ԿարևորՔաղաքական

Նոր դիվանագիտական նախաձեռնություն, Լաչինի միջանցք այցելելու պատրաստակամություն․ ինչ է առաջարկում Փարիզը

ԼՂ ճգնաժամի հարցը ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Ֆրանսիայի նախագահի հետ հեռախոսազրույցում։

Նախօրեին Էմանուէլ Մակրոնը հայտարարել էր Լաչինի միջանցքում ստեղծված կացությունն առաջիկա օրերին Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ քննարկելու և նոր դիվանագիտական նախաձեռնությամբ հանդես գալու մտադրության մասին։

Փարիզում կայացած դեսպանների այդ հավաքի ժամանակ  Ֆրանսիայի արտգործնախարարԿատրին Կոլոնան էլ շեշտել է, որ Ֆրանսիան մոբիլիզացվում է հանուն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության, որպեսզի ուժասպառ անի այն ռազմավարությունը, որի նպատակն է հրահրել հայերի զանգվածային արտագաղթ ԼՂ-ից։

Դիվանագիտական նոր նախաձեռնությամբ ներկայանալու մասին հայտարարություն՝ Մակրոնից․ Երևանից Հակարիի կամուրջ հումանիտար բեռներն ուղեկցելու պատրաստակամություն վաղը Հայաստան ժամանող  Փարիզի քաղաքապետից։ Որքանո՞վ ծանրակշիռ կլինեն Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող քայլերը գետնի վրա իրավիճակ փոխել ու համար, այն դեպքում, երբ Բաքուն անդրդվելի է Բերձորի միջանցքը բացելու և հումանիտար բեռների տեղափոխումը թույլ տալու հարցում։ Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը <Ռադիոլուրի> հետ զրույցում փաստում է՝ Փարիզը մեծ ակտիվություն է դրսևորում և պետք է հնարավորություն տալ Ֆրանսիային՝ օգնելով և ոչ թե խանգարելով․

«Եթե մենք ուզում են Ֆրանսիային այս հարցում օգնել, որ մեր կաշին փրկի, առաջին հերթին արցախցիների, մենք պետք է ընդառաջ քայլեր գոնե անենք։ Օրինակ մենք պետք է Ֆրանսիայի հետ բանակցություններ սկսենք, որ մեր երկու երկրների միջև ունենանք ռազմավարական դածնակցության պայմանագի, գոնե քաղաքական մակարդակում։ Սա անհրաժեշտ քայլ է»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս շաբաթ մտադիր է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ և ներկայանալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»: <Մենք կպահանջենք Լաչինի մարդասիրական միջանցքի հարցում պայմանավորվածությունների պահպանում, ինչպես նաև կներկայանանք միջազգային թատերաբեմում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Բաքվի վրա»,-ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով դեսպանների ամենամյա մամուլի ասուլիսում:

Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ սա այն է, ինչի մասին վերջերս հայտարարություն տարածվեց պաշտոնական Փարիզից. «Կարող եմ ենթադրել, որ ՄԱԿ ԱԽ-ում բանաձև է առաջարկելու, դրա մասին արդեն գրվել է Ֆիգարոյում։ Կարող է որպես միջնորդ երկիր ներկայանալ  հիշենք որ փաստաթղթում կա երեք միջնորդ երկիր ղարաբաղյան խնդրում՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։ Եվ ՄԽ որևէ մեկը չի չեղարկել»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը կարծում է, որ Մակրոնը լուրջ առաջարկ է անելու, որը կարող է նաև զարմացնել Ալիևին։

«Կարծում եմ, որ նա չի կարող անել այնպիսի առաջարկ, որով կոնֆլիկտի հանգուցալուծումը այս պահին տեղի ունենա։ Կարծում եմ , որ հումանիտար ճգնաժամը կառավարելու այնպիսի առաջարկ է նա անելու, որով Ադրբեջանի նախագահը գուցե և համաձայնվի։ Քանի որ խոսք կա Լաչինի ճանապարհի հետ համատեղ Աղդամի ճանապարհի բացման և շահագործման մասին, գուցե Մակրոնը առաջարկի որոշակի միջամտություն՝ զինվորականների տեսքով, կամ քաղաքացիական առաքելության տեսքով, որոնք կտեղակայվեն այդ հատվածում և կիրականացնեն հսկիչ աշխատանքներ։ Եթե դա դիտարկվի Աղդամի ճանապարհի հետ համատեղ, նաև այնտեղ կարող են տեղակայվել»։

Սրան զուգահեռ տեղեկություն տարածվեց, որ Փարիզից և մի քանի այլ շրջաններից Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի 30-ին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն օգոստոսի 30-ին կժամանի Հայաստան և անձամբ կուղեկցի Երևանից դեպի Լաչինի միջանցք ուղևորվող հումանիտար օգնության շարասյունը։

Ի՞նչ նշանակություն ունի այս քայլը և ի՞նչ կփոխի շրջափակված Արցախի կյանքում։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը սա զուտ ժեստ չի համարում, այն քաղաքական ու գործնական կարևոր քայլ է համարում։ Դավիթ Ստեփանյանի համոզմամբ էլ՝ Ֆրանսաիական բեռները առանց ֆրանսիական մամուլի չեն գա, և սա միջոցներից մեկն է աշխարհին տեղի ունեցողը ցույց տալու համար։

Back to top button