ԿարևորՔաղաքական

Քաղաքական «թակարդ»․ ի՞նչ կարող է շահել կամ կորցնել Արցախը ներքաղաքական լարումից

Վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը։ Հրաժարական, սակայն, չի լինելու՝ արձագանքելով տարածվող լուրերին հայտարարել էր ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։ ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր ֆեյսբուքյան ուղիղ եթերում որոշակի լույս սփռել տարածված խոսակցությունների վրա։ Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ մի քանի բևեռների միջև պայքար է ընթանում, ինչը բնական է, քանի որ յուրաքանչյուրն ունի իր մոտեցումն Արցախն այս իրավիճակից դուրս բերելու համար։ Արցախում սրված ներքաղաքական պայքարը, սակայն, ունի նաև զարգացման հավանական այլ սցենար, որի մասին կրկին ահազանգում են վերլուծաբանները։ Խոսքը իրավիճակը վերահսկողության տակ պահելու մասին է, այլապես Ադրբեջանը կարող է օգտվել նաև այդ հնարավորությունից։

Թե ինչ են փորձում կիսել Ադրբեջանի կողմից պաշարված Արցախի քաղաքական գործիչները, ստույգ հայտնի չէ, բայց փաստ է, որ վերջին օրերին ներքաղաքական կյանքն Արցախում ակտիվացել է այն աստիճանի, որ շրջանառվում են հրաժարականների և իշխանափոխության մասին խոսակցություններ։ Պայքարի մեջ մտած տարբեր թևերը՝ առանց հանրությանը փաստեր ներկայացնելու, օգտագործում են նաև «դավաճանություն» բառը՝ նկատի ունենալով արցախյան խնդրի հնարավոր լուծման առաջարկները։

ԱՀ նախագահի գրասենյակը չի մեկնաբանում նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները, բայց հստակեցնում է՝ հրաժարական չի լինելու։ Ռուբեն Վարդանյանը խոսել էր նաև աշխարհազորից։ Խորհրդարանական ընդդիմությունից հաստատել են, որ ԱԺ են մտել աշխարհազորի մի խումբ մարտիկներ և փորձել են պարզել, թե ով է պահանջում Հարությունյանի հրաժարականը։ Ուշագրավ է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ հանդիպել էր օգոստոսի 17-ին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ հանդիպման ժամանակ քննարկել էին Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու և պետական համակարգի կայունության հարցերը։

Թերևս հենց աշխարհազորի հետ կապված այս պատմությունն է առիթ տվել մեկ այլ ուղղությամբ խոսակցությունների, թե փորձ է արվում լուծարել ԱԺ–ն։ Նախկին պետնախարարը Արցախի գործող նախագահի հասցեին ուղիղ մեղադրանքներ է հնչեցնում․

«Դուք քանդում եք պետականությունը, դուք քանդում եք էն պետությունը, որ կառուցել են վերջին 35 տարվա մեջ, լավ թե վատ, շատ մարդիկ։ Ու Դուք դրա իրավունքը չունեք»։

Ներկա պայմաններում Արցախի ներքաղաքական առճակատումներն այս պահին սխալ է համարում Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։ Կարծում է, որ ողջամտությունը կհաղթի, և քաղաքացիական պատերազմի մասին ենթադրությունները իրականություն չեն դառնա։

«Այս պահի դրությամբ դեռևս նման վտանգ չկա, բայց եթե նման բան եղավ, ավելի քան համոզված եմ, որ սա կարող է բերել ավելի մեծ ողբերգությունների։ Այդ թվում և դրանից կարող է օգտվել և օգտվելու է 100% նաև թշնամին։ Ես չգիտեմ, որտեղ է հայտարարվել, որ գործող նախագահը պետք է հրաժարական տա, ինչքանով է դա համապատասխանում իրականությանը, ինչքանով չի համապատասխանում։ Չեմ ուզում խորանալ, այս պահի դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ դրա ժամանակը չէ։ Ես միշտ դեմ եմ եղել, որ կրիտիկական պահին խարխլվի պետական համակարգը։ Որովհետև խնդիրն անձի մեջ չէ հիմա, իհարկե, անձից շատ բան է կախված, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչ կարող է լինի հետագայում։ Եթե մենք տեսնենք, որ հիմա Արցախի փրկությունը, ասենք, արմատական քաղաքական փոփոխությունների մեջ է, միասնական կարծիք պետք է լինի»։  

