
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Օրերս Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում անցկացվեցին հանրային լսումներ, որտեղ գյուղացիները ընդդիմացան մերձագայքում գործող Թուխմանուկի ոսկու հանքավայրի նոր պոչամբար բացմանը: Ըստ բնապահպանների՝ նախկինում պոչամբարների շահագործման արդյունքում այստեղ տիրում է խայտառակ բնապահպանական և առողջական իրավիճակ։
Թեպետ համայնքի տարածքում գործում է արդյունաբերական ձեռնարկություն, այնուամենայնիվ այնտեղ տիրում է բավականին մտահոգիչ պայմաններ, այսօր վկայեց լսումների մասնակից, էկոլոգիական հասարակական դաշինքի անդամ Գրետա Գաբրիելյանը: Գյուղացիներին մտահոգել է հանքավայրի շահագործման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչը ստիպել է նրանց ընդդիմանալ դրա ընդլայնմանը:
Ի հայտ եկած բնապահպանական և առողջական խնդիրները առաջացել են վերջին տարիներին բացված պոչամբարների շահագործման արդյունքում: Հիմա անհրաժեշտություն է ծագել նոր պոչամբարի՝ 6-7 հա տարծքով: Գրետա Գաբրիելյանը ցավով արձանագրեց, որ հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական եզրակացությունները, տրված պատկան մարմինների կողմից, շատ հաճախ կրում են իմիտացիոն բնույթ, դրանց հեղինակները շատ հաճախ չեն էլ ծանոթանում տեղանքին և կատարվող աշխատանքների ընթացքին:
Նոր պոչամբարի պարագայում թերևս նման ձևական մոտեցում չի իրականացվի՝ շնորհիվ լայն հասարակական հնչեղության: Բնապահպանը հույս հայտնեց, որ ներկայացված նախագիծը կստանա բացասական եզրակացություն։ Եթե նախկինում հանքը շահագործվում էր փակ եղանակով, ապա վերջին տարինիներին աշխատանքները տարվում էին բաց, օգտագործված պոչամբարներն էլ ռեկուլտիվացված չեն, ինչի արդյունքում ի հայտ եկան աղետալի հետևանքներ:
Բնապահպանները առաջարկում են հարցի շուրջ անցկացնել նաև խորհրդարանական լսումներ՝ ոլորտում չարաշահումներից խուսափելու համար:




