ԿարևորՀասարակություն

Միայն գիտելիքի միջոցով մենք կարող ենք հաղթահարել դժվարություններն ու տոնել հաջողություններ․ ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում ասված է.

«Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Կրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն ու հենասյուներն են, որոնք երաշխավորում են ազատ ու ստեղծագործ մարդու, քաղաքացու ձևավորումը, որոնց վրա էլ կերտվում են անկախ, հզոր ու կայացած պետականությունները, որովհետև հենց ազատ մտածող, արարող մարդն է հասարակության ու պետության ամրության հիմքը:

Այսօր հազարավոր երեխաներ առաջին անգամ ոտք են դնում մանկապարտեզ ու դպրոց՝ սկսելով իրենց երկարատև ու հետաքրքիր ուղին գիտելիքների աշխարհում և այդ ճանապարհին բոլորիս՝ պետական պաշտոնյաների, մանկավարժների, ծնողների պարտքն ու պատասխանատվությունն է ապահովել մեր երեխաների համար սովորելու, ուսումնառության, գիտելիքներ ու մասնագիտություններ ձեռք բերելու անխափան երթը:

Սիրելի սովորողներ,

Սովորելով, կրթվելով ու գիտելիքներ ձեռք բերելով դուք կերտում եք ինչպես ձեր՝ որպես անհատի, այնպես էլ մեր երկրի ապագան, որովհետև այսօրվա ձեր գիտելիքն է մեր պետության զարգացման, հզորացման կարևոր գրավականներից մեկը: Միայն գիտելիքի միջոցով մենք կարող ենք հաղթահարել դժվարություններն ու տոնել հաջողություններ:

Սիրելի, մանկավարժներ, ծնողներ ու սովորողներ,

Կրկին շնորհավորում եմ Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն, շարունակական ձեռքբերումներ, ընտանեկան երջանկություն և հաջողություններ» :

Back to top button