Տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստան է ժամանել Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը։ Երևանում նա հանդիպել է իր հայ գործընկերոջ՝ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ, խոսել Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերի մասին։ Երկու երկրների ԱԳՆ-ները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։ Բելգիայի ԱԳ նախարարը վստահեցրել է, որ երբ 2024 թվականի հունվարին Բելգիան ստանձնի ԵՄ նախագահությունը, ավելի մեծ ջանքեր կներդնի բրյուսելյան հարթակում ընթացող բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում։ Հաջա Լահբիբը հույս է հայտնել, որ բրյուսելյան խորհրդակցությունները շարունակվելու են և պատմական շրջադարձի են հասնելու։
Հայաստանը շահագրգռված է անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ, և բարձր է գնահատում բոլոր ջանքերը, որոնք արվում են այս մղումներից ելնելով, Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ միջնորդությունն առավել արդյունավետ կլիներ՝ Ռուսաստանի՞նը, ԱՄՆ-ի՞նը, թե՞ ԵՄ–ինը: Արարատ Միրզոյանի խոսքով՝ էական է, որ բոլոր հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն ու կյանքի կոչվեն իրական հողի վրա։
«Ցավոք, մենք մի քանի անգամ ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ հանդիպման ընթացքում ձեռք է բերվում պայմանավորվածություն, հետո գետնի վրա այդ պայմանավորվածությունը չենք տեսնում։ Օրինակ՝ մինչ այժմ մենք չենք լսել ՀՀ-ի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում, ինչը խիստ մտահոգիչ է և կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից։ Ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլև մենք ականատես ենք լինում ճիշտ հակառակ գործընթացներին»։
Ցավոք, ականատես չենք լինում նաև Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման՝ փաստում է Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ մինչ մենք խոսում ենք այն մասին, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը պետք է լինի կարգավորման մաս, և առանց դրա իրատեսական չէ ակնկալել երկարատև և կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, իրականության մեջ ականատես ենք լինում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով մի ամբողջ ժողովրդի սովամահության հասցնելու գործողությունների։ Նման պայմաններում միջազգային գործընկերներից ու միջնորդներից ակնկալիքը մեկն է՝ հոգ տանել, որ իրենց միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն՝ ասում է Միրզոյանը։
Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա լարվածությամբ և կարծում է, որ այս պատմական հակամարտությունից դուրս գալու ճանապարհը բանակցություններն են ու փոխզիջումները, նույնիսկ, եթե դժվար է դրանց հասնելը: Նա Երևանում է տարածաշրջանային այցով , հանդիպելու է նաև ադրբեջանցի իր պաշտոնակից հետ․
«Մասնավորապես՝ Շառլ Միշելի կազմակերպած բանակցությունների շրջանակում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են։ Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների սուվերենությունը և երկրների տարածքային ամբողջականությունը, և ես ողջունում ենք ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։ Այս հարգանքը պետք է տեղում հարգվի։ Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակչության իրավունքները պահպանել։ Հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվի։ Եվ ես ադրբեջանցի գործընկերոջս կհիշեցնեմ այդ մասին։ Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է, և երկու երկրների ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել երկու ժողովուրդներին թույլ տալու, որ խաղաղության մեջ ապրեն»։
Բելգիայի ԱԳ նախարարն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի տարածք չեզոք հանձնաժողով գործուղելու կարևորությունը, Արարատ Միրզոյանն էլ ավելացրեց, որ Հայաստանը նույնպես առաջարկել է նման առաքելություն ուղարկել Արցախ՝ անաչառ կարծիք ունենալու համար։
Օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության պահանջով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրվեց ուր քննարկվեց Բերձորի միջանցքի փակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը, նաև այն, որ Ադրբեջանը փորձում է սովամահ անել արցախահայությանը։ ՄԱԿ ԱԽ-ից դեռ քննարկված հարցի մասին որևէ հայտարարություն կամ բանաձև չկա և լրագրողներին հետաքրքրում է թե արդյոք ճիշտ է, որ ԱՄՆ է խոչընդոտում բանաձևի ընդունմանը։
«Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ում որևէ կերպ պատրաստվում են, կամ կցանկանան մաս կազմել էթնիկ զտումների այդ քաղաքականությանը․․․, մի քիչ դժվար պատկերացնելի կլինի ինձ համար։ Ես կարծում եմ և հուսով եմ, որ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերը և ահագնացող տեմպերը ԼՂ-ում և նաև գիտակցում են, որ ՄԱԿ ԱԽ հնարավոր բանաձևը կգար օգնելու հանգուցալուծել այս իրավիճակը, վերջ տալ հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցությունների օրակարգին»։
Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբը Երևանում տեղեկացրեց նաև, որ նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, Երևանում և Բաքվում, և բոլորը հուսով են, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն: Նա հստակեցրեց, որ Բելգիան լիովին ընդունում է ԵՄ դիրքորոշումը, ըստ որի, Ադրբեջանի պարտավորությունն է ապահովել ԼՂ-ի բնակչության անվտանգությունը և Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։