հեկտարներով ոչնչացված անտառներ մենք փորձում ենք վերականգնել։ Ծրագրում ունենք։ Մեր ամենամեծ պրոեկտը առաջիկա տարիներում Դալմայի այգիներում շուրջ 200 հեկտարի վրա կհիմնվի քաղաքային նոր այգի»։  

Երևանը կանաչ այգի՝ այս տրամաբանության մեջ «Արդար Հայաստան» կուսակցությունն իր առաջարկն ունի Դալմայի այգիների հետ կապված՝ ասում է կուսակցության ավագանու անդամի թեկնածու Ռաֆայել Հովհաննիսյանը։ Նա միաժամանակ նկատում է՝ չնայած իշխող ուժն էլ Դալմայի այգիների հետ կապված սեփական մոտեցման մասին է բարձրաձայնել՝ Նյու Յորքի քաղաքային այգիների մոդելով, բայց, «Արդար Հայաստան» կուսակցությունում չեն հասկանում, թե ինչ տրամաբանություն կա Նյու Յորքի քաղաքային այգու ու Երևանի Դալմայի այգիների մեջ։ Թեկնածուն նշում է, որ իրենց ծրագրային առաջարկը հենց Երևանյան պայմանները, առանձնահատկությունները հաշվի առնելով են ձևակերպել․  

 «Դա նոր պետք է արվի։ Մոտ 238 հա հողատարածք ամայի է և չի շահագործվում։ Մեծ է եղել, բայց դուք տեսնում եք՝ օտարվել է և շենքեր են կառուցվել։ Այդքանն է այս պահին ազատ։ Որոշակի հատվածի վրա գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվում, բայց մնացածը չի շահագործվում և զուտ հողակտորներ են, որոնք պետք է օգտագործել ի շահ Երևանի և այնտեղ կառուցել քաղաքային մեծ այգի-պուրակ։ Այն իր մեջ ներառելու է լճեր, հանգստյան գոտիներ, լողափեր՝ իրենց մեջ ներառելով ենթակառուցվածքներ։ Մենք նախատեսում ենք նաև այդ սիմվոլիկ այգում տեղադրել մեր բոլոր թագավորությունների թագավորների արձանները՝ իրենց տեղեկատվական ցուցանակներով, որը կներգրավի ոչ միայն մեր քաղաքացիներին, այլև տուրիստների, ինչը իր հերթին նաև ներգրավելու է միջոցներ»։

Նա նաև նշում է, որ հենց այդ միջոցներով էլ հնարավորություն կստեղծվի շատ այլ ծրագրեր իրականացնել Երևանի համար.

 «Համակարգ պետք է ներդնել բոլոր այս ծրագրերում, որ ոչ մեկը չգա ասի՝ ես սկսում եմ զրոյից, այլ շարունակի, և Երևանը կզարգանա»։

Շրջակա միջավայրի պահպանությունը պետության պոզիտիվ պարտականությունն է համարում «Ուժը հայրենյաց» կուսակցությունը։

 «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների մեջ շրջակա միջավայրի, առողջ միջաբայրի իրավունքը անօտարելի է»։ 

Երևանի ավագանու ընտրություններում «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը չի տեսնում կանաչապատման խնդրի առանձին լուծում։ Համալիր լուծման անհրաժեշտություն է տեսնում և առանձնացնում 5 հիմնական ուղղություն․

 «Ամեն ինչ ստորադասվում է առողջ շրջակա միջավայրին՝ մաքուր օդին, ջրին։ Բնությունն ինքը նաև վրեժ լուծելու սովորություն ունի։ Այսօր մենք օրհասական խնդիրներ ունենք, և մի քանի տարի հետո արդեն և՛ գլոբալ տաքացումը, և՛ այն կլիմայական փոփոխությունները, որոնք արդեն իսկ կան՝ փոթորիկները, տարերային աղետները, այդ ամեն ինչը չնորմավորված մարդկային գործունեության արդյունք է։ Այսօր մարդը, լինելով Աստծո արարչագործության ամենալավ, ամենակատարյալ օրինակը, ինքն իրեն կործանում է՝ ընկնելով այդ ոչ խելամիտ շինարարության, ոչ խելամիտ արտադրության և, ընդհանրապես, բնությունը ոչնչացնելու մրցավազքի մեջ»։

