Հաց չենք ուտի, բայց թշնամու ալյուրն էլ չենք ընդունի․ արցախցիները մերժում են Ադրբեջանի օգնությանը


Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 495 մլն ԱՄՆ դոլարի վնաս։ Արցախի տեղեկատվական շտաբը նոր տվյալներ է հրապարակել։ Ութ ամսից ավելի Արցախը շրջափակման մեջ է։ Հունիսի 15–ից արցախցիները կրկնակի պաշարման մեջ են։ Սպառման եզրին են սննդամթերքի առանց այն էլ սուղ պաշարները։ Անգամ այս պայմաններում արցախցիները հրաժարվում են ընդունել Ադրբեջանի օգնությունը։
Ինչ տեսնում ենք, գնում ենք. Արցախում այդ տրամաբանությամբ են ապրում։ Մարդկանց անհրաժեշտ է ամեն ինչ, բայց խանութներն են դատարկ։ Վերջին երեք ամսում սպառվել են բոլոր պաշարները։ Դժվար է նկարագրել այն, ինչ այժմ կատարվում է Արցախում՝ ասում է Նարինե Քոչարյանը։
«5 օր է՝ ձեթ չունենք։ Մի փոքր միս ունենք, իր ջրով եփում եմ, կարտոֆիլ, լոլիկ կխառնեմ։ Խաղողն է, որ կա, գնում ենք առանց որևէ հերթի։ Հիմա այնպիսի վիճակ է, որ ինչ տեսնում ենք, գնում ենք։ Պետք է, պետք չի՝ կարևոր չէ»։
Այսօրվա ճաշացանկում ջեռոցի կարտոֆիլն է։ Քիչ քանակությամբ հնդկաձավարն ու բրինձը Նարինեն ավելի նեղ օրվա համար է պահել։ Այս պաշարով էլ երկու կամ երեք օր կդիմանան։ Արցախում հացի խնդիրն է սուր։
«Նույն հացի փռում երկու տարբեր հերթերում ենք եղել։ 5․30–ից ամուսինս էր գնացել, հետո տղաս գնաց, քանի որ ամուսինս ծառայության էր։ Ի վերջո, երեխային հաց չի հասել։ Գնացել է հաջորդ փուռը, երեք հատ լավաշ է առել։ Հացը մեկ հատ են տալիս։ Մեր ընտանիքը երեք հոգուց է բաղկացած։ Մեզ բավարարում է, բայց ի՞նչ անեն բազմանդամ ընտանիքները»։
Հացը չի բավարարում Իրինա Առուստամյանի բազմանդամ ընտանիքին։ Երկուսն էր քիչ, այժմ մեկական են վաճառում։ Զրուցակիցս մինչև մոտ մեկ ժամ ոտքով Ստեփանակերտի մի ծայրից մյուսը՝ աշխատավայր հասնելը լուսացնում է հացի փռում։ Հարցը կարգավորվել է, բայց ոչ ամբողջությամբ՝ ասում է։
«Քանի որ վառելիքի պատճառով հացը խանութ չի հասնում, գնում ենք, փռերից ենք վերցնում։ Գիշերն ենք կանգնում, առավոտն ենք կանգնում։ Հետո գալիս ենք տուն, նախաճաշելու բան չկա։ Պետք է գնանք հերթ կանգնենք, որ թթվասեր վերցնենք, չի ստացվում, քանի որ աշխատում ես։ Օրդ հերթերում ես անցկացնում»։
Օրերով հերթ կանգնելու, բայց հաց չգնելու մասին դժգոհությունների պակաս սոցիալական ցանցերում չկա։ Արցախցիները պահանջում են, որ հացը կտրոնով վաճառվի։
«Հասկանում ենք որ հացի խնդիր կա, բայց դա չի նշանակում, որ պարապ մարդիկ օրեկան 10 անգամ հերթագրվեն հաց առնեն, իսկ զբաղվածություն ունեցող մարդիկ 3 օր առանց հացի մնան, խնդրում և պահանջում ենք , եթե մեկ հացի ¼–ն է հասանելի , պետք է կտրոնային համակարգ անհապաղ ։ Հանրային պահանջ է»։
ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում, ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Ուստի՝ սկսել են յուրաքանչյուր ընտանիքի մեկական հաց վաճառել։ Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը: Ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ են փնտրում։ Աշխատում են եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են:
Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության ֆոնին Ադրբեջանը որոշել է օգնություն ուղարկել Ստեփանակերտ։ Արցախցիները նախընտրում են քաղցած մնալ, բայց չօգտվել թշնամու առաջարկից։
«Ես ինչքան էլ բնութագրեմ, ինչքան էլ ներկայացնեմ այն պատկերը չեք ստանա , ինչ կա իրականում։ Ալյուրը բերել, այնտեղ կանգնացրել են։ Ես դա չեմ ուտի, ավելի լավ է մահանամ, քան ուտեմ դա։ Սա միակ հարցն է,որը բոլորը դեմ են, համաձայն եմ չուտել,հաց չունենալ, բայց այլ ալյուրը այստեղ չմտնի»։
Արցախի կառավարությունը պատրաստ է մթերել ցորենի բերքը. նախարարությունը հողօգտագործողներին հորդորում է անմասն չմնալ հայրենակիցներին հացով ապահովելու գործից։ Իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների մասին Արցախում վաղուց են մոռացել՝ լվացքի փոշի, լոգանքի գել, անձեռոցիկ։ Շրջափակումը նրանց ավելի հնարամիտ է դարձել․ օճառից Նարինեն լվացքի համար անհրաժեշտ հեղուկ է ստանում՝ ջուրն ու սոդան խառնելով և եփելով։ Երբեմն հումորը փրկում է իրավիճակը։ Ասում է՝ վերջում բիզնես կդնի։