Էքսպո 2023–ին իրանցի գործարարները 10 մլրդ դոլարի ներդրումային փաթեթ են ներկայացնում


Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և շեշտել՝ մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ։ Իրանի համար սկզբունքային է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը՝ վստահեցրել է դեսպանը։ Նա այսօր մասնակցել է Երևանում իրանական տնտեսական ցուցահանդեսի բացմանը։
Միայն անվտանգությունը չէ, որ նպաստում է տնտեսության զարգացմանը։ Տնտեսությունը զարգացնես, դրանից կբխի նաև անվտանգությունը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Մենք ձեզ հետ ենք՝ հավելեց դեսպանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը ներկայում 700 մլն դոլար է կազմում, սակայն երկրներն իրենց առջև նպատակ են դրել ցուցանիշը հասցնել 3 մլրդ դոլարի։ Այս նպատակին հասնելուն է միտված նաև Իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու կազմակերպության՝ առաջին անգամ Հայաստանում նախաձեռնած Էքսպո-2023 ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին մասնակցում է Իրանի 7 ազատ տնտեսական գոտիների մոտ 60 կազմակերպություն և շուրջ 50 ընկերություն Հայաստանից։ Հայաստանում Իրանի դեսպանը կարծում է, որ այս նախաձեռնությունը կնպաստի նաև Հայաստան-Իրան հարաբերությունների դիվերսիֆիկացմանը։
Չնայած նախորդ երկու տարիներին Հայաստանի և Իրանի առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է, այնուամենայնիվ նկատելի է, որ աճի տեմպերը դանդաղել են։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ անհրաժեշտ է նոր հնարավորություններ գտնել և երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի թիրախին, որը նախանշել են երկու երկրների ղեկավարները։
«Մենք տեսնում ենք, որ ազատ տնտեսական գոտիների մեջ կամ միջոցով համագործակցությունը նոր թափ կտա երկկողմ առևտրաշրջանառության և համագործակցության ավելացմանը»։
Ցուցահանդեսում իրանական ընկերությունները ներկայացնում են արտահանման հնարավորությունների փաթեթներ։ Իրանի ազատ առևտրի գոտիների գերագույն խորհրդի քարտուղար, Իրանի նախագահի խորհրդական Հոջաթոլլահ Աբդոլմալեքին մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցահանդեսի շրջանակում ներկայացնելու են 10 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային փաթեթներ։
«Ազատ գոտիները համարվում են Իրանի տնտեսական կամուրջները և ներդրումային ու առևտրային հարաբերություններ ունեն աշխարհի 20 երկրի հետ։ Իրանի ազատ գոտիներն ունեն 5 առավելություններ, որոնք, կարծում եմ, կհետաքրքրեն նաև Հայաստանի գործարարներին և, համոզված եմ, որ շահութաբեր կլինեն նաև նրանց համար»։
Իրանցի ներդրողներն այսօր Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են՝ Ռուսաստանից հետո։ Վահան Քերոբյանի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակում միայն իրանցի ներդրողների կողմից շուրջ 300 ընկերություն է բացվել։ Նախարարը կարծում է, որ տեմպը լավ է, սակայն, այն էլ ավելի մեծացնելու հնարավորություն կա, որը պետք է օգտագործել։
«Ցուցահանդեսը թույլ է տալիս, որ մենք նորովի բացահայտենք իրանի հնարավորությունները հայ ներդրողների համար, Հայաստանի հնարավորությունները իրանցի ներդրողների համար և ընդհանուր առմամբ՝ երկկողմ համագործակցության հեռանկարները»։
Հայ-իրանական համագործակցության հեռանկարները միայն երկկողմ ձևաչափով չէ, որ զարգանալու հնարավորություններ ունեն։ Ներկայումս ԵԱՏՄ երկրների միջև դիրքորոշումներ են համաձայնեցվում, որից հետո, Քերոբյանի փոխանցմամբ, կստորագրվի համաձայնագիր, որում Հայաստանի դերը զգալիորեն կընդլայնվի՝ որպես ԵԱՏՄ-ի և Իրանի կապն ապահովող միակ ցամաքային սահման ունեցող երկիր։ Բացի դրանից՝ Պարսից ծոց-Սև ծով ուղղությամբ է ծրագիր մշակվում։ Ծրագիրը շուտով Հայաստանը կներկայացնի Իրանի, Հնդկաստանի և Վրաստանի գործընկերներին։ Նպատակը Հնդկաստանը Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջոցով եվրոպական երկրներին կապելն է։ Նախարարը վստահ է, որ այս ճանապարհը կապահովի բեռների համեմատաբար արագ տեղափոխումը Հնդկաստանից Եվրոպա։