Կարևոր է և պետք համադրել ճիշտ կադրային քաղաքականությունն ու ճիշտ կառավարումը, գերկենտրոնացման խնդիրների կարգավորումը թե՛ քաղաքաշինության տեսանկյունից, թե՛ տրանսպորտային հանգույցների ստեղծման, թե՛կանաչապատման․ հենց այս ամենի համալիր մոտեցման անհրաժեշտությունն է շեշտվում «Ուժը հայրենյաց» կուսակցության նախընտրական ծրագրով՝ ասում է կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նելլի Հարությունյանը․  

 «Խնդիրը վերաբերում է Երևան քաղաքի ոչ թե միայն կենտրոնին, Փոքր կենտրոնին կամ որոշ առանձնացված վարչական շրջաններին, այլ մեր ծրագիրը ենթադրում է համալիր և համահավասարաչափ զարգացում Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների»։

Դե, իսկ «Պայքարի՛ր, Երևան» կարգախոսով ավագանու ընտրություններում հանրությանը ներկայացող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ընտրողներին վստահեցնում է՝ իրենց նպատակն այս ընտրություններում ամենևին ավագանու անդամի մանդատ ստանալը չէ։ Հետևաբար, թեպետ ունեն նաև բուկլետներ, քաղաքային խնդիրներից գրեթե չեն խոսում, այդ թվում և՝ չեն ցանկանում խոսել նաև կանաչապատման խնդիրների մասին։

 «Մենք որևիցե կերպ չենք խոսում քաղաքային խնդիրներից, որովհետև մենք պետք է հաշվի առնենք, որ մենք գործ ունենք հասարակության 50-60 տոկոսի հետ։ Եվ շատ կարևոր է՝ այդ 50-60 տոկոսին մենք, որպես քաղաքական դերակատար, ի՞նչ օրակարգ ենք տալիս»։    

Քաղաքական ուժի ղեկավար, քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանն ասում է, որ քարոզարշավի ընթացքում մեծ հանրահավաքներ չի կազմակերպում, ընտրողների հետ հանդիպում է Երևանի վարչական շրջաններում քայլարշաշվների ընթացքում։ Հերթական ընտրություններն ու քարոզարշավը լեգիտիմ հնարավորություն են համարում հանրության հետ շփվելու և «Պայքարի» օրակարգը ներկայացնելու համար, որը, ըստ Սուրեն Պետրոսյանի, չի սկսվում և չի ավարտվում Երևանի ավագանու ընտրություններով։

 «Եթե մենք գնում ենք քաղաքային օրակարգով, ստացվում է, որ մենք մնում ենք իշխանական օրակարգի մեջ  և քաղաքացիներին ասում ենք՝ ամեն ինչ նորմալ է, պետությունը ճիշտ հունի վրա է, մենք այլ խնդիրներ չունենք և մենք պետք է բոլորս հիմա զբաղվենք քաղաքային խնդիրներով»։

 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունում, մինչդեռ, համոզված են, որ այսօր իշխանության կողմից տրամադրվում է մի օրակարգ, ըստ որի, Սուրեն Պետրոսյանի գնահատմամբ,  բոլորն անզոր են ու այլ օրակարգ չկա, բացի այդ իրականության հետ համակերպվելը։ «Պայքարի՛ր, Երևան» կարգախոսով ավագանու ընտրություններում հանրությանը ներկայացող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իր հիմնական առաքելությունն այս ընտրություններում համարում է հենց այդ օրակարգի դեմ պայքարելը.

 «Մեր հիմնական կարևոր խնդիրներից մեկը անզորության օրակարգը պայքարի օրակարգով փոխարինելն է։ Խնդիրն, ընդհանրապես, քաղաքապետ դառնալը չէ։ Կամ՝ ոչ էլ ամեն գնով ավագանիում ներկայացված լինելը։ Քաղաքապետը, որպես այդպիսին, այդ լծակները չունի։ Այս ընտրություններից հետո, նոր թափով ենք սկսելու այս օրակարգը մատուցել։ Ուղղակի, կախված ընտրությունների արդյունքից, կսկսենք, օրինակ, երկրորդ կամ 18-րդ մակարդակից – սա է ամբողջ խնդիրը։ Սրանով ոչ սկսվում է, ոչ՝ ավարտվում։ Հակառակը՝ ընտրություններից հետո ամբողջությամբ նոր «ստարտ» է լինելու»։

Ընտրություններից հետո ամբողջությամբ նոր «ստարտ» է լինելու՝ այս համոզմունքով է եզրափակում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։

 

Back to top button