ԿարևորՀասարակություն

Երեք փլուզում երեք տարում՝ Խոտ-Որոտան ճանապարհին

Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածը վերջերս փլուզվել էր։ Պատճառը սողանքային գոտին է ու այդ հատվածում հողի գերխոնավեցումը։ Սա փլուզման արդեն երրորդ դեպքն է այս ճանապարհին։ Նախորդից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել էր, խնդրով մասնագիտական հանձնաժողովն էր զբաղվում։ Այս տարի նախատեսվում է 10 կմ երկարութամբ ճանապարհի 8 կիլոմետրանոց հատվածում ավարտել ասֆալտապատումը, իսկ վերջին 2 կմ–ի անցանելիությունն ապահովել հողայինով։

Սյունիքում այլընտրանքային վեց ճանապարհների կառուցումը գրեթե ավարտված է։  Խնդիրներ կան Խոտ-Որոտան հատվածում։ Տարածքը սողանքային է, օրերս մամուլը գրել էր,  որ նոր կառուցված ճանապարհը քանդվում է։ «Ճանապարահային դեպարտամենտ» հինմադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում բացատրում է։

«Եթե բնակիչներն ասում են, որ սողանք կա, դա նշանակում է, որ շինարարության  որակի մասին չէ խոսքը։ Դա բնական աղետ է, որը շինարարության որակի հետ կապ չունի»։

Խոտ-Որոտան նոր ճանապարհով  Խոտ գյուղի բնակիչները կկարողանան  հասնել Գորիս, Կապան, Քաջարան և Մեղրի։ Ճանապարհի երկարությունը 10 կմ է։  Այստեղ աշխատանքները սկսելիս շինարարները ոչ թե մեկ, այլ երկու սողանքի են հանդիպել՝ ասում է «Ճանապարահային դեպարտամենտ» հինմադրամի տնօրենը։

«Մեկը դեռ ունեցանք 2020 թվականի ավարտին, իսկ երկրորդը՝ 2022–ին։ Ծավալները մեծ են, որտեղով անցնում էին այդ գոտիները։ Մեր նախագիծն էլ ի սկբզանե նախատեսված էր, որ ճանապարհն այդ հատվածով է անցնելու։ Նախարարի հրամանով հանձնաժողով ստեղծվեց՝ տարբեր ոլորտների մասնագետների ներգրավմամբ, միասին էին աշխատում»։

Մինչ մասնագետները փորձում էին հասկանալ պատճառները՝  հերթական փլուզումը գրանցվեց այս տարի։ Նախնական գնահատականներով՝ պատճառը Տաթև ՀԷԿ–ի ջրերն են։

«Մեր կարծիքով՝ գերխոնավացած հատված էր, երբ ճանապարհի մի կտորը փլուզվեց։ Մոտ մեկ շաբաթ կտրվեց կապը Խոտի ու Որոտանի միջև։ Այդ հատվածում բավականին ջրային զանգված՝ մոտ 50 մ շարժվեց, վնասեց ճանապարհն ու իջավ ներքև»։

Այս տարի նախատեսում են 10 կմ երկարութամբ ճանապարհի 8 կմ հատվածում ավարտել ասֆալտապատումը, իսկ  վերջին  2 կմ–ի  անցանելիությունը հողայինով ապահովել: Այս հատվածում հիմնական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի։ Գոռ Ավետիսյանը դժգոհություններին ըմբռնումով է մոտենում։

«Տեղանքը իսկապես շատ բարդ է։ Հողային, ինժեներական բարդ աշխատանքներ են իրականացվում։ Այս պահին ձևավորված հանձնաժողով ունենք, որը պարբերաբար հանդիպում–քննարկումներ է անցկացնում, որ Խոտ-Որոտանին ճիշտ լուծում տանք»։

Լծեն-Տաթև տեղական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ավարտվել են: Շուրջ 20 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է գրեթե 8 մլրդ դրամ, միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: Ավարտվել են նաև Լծեն-Շամբ 6,15 կմ հատվածի շինաշխատանքները: Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 730 մլն դրամ: Նորավան-Շամբ ավտոճանապարհի 7,9 կմ հատվածի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են եւ ավարտին կհասցվեն մինչ տարեվերջ: Ճանապարհի հիմնանորգման ընդհանուր արժեքը 1 մլրդ 388 մլն դրամ է: Տանձավեր-Շուռնուխ 11 կմ երկարությամբ ավտոճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 476 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: 

Օրերս կառավարությունը շուրջ 9 մլրդ դրամ հատկացրեց 81 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման համար։ Խնդիրը, սակայն, ոչ միայն ճանապարհների կառուցումն է, այլև սպասարկումը, նաև դրանցով սահմանվածից ավելի ծանր մեքենաների երթևեկությունը։ Վարչապետն արձանագրում է․

«Անձրև է եղել, բնականաբար անձրևաջրերը ճանապարհին բերուք են լցրել։ Մեկ–երկու օր ոչ մի բան տեղի չի ունենում։ Տպավորություն է, որ բոլորը սպասում են, որ հաջորդ անձրևը կգա ու կմաքրի»։

Արմավիրում ու Սյունիքում ճանապարհներին կշեռքներ տեղադրված են։ Բայց պատասխանատուները գիտեն, որ Արմավիրի մարզում, օրինակ,  բեռնատարները համայնքային այլ ճանապարհներով են անցնում՝ առանց կշռվելու։  Այժմ, «Ճանապարահային դեպարտամենտ» հինմադրամի տնօրենի տեղեկացմամբ, նոր ու ժամանակակից լուծումներով կշեռքներ են փորձում ձեռք բերել։ Դրանք աննկատ կլինեն, ու վարորդները շրջանցելու հնարավորություն չեն ունենա։

Back to top button