Ինչպե՞ս կարող է Արցախում ներքաղաքական պայքարը օգտագործել Ադրբեջանը, սրա մասին խոսում և ահազանգում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։

«Հիբրիդային այլ գործիքների կիրառմամբ, կարծում եմ, արցախահայության պառակտման փորձեր կարվեն առաջիկայում՝ Արցախում իրավիճակը «պայթեցնելու» և նման եղանակով իրենց խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ Արցախում իրավիճակի վատթարացման, ներքին «պայթյունին» միջամտելու եղանակով, ոչ թե Արցախի դեմ ագրեսիայի, այլ Արցախում իրավիճակը կարգավորելու իբր հիմնավորմամբ ներխուժումը։ Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հենց այս ուղղությամբ է աշխատելու»։

Այսպիսի իրավիճակից բխող վտանգները Արցախում գիտակցում են։ Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» իշխանական խմբակցության նախագահ Արամ Հարությունյանը նշում է, որ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին խորհրդարանում թիմակիցների հետ հանդիպել է, և կա հստակ որոշում չհեռանալու մասին։ Մնացածը զուտ խոսակցությունների տիրույթում է։

«Ես կարծում եմ, որ նման բարդ փուլում այդ ներքին այդ պառակտումը մեզ համար անթույլատրելի է, և պետք է հասկանանք, որ այսօր Արայիկ Հարությունյանը կարողացել է, լավ թե վատ, բայց բոլոր՝ 180 աստիճանով իրարից տարբերվող բևեռների հետ ինչ-որ չափով երկխոսություն ձևավորել, և դրա շնորհիվ է, որ կարողանում ենք գոնե ներքին կայունությունը համեմատաբար պահպանել»։   

Ներքին կայությունը հարարաբերական  է, քանի որ 2020–ի նոյեմբերի 10–ից ՝ հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից ժամեր անց, Արցախում պարբերաբար հնչել են Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող հայտարարություններ։

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունում համոզված են, որ նախագահ Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները հերթական մանիպուլյացիան են՝ հենց իշխանության կողմից։  Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի համոզմամբ՝ փաստերը խոսում են այն մասին, որ Հարությունյանը կառչած է իր աթոռից, մինչդեռ, ըստ նրա, հակառակն է փորձում ցույց տալ՝ իշխանությունը երկարաձգելու նպատակ ունենալով։ Ընդդիմադիր «Արդարությունում» չեն կասկածում, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը բեմադրված են։

«Արայիկ Հարությունյանը նորից զգացել է, որ դժգոհությունները աճում են և փորձել է ցույց տալ, որ նա միակ մարդն է, ով կարող է իրավիճակը և՛ ցրել, և՛ հանդարտեցնել»։

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանի խոսքով, Արցախում օրինական ճանապարհով՝ Սահմանադրությամբ հաստատված կարգով, այս պահի իրողություններից ելնելով, չկա ընտրություններ անցկացնելու հնարավորություն, որը ընդունելի կլինի արտաքին աշխարհի համար, ինչը նույնպես կարևոր գործոն է։ Հետևաբար, ըստ քաղաքագետի, նախագահի հրաժարականն այս պահին առաջին հերթին բխում է հենց Ադրբեջանի շահերից։

«Եթե չունենք հնարավորություն ընտրություններով ձևավորելու լեգիտիմ իշխանություն, ապա դա միայն մեր շահերին է դեմ լինելու»։  

Կա՞ արդյոք Արցախում նման հանրային ընկալում. քաղաքագետը կարծում է, որ այդ ընկալումն ունեցողները բավական խիստ են տրամադրված նախագահի հրաժարականի վերաբերյալ լուրերին և չեն ողջունում հրաժարականի քայլն այս պայմաններում։

Back to top button