ԿարևորՄիջազգային

ԱՀԿ-ն հայտնում է որոշ երկրներում կորոնավիրուսից մահերի թվի աճի մասին

Կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացումներն ու մահացությունները աճում են որոշ
երկրներում՝ աշխարհում հիվանդացության ընդհանուր նվազման ֆոնին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նման իրավիճակում կոչ է անում ուժեղացնել համաճարակաբանական հսկողությունը և տեղեկատվության փոխանակումը` գնահատելու համար կորոնավիրուսի նոր շտամների տարածման հետ կապված ռիսկը, Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նա ընդգծել է, որ հիվանդությունը «մնում է առողջության համար գլոբալ սպառնալիք»: «Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր պետություններին ուժեղացնել հսկողությունը, տրամադրել տեղեկատվություն, որպեսզի կարողանանք գնահատել նոր շտամների [տարածման] ռիսկը, ինչպիսիք են EG.5 և BA.2.86», — ասել ՝ Գեբրեյեսուսը:

Այսօր Ժնևում հրապարակված ԱՀԿ փաստաթերթում ասվում է, որ հուլիսի 24-ից օգոստոսի 20-ը աշխարհում ավելի քան 1,47 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ ավելի քան 2000-ը մահացել է: Վարակվածների թիվը նախորդ 28 օրվա համեմատ աճել է 63%-ով, իսկ մահացությունների թիվը նվազել է 48%-ով։ Ութ երկիր հաղորդել է հոսպիտալացման 20 և ավելի տոկոս աճի մասին: Դրանց թվում են Բանգլադեշը, Հունաստանը, Իսլանդիան, Մեքսիկան և ԱՄՆ-ը։

Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսի EG.5 շտամի շարունակական տարածման վրա։ Օգոստոսի 24-ի դրությամբ այն հայտնաբերվել է 53 երկրում։ Մեկ շաբաթ առաջ այդպիսի 50 երկիր կար։

Covid-ի հետ կապված արտակարգ դրությունը համաշխարհային առողջապահությունում գործում էր 2020 թվականի հունվարի վերջից մինչև 2023 թվականի մայիսի 5-ը։ 2020 թվականի մարտի 11-ին ԱՀԿ-ն COVID-19-ի բռնկումը որակեց որպես համաճարակ։ Կազմակերպության կայքում 2023 թվականի օգոստոսի 16-ի տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 769 806 130 դեպք, մահացել է 6 955 497 մարդ։ Գեբրիեսուսը մայիսի 5-ին Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է, որ մահերի թիվն իրականում կազմում է առնվազն 20 միլիոն:

Back to top button