ԿարևորՀասարակություն

Արցախում դասերը կսկսվեն ինչպես միշտ՝ Արցախի օրվա նախորդ օրը

Արցախի ուսումնական բոլոր հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը։ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ հնարավոր ամեն ինչ արվել է շրջափակման պայմաններում ուսումնական գործընթացի մեկնարկը նախապատրաստելու համար։ Կառույցի որոշմամբ՝ դասապրոցեսը հարմարեցվել է Արցախում ստեղծված իրավիճակին՝ դասերը կսկվեն մի փոքր ուշ, կավարտվեն շուտ, դասաժամերը 35 րոպե կտևեն։

Արցախցի ուսուցիչ Սերինե Ամիրջանյանը դպրոցից արդեն տուն է շտապում։ Սեպտեմբերմեկյան փոքրիկ միջոցառմանն են պատրաստվում։ Վաղվանից ամեն օր ոտքի ճանապարհով պետք է հասնի դպրոց։ 50 րոպե տևողությամբ ճանապարհն այսօր հաշվել է՝ անցնում է  8961 քայլով։

«Փորձում ենք կազմակերպել այնպես, որ երեխաների օրը մի փոքր տոն դառնա։ Վաղն առաջին դասարանցիները չզգան այդ տխրությունը»։

Երեք երեխաների մայրն ինքն էլ է գիտակցում շրջափակման պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման դժվարությունները։ Սակայն կփորձեն ամեն ինչ անել, որ երեխաների համար կրթություն ստանալը  հոգս չդառնա։

«Քանի որ երեխաները տարբեր վայրերից են հաճախելու դպրոց և հանրապետությունում տրանսպորտ չկա, դասերը կսկսվեն մեկ ժամ ուշ և կավարտվեն ավելի շուտ։ Դասաժամերը դարձել են 35 րոպե»։

Ուսուցիչները կփորձեն աշակերտների օրը տոն դարձնել, սակայն դպրոցահասակ երեխաների ծնողների գործն ավելի բարդ է՝ դպրոց գնալուն պատշաճ պատրաստվել չեն կարողանում։ Նորագյուղից Արմինե Հայրապետյանը երկու որդիների հետ օրերս մի կերպ է հասել Ստեփանակերտ՝ սեպտեմբերմեկյան փոքրիկ առևտուր անելու։ Բայց տուն են վերադարձել դատարկաձեռն։ Թե՛ հագուստի, թե՛ գրենական պիտույքների խանութները դատարկ են եղել։

«Ինչ ունենք, լվանալու ենք, հագցնենք, բայց այստեղ միայն հագուստի խնդիրը չի։ Խնդիրը սնունդն է, որը պետք է գտնենք, որ երեխաներին կարողանանք կերակրել ու ճանապարհել դպրոց։ Դպրոցների բուֆետները չկան, ինչպես են այդքան ժամ նստելու սոված»։

Սննդի, դիզվառելիքի պակասի պատճառով երեխաներին կրթությունից չզրկելու համար սկսվել է Արցախի համար կամավոր ուսուցիչների հավաքագրում։ Նման փորձ Արցախում արդեն երեք անգամ կիրառվել է։ Քանի որ 44–օրյա պատերազմից հետո Արցախի կրթությունը պարբերաբար խաթարվել է, «Մաթեմիկ» ՀԿ–ն իր թիմով նախաձեռնել է կամավոր ուսուցիչների հավաքագրման գործընթաց։ Ամբողջ աշխարհից  գտել են կամավոր ուսուցիչներ, որոնք երեխաներին դասավանդել են այս կամ այն առարկան՝ ասում է «Մաթեմիկ» ՀԿ հիմնադիր Տիգրան Առուշանյանը։ Հիմա էլ դիմում է արցախցի երեխաների կրթության կազմակերպման ցանկություն ունեցող բոլոր մասնագետներին։ Դիմել ծրագրին ու ապահովել նրանց գիտելիք ստանալու իրավունքով։

«Մենք ասում ենք, եթե դուք այս կամ այն առարկայի գիտակն եք, տիրապետում եք մաթեմատիկային, հայոց լեզվին, ռուսերենին, ընդհուպ մինչև ռազմագիտությանը, դուք կարող եք օնլայն Ձեզ և երեխաներին հասանելի ժամին կազմակերպել առցանց ուսուցումը»։

Ծրագիրը մանկավարժական փորձ չի պահանջում, արձագանք սպասում են  այս կամ այն առարկայի գիտակներից։ Պարտադիր պահանջ է, որ ուսուցիչներն ունենան 4-5 ամիս դասավանդելու պատրաստակամություն։ Առցանց  դասարանները կկազմվեն առնվազն երեք աշակերտից, նրանք  կլինեն համագյուղացիներ։

«Ինչու՞ նույն գյուղից պետք է լինեն։ Որովհետև մենք նախորդ տարի ունեցանք երեխաներ տարբեր գյուղերից։ Եվ լինում էր հոսանքը միգյուղում անջատվում էր, մուսում էր լինում, մյուսում անջանտվում էր էն մյուսում էր լինում ու այդպես խաթարվում էր պրոցեսը։ Արդեն կեսից փորձեցինք փոփոխություններ կատարել և ամեն խմբում լինեին նույն գյուղի երեխաներ։ Քանի որ շրջան–շրջան էին հոսանքազրկումներ լինում»։

Արցախի ԿԳՄՍ–ն հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշվել է սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը։ Ստեղծված ծանր պայմաններում տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը։

«Դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում»։

ՄԻՊ աշխատակազմն էլ  իր ուսումնասիրությունների արդյունքներով հրապարակել է Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում կրթական իրավունքի իրացման վիճակի և արձանագրված խոչընդոտների վերաբերյալ անգլերեն փաստաթուղթ։ Արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր՝ սննդի բացակայության պայմաններում աշակերտների և ուսանողների թերսնվածությունը, ուսումնական նյութերի, դասագրքերի և այլ օժանդակ նյութերի բացակայությունը, հանրային տրանսպորտի բացակայությամբ պայմանավորված ուսումնական պրոցեսի մասնակիցների տեղաշարժի խնդիրները, կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի պատշաճ պահպանության անհնարինությունը և այլ խնդիրներ։

Փաստաթուղթը  ներկայացվել է կրթության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։

Back to top button