
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Այն դեպքում, երբ հարեւան պետություններում տարբեր քաղաքական խնդիրներով պայմանավորված փակվում են համացանցի սոցիալական կայքերը եւ լրատվամիջոցները, այսօր Հայաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել նոր ձեւով կարգավորել լրագրողների աշխատանքը: «Վիրավորանքը եւ զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները եւ առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով խորհրդարանական լսումներին, սակայն, այսօր պարզվեց, որ նախագիծը փորձելու է կարգավորել ոչ միայն լրատվամիջոցների աշխատանքը, այլեւ` ձեւակերպումներից հասկանալի է դառնում, որ տեսականորեն խնդիրներ են առաջանալու նաեւ սոցիալական ցանցում ակտիվ օգտատերերի համար:
Խոսքն ինչպես անանուն աղբյուրին հղումով լուրեր տարածելու, այնպես էլ համացանցում հոդվածներից հետո օգտատերերի կողմից թողած մեկնաբանությունների մասին է: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է. լրագրողական կազմակերպությունները կարծում են, որ այսպիսի օրենքն ընդհանրապես պետք է հանվի շրջանառությունից։
Կազմակերպված խորհրդարանական քննարկումների ժամանակ նշված հանդուրժողականության բացակայությունը կրկին նկատվում էր, քանի որ հնչող քննադատություններին օրենքի համահեղինակները հանգիստ չէին վերաբերվում: Օրինակ` ԲՀԿ խմբակցության քարտուղար եւ նախկին լրագրող Նարա Զոհրաբյանը նմանատիպ օրենք մշակելու անհրաժեշտության մասին խոսելիս վկայակոչեց նույն անանուն աղբյուրները, ինչի դեմ էլ փորձում է օրինագծով պայքարել։
Հակառակ այս հայտարարությանը, սակայն, ոչ մի լրագրող, լրատվամիջոցի ներկայացուցիչ կամ խմբագիր այդպես էլ բարձրաձայն չհայտարարեց, որ պատգամավորներին դիմողներից մեկն ինքն է: Փոխարենը` Նաիրա Զոհրաբյանի գործընկեր` թե խորհրդարանում եւ թե լրատվական դաշտում, Մարգարիտ Եսայանը անկեղծորեն զարմանում է՝ նշելով, որ դեմ է օրինագծին։
Օրինագիծը շրջառանությունից ընդհանրապես հանելու առաջարկները խորհրդարանականների կողմից ընդհանրապես չեն քննարկվում: Գրեթե բոլորը համակարծիք են, որ վիրավորանքը եւ զրպարտությունը պետք է պատժվի:




