Իրանն ակտիվացնում է ջանքերը նոր ձևավորվող տնտեսական աշխարհակարգում իր դերն ու տեղն ունենալու համար: Երկիրն օտարերկրյա բիզնեսի համար բացում է դռները, վերազինում ու գովազդում իր լոգիստիկ ուղիներն ու հատուկ տնտեսական գոտիները: Եվրոպայից դեպի Հնդկաստան գլոբալ առևտրային ուղու վրա կարևոր կանգառ կարող է դառնալ Հայաստանը: Դա է առիթը, որ 3-օրյա այցով մեր երկիր ժամանեց Իրանի նախագահի խորհրդականի գլխավորությամբ պատվիրակությունը՝ ցուցահանդեսի ու հայաստանցի պաշտոնյաների հետ հանդիպելու համար:
«Իրան՝ համաշխարհային առևտրի ծագող խաչմերուկ». այս խորագրի ներքո հարևան հանրապետության 8 ազատ տնտեսական գոտիներից 7-ը եռօրյա ցուցահանդեսով Երևանում էին:
Երկիրը թոթափում է արևմտյան պատժամիջոցների՝ տարիներ շարունակ պարտադրած պասիվությունն ու «թարմացնում» հարաբերությունները գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Ապացույցն Հայաստան ժամանած իրանական պատվիրակության մեծ ու ներկայացուցչական կազմն էր:
Իրանի նախագահի խորհրդական, ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի խոսքով՝ կազմակերպել են 2 միջազգային ցուցահանդես, որից 2-րդը՝ հենց Երևանում:
«Մեր ոչ նավթային արտահանումների 1/3-ն իրականացվում է հենց ազատ գոտիներով, դրանց միջոցով ներդրումային և առևտրային հարաբերություններ ունենք 20 երկրների հետ: Այժմ Չինաստանից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Բելգիայից, Իրաքից, Հայաստանից և Միացյալ Էմիրություններից մեր գոտիներում ունենք ներդրողներ»:
Ցուցահանդեսին 7 ազատ գոտիները ներկայացել էին ղեկավար կազմով, դրանցում գործող 54 ընկերությունների տաղավարներից շատերում գովազդային պաստառները հայերեն էին:
Մեզ ամենամոտը 55 հազար հեկտար տարածքով «Արաս» արդյունաբերա-առևտրային հատուկ գոտին է: Այն սահմանակից է Մեղրի ազատ տնտեսական գոտուն, բայց ի տարբերություն հայաստանյանի՝ արդեն ձևավորված ենթակառուցվածք է, ուր գործում են նույնիսկ ԲՈՒՀ-երի մասնաճյուղեր: «Արաս»-ում հարկային բացառիկ պայմաններով զբաղվում են քիմիական ու նավթագազային հումքի վերամշակմամբ, իսկ ջերմոցների խոշոր համախումբը գյուղատնտեսական ամենամեծ միավորն է Մերձավոր Արևելքում: Տարածքն արտահանման հնարավորություններ է առաջարկում ԵԱՏՄ և Պարսից Ծոցի երկրներ:
Հայ գործարարներին նոր դարպասներ է խոստանում բացել նաև Իրաքին ու Քուվեյթին սահմանակից «Արվանդ» ազատ գոտին: Տեղանքում կա միջազգային օդանավակայան, երկաթգիծ, հարակից Աբադանի ու Խորեմշեհրի նավահանգիստներն էլ ամենամեծն են Իրանում: «Արվանդի» ներդրումային գծով տնօրեն Ռոուհոլահ Թեհրանին ասում է՝ մենք լավագույն ուղին ենք առաջարկում բիզնեսի և առևտրի առումով Իրաքի ամենախոստումնալից Բասրե քաղաք հասնելու համար:
-Ազատ տնտեսական գոտու արտադրական հատվածում ամենաշահութաբեր ընկերությունները որո՞նք են և ինչո՞վ են զբաղվում:
— Ամենախոշորները զբաղվում են պողպատի, նավթի և այլ հումքատեսակների վերամշակմամբ:
-Այսինքն Հայաստանից կարող են որևէ հումք տեղափոխել, տեղում վերամշակել, ազատված լինել հարկերից, ու այնտեղից արտահանել մոտակա երկրնե՞ր: Ի՞նչ է հարկավոր այնտեղ ներկայանալու համար:
-Նախ հարկավոր է գրանցել ընկերություն, ունենալ բիզնես պլան, որում կնշվի, թե որ հումքատեսակն եք ցանկանում բերել, դրանից ելնելով մենք կարող ենք գործարանի համար տարածքը նույնիսկ ապառիկ վաճառել կամ տրամադրել վարձակալության: Գործարանի կառուցումից հետո կարող եք ծավալել արտադրություն՝ ազատված լինելով հարկերից:
Հատկանշական 3-րդ ազատ գոտին Չաբահարն է: Այն Իրանի միակ օվկիանոսային նավահանգիստն է, որը կարող է դառնալ համաշխարհային առևտրի խոստումնալից ուղի: Դրա վերազինման գործին այժմ մասնակցում է Հնդկաստանը: Հնդկաստանի վարչապետ Մոդին անձամբ է հարցը քննարկում Իրանի նախագահ Ռաիսիի հետ:
Չաբահարի գովազդային պաստառին պատկերված է ճանապարհ, նշված քաղաքների հերթականությունն է՝ Մոսկվա, Երևան, Մեղրիով դեպի «Արազ» գոտի, հետո Թեհրան, Չաբահար ու այնտեղից էլ ջրային ճանապարհով՝ Մումբայ: Սա թերևս այն ուղին է, որով Հայաստանը կարող է կապվել Հնդկաստանի կողմից նախանշվող գլոբալ առևտրային ուղուն:
Իրանում Հայաստանի Հանրապետության առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը շեշտում է՝ գոտիներից յուրաքանչյուրը Հայաստանի համար առանձին հետաքրքրություն ունի:
«Բնականաբար, լոգիստիկ առումով եթե նայենք, մեզ ավելի մոտ ու սահմանակից է Արազ ազատ տնտեսական գոտին: Հայ ներդրողների, բիզնեսմենների համագործակցությունը կարող է լինել ոչ միայն Արազի, այլև մյուս տնտեսական գոտիների հետ: Ինչպես գիտեք, մենք՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, միակն ենք, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, որի մասին մեր հանդիպումներում մատնանշում ենք: Փոխադարձ շահը ես տեսնում եմ՝ համատեղ տնտեսական ծրագրեր իրականացնելով և համատեղ արտադրություն հիմնելով»:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ 2020-2022 թվականներին Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է՝ 400 մլն դոլարից դառնալով 720 մլն դոլար: Բայց այս տարի առևտրի աճը դանդաղել է՝ առաջին 7 ամիսներին գրանցելով ընդամենը15% աճ: Սա նշանակում է, որ 2 երկրների առջև դրված 3 միլիարդ դոլար առևտրաշրջանառության ձգտելու համար պետք է բացահայտվեն նոր հնարավորություններ: