Քաղաքապետի ընտրությունների ամենաանհամբեր, ամենալուռ ու աղմկոտ ուժերը․ ինչպիսի՞ն կլինի քարոզարշավը


Օգոստոսի 23-ից սկսվող ու 24 օր շարունակվելիք քարոզարշավի ընթացքում երևանցիներին նախընտրական ծրագիր կներկայացնի 14 քաղաքական ուժ։ Օրերս Երևանի կառավարման հավակնություն ունեցող ուժերը նաև իրենց ընտրական ցուցակներն են հրապարակել։ Ամենամեծ թիմը ձևավորել է իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», որի ավագանու ընտրական ցուցակում 181 թեկնածու կա։ Ամենափոքր ցուցակներով ընտրություններին կմասնակցեն Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի գլխավորած «Հաղթանակ» և ռեժիսոր Տիգրան Խզմալյանի առաջնորդած «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները․ նրանք ավագանու կազմի համար առաջադրել են 24-ական թեկնածուներ։
Ամենամեծ ու ամենափոքր ցուցակներ ունեցող ուժերի կողքին ընտրություններից ուղիղ 26 օր առաջ նախանշվում են նաև ակտիվ ու պասիվ քաղաքական ուժերը։ Որոշ ուժեր նաև անհամբեր են ու վաղուց սկսել են ոչ պաշտոնական քարոզարշավը։ Այս առումով ամենաքննարկվածը թերևս իշխող թիմի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն է։ Գործող փոխքաղաքապետին ուղղված մեղադրանքն այն է, որ նա արդեն մեկ տարի ի պաշտոնե քարոզարշավ է իրականացնում։ Ամիսներ առաջ, սակայն, Տիգրան Ավինյանը հարցազրույցներից մեկում այսպես էր արձագանքել մեղադրանքներին։
«Իսկ ի՞նչ անի Տիգրան Ավինյանը, ձեռքերը ծալի նստի՞ ու ոչինչ չանի՞․․․ Ես չեմ համարում, որ այստեղ որևէ խնդիր կա, որովհետև որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ և որպես փոխքաղաքապետ ես անում եմ այն աշխատանքը, որ պարտավոր եմ անել։ Հիմա եթե ինձ քննադատում են իմ աշխատանքը լավ անելու մեջ, ապա, ես կարծում եմ, որ դա շատ թույլ քննադատություն է»,– ասել էր Տիգրան Ավինյանը։


Նախընտրական գործընթացներում ամենաանհամբերներից է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը դեռ ամիսներ առաջ է սկսել իր ընտրողներին ներկայացնել քաղաքային զարգացման իր տեսլականը․ Երիտասարդական պալատի ու պատմական կառույցների վերականգնում, մայրաքաղաքում ճոպանուղու կառուցում ու ճանապարհային մեծ օղակի նախագծում, իսկ նախընտրական ծրագիրը կուսակցությունը ու քաղաքապետի իրենց թեկնածու Մանե Թանդիլյանը ներկայացրին քարոզարշավի մեