Արցախցիների հակադարձ քայլը՝ Ադրբեջանին․ սոված կմնան, թշնամու հաց չեն ուտի


32 բեռնատար՝ առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված, շարունակում է սպասել Կոռնիձորի սահմանին։ Երեկ Ֆրանսիայից Բերձորի միջանցքի սկզբնամաս է հասել հիմնականում չփչացող սննդամթերք, մանկական կեր, կաթի փոշի, բայց նաև՝ գեներատորներ, արևային պանելներ, ինչպես ֆրնաիսացի բարձրաստիճան պաշտոնայներն են հայտարարել՝ այն ամենը, ինչը հնարավորություն կտա դիմադրելու։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ բեռները Ստեփանակերտ հասնեն։ Արցախցիներն էլ հակադարձ քայլով թույլ չեն տալիս, որ ադրբեջանական օգնությունը Ստեփանակերտ հասնի։
Կոռնիձորում կանգնած 22 և երեկ դրանց միացած ևս 10 բեռնատարները Բերձորի անցակետով այսօր էլ չեն անցել։ Պաշարված Արցախին մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի կառավարությունն էր մարդասիրական օգնություն ուղարկել։ Երեկ էլ՝ Ֆրանսիայի քաղաքներից ԼՂ-ին ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաները Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ հասան Կոռնիձոր ու այդտեղ էլ կանգնեցին։ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ աշխատանքները շարունակվում են․
«Իրավիճակն այս պահին անփոփոխ է։ Հումանիտար ուղեբեռները տեղափոխող ավտոշարասյունը գտնվում է նույն վայրում։ Այս առումով որևէ փոփոխություն չկա։ Հումանիտար բեռները ԼՂ տեղափոխելու ուղղությամբ աշխատանքները չեն դադարում, հույս ունենք, որ ի վերջո հնարավոր կդառնա դրանք հասցնել ԼՂ ժողովրդին»։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Մարսելի, Ստրասբուրգի քաղաքապետերը և Ֆրանսիայի ևս 6 շրջանի ղեկավարները Սյունիքում էին՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես է Ադրբեջանը մոլորեցնում միջազգային հանրությանը տարբեր հարթակներում, նաև ՄԱԿ–ի ԱԽ–ում վստահեցնում, թե Լաչինի միջանցքը բաց է։ Ֆրանսիական պաշտոնական պատվիրակությունը տեսավ, թե ինչ է իրականում կատարվում։
«Պատվիրակությունն այցելեց Կոռնիձորի այն հատված, որտեղ բեռնատարներն էին, այցելեց նաև հումանտար կայան, ապա շարունակեցին ու Գորիսում ասուլիս տեղի ունեցավ։ ԼՂ ժողովրդին օգնության հումանիտար կայանի բացման մեկնարկը երեկ էր։ Ֆրանսիական պատվիրակությունը, միջազգային ու տեղական լրատվամիջոցները այցելեցին կայան, տեղում ծանոթացան իրավիճակին։ Սա նաև խորհրդանշանական վայր է՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի»,– ասում է Վարդան Սարգսյանը։
Ֆրանսիայից Կոռնիձոր է հասել հիմնականում չփչացող սննդամթերք, մանկական կեր, կաթի փոշի, բայց նաև գեներատորներ, արևային պանելներ, այսինքն՝ այն ամենը, ինչը հնարավորություն կտա դիմադրելու։ Այն, որ Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար բեռներն Արցախ մտնեն, ունի նպատակ՝ արձանագրում է Հայաստանի վարչապետը։
«Սա նշանակում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությամբ Ադրբեջանը շարունակում է սովամահության միջոցով Լեռնային Ղարաբաղի հայերին ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը։ Այս քաղաքականության հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղը հայերից մաքրելն է» ։
Մոտ 9 ամիս 120 հազար հայի սովամահության հասցրած թշնամին կանգ չի առնում․ Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Բաքուն «սադրանք» է որակում առանց իր հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ բեռներ ուղարկելու փորձը։
Փոխարենը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների եւ ռազմական կցորդների ճանաչողական այց է կազմակերպում Աղդամ՝ ցույց տալու իր կողմից առաջարկվող օգնությունը, որը Ստեփանակերտը չի ընդունում։ Արցախցիներն Ասկերանի մատույցներում հերթապահություն են իրականացնում, վերահսկում են Ակնա-Ստեփանակերտ մայրուղու Ասկերանի հատվածը: Այստեղից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա են կայանված ադրբեջանական բեռնատարները՝ անհասկանալի բեռով ու նույնքան անհասկանալի հումանիտար կարգախոսներով: Արցախցիները թշնամուց օգնություն չեն սպասում։
«Մենք ընդհանրապես չենք ուզում, որ Ադրբեջանից ոչ մի ավտո մտնի Արցախ։ Մեզ ոչ օգնություն է պետք իրանցից, մենք ոչ էլ ուզում ենք առևտուր անել։ Մանավանդ այս ծանր իրավիճակում։ Թող տեսնեն, որ անգամ այս ծանր իրավիճակում մենք կարողանում ենք պայքարել։ Մեզ պետք չի իրանց սնունդը։ Եթե անգամ իրանք, կամ իշխանությունը ուզենա բացի, մենք՝ ժողովուրդս այստեղից դուրս չենք գալու։ Արցախ ոտքի հայ ազգ ոտքի»։
Ռուս խաղաղապահների հենակետի Ակնայի կողմում ադրբեջանական բեռնատարներն են և վրաններ՝ «Կարմիր մահիկ» կազմակերպության տարբերանշանով, հենակետից այս կողմ՝ 500 մետրի վրա, արցախցիների վրաններն են։ Ակնայի մոտ իրավիճակը սրվում է։ Զոհված զինծառայող Արթուր Խաչատրյանի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, սոցիալական ցանցերում կոչ է անում ասկերանցիներին ավելի շատանալ․ «Եկեք իրանք շատանում են, եկեք տեսնենք՝ ինչ է լինելու»։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Արցախի իշխանությունների հասցեին։ «Ադրբեջանական Կարմիր մահիկի կողմից մատակարարված ցորենի ալյուրի մերժումն արտադրության ծագման պատճառով (Ադրբեջան) ռասիզմ է, որը հետապնդվում է անօրինական խամաճիկային ռեժիմի կողմից։ Ադրբեջանն այլևս չի կարող հանդուրժել իր հողի վրա «գորշ» անվերահսկելի գոտին։ Անօրինական ռեժիմը պետք է լուծարվի և զինաթափվի»,- սպառնացել է Հաջիևը X-ում արված գրառմամբ։
Արցախում սրված հումանիտար ճգնաժամին անդրադարձել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը՝ իր X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում․
«Ավելի քան 120 հազար էթնիկ հայ անելանելի իրավիճակում է հայտնվել Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պատճառով»,- նշել է սենատորը, հավելել՝ Արևմուտքն էլ հավանություն է տալիս դրան: «Ամոթ է»,- նշել է Հուսակոսը:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ներառված է ԵՄ արտգործնախարարների հանդիպման օրակարգում՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը։ Աննալենա Բերբոքը նշել է, որ նախաձեռնությունն իրենն ու ֆրանսիացի գործընկերոջն է՝ Կատրին Կոլոննայինը։ «Մարդկանց վիճակն այնտեղ աղետալի է: Մենք դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին հրատապ կոչով. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերջապես ստանա այն, ինչ նրան պետք է ապրելու համար։ Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության տեղափոխման համար»,- ընդգծել է Բերբոքը: Նա նաև հայտնել է, որ արդեն մի քանի օր քննարկումների մեջ են ամերիկացի գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելը երաշխավորելու համար: