ԿարևորՀասարակություն

Արդյո՞ք Սիրիայի իշխանությունները չէին կարող կանխել Քեսաբի իրադարձությունները. Հակոբ Ավետիքյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանյան լրատվամիջոցները բավականին բուռն արձագանքեցին Քեսաբի դեպքերին` ի տարբերություն նմանօրինակ այլ դեպքերի ու իրադարձությունների: Այս կարծիքն է այսօր հայտնել «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը` խոսելով Քեսաբի դեպքերին հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումների մասին: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն էլ նույն առիթով նկատել է, որ վերջապես մենք ունեցել ենք ինչ-որ կերպ վստահելի աղբյուրներ Քեսաբից: «Դա եւ համայնքն էր, որ ճիշտ տեղեկատվություն էր տալիս, եւ այնտեղ մեկնած պատգամավորների խումբը, որ բավականին մեծ աշխատանք կատարեց: Այսպիսով, սահմանափակվեցին ապատեղեկատվության հնարավոր ալիքները»,-նշել է տեղեկատվական անվտանգության փորձագեը:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի գնահատմամբ` անհրաժեշտ բոլոր շեշտադրումները լրատվամիջոցները կատարել են եւ կատարում են: Ամբողջ հայությանը հաջողվեց հարցը հնչեցնել տարբեր ատյաններում, բայց, ըստ Հակոբ Ավետիքյանի, ներքին վերլուծության առումով մենք չկարողացանք բարձրության վրա գտնվել` հասկանալու, թե ինչու տեղի ունեցավ, ինչպես եւ ինչու ենք մենք միշտ արձագանքողի դիրքում գտնվում: Հակոբ Ավետիսյանի խոսքով` ինքը չունի նաեւ մի գլխավոր հարցի պատասխան:

«Արդյոք, իշխանությունները /Սիրիայի/ չէին կարող կանխել դա, թե թույլ տվեցին, որպեսզի քրիստոնեական աշխարհը ընդվզի այդ դեպքերից: Այս հարցի պատասխանը ես չունեմ»:
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը մեկ այլ հարց էլ հնչեցրեց. ինչու է միշտ ստացվում այնպես, որ դեպքերը կատարվում, ավարտվում են` հետո միայն մենք փորձում ենք հակազդեցություն ցույց տալ. «Ինչ վերաբերում է դեպքերը կանխելուն` այստեղ լրիվ անպատրաստ ենք»:

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով` դեպքերի մասին աշխարհին հասցնելու առումով մենք հաջողել ենք, սակայն` այդ ամենը կանգնեցնելու առոմով հարցեր ու խնդիրներ կան, քանի որ շատ բաներ կախված չեն Հայաստանից: Փորձագետի գնահատմամբ` այս անգամ Քեսաբի դեպքերի հետ կապված վստահելի աղբյուրներից մենք կարողացանք տեղեկություններ ստանալ: Սակայն, ցավոք, այդ ամենին, Ռուսաստանի եւ Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված, խառնվեց մասնավորապես ռուսական լրատվական դաշտը` լուծելով իր խնդիրները: Տեղեկատվական անվտանգության փորձագետը սա մի կողմից ձեռնտու է համարում, մյուս կողմից` վտանգավոր:

«Ձեռնտու է, որովհետեւ աղմուկը ավելին բարձրացավ եւ ռուսական լրատվամիջոցների շնորհիվ էլ տարածվեց եւ դժվար է, երեւի թե, գտնել որեւէ արտասահմանյան լրատվամիջոց, որը, այսպես թե այնպես, այս հարցին անդրադարձած չլինի: Մյուս կողմից` ինչպես միշտ հասկանում ենք, որ գլոբալ առումով Ռուսաստանը շահագրգռված է ոչ թե Քեսաբի հայերի կյանքով, այլ` ուղղակի ինքն իր հարցերն է լուծում»:

Այստեղից էլ բխում է վտանգը, տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքով, օրինակ, երեկվա ռուսական լրատվամիջոցների տարածած տեսանյութը, որը բացարձակապես կապ չուներ Քեսաբի հայերի հետ, սակայն վերնագրված էր «Հայերի գնդակահարությունը Քեսաբում»: Պետք է պարզապես զգույշ ու զգոն լինել` հորդորեցին օրվա բանախոսները: Առավել եւս, ինչպես նկատեց Հակոբ Ավետիքյանը, վերջին երեք ամիսներին քարոզչական պայքարը չափազանց սրվել է ու այդ թոհուբոհում ծանրակշիռ խոսք ասելու եւ ուղորդելու զենքը մենք չունենք: Սակայն, նրա խոսքով, պետականորեն միջոցներ են պետք դրան հասնելու համար:

Տեղեկատվական անվտանգության փորձագետի դիտարկմամբ էլ` հայերը գլոբալ լրատվական դաշտում բավականին ազդեցության լծակներ ունեն ու պարզապես պետք է բոլորի հետ լրջորեն աշխատել: Մինչդեռ, փորձագետի գնահատմամբ, Հայաստանի արտգործնախարարությունն իր ունեցած կարողությունների նույնիսկ 10 տոկոսը չի կարողանում ճիշտ օգտագործել: Ամբողջացնելով ասվածը` Հակոբ Ավետիքյանն էլ ձեւակերպեց, թե եւս մեկ անգամ ցույց տրվեց տկարություն:

Back to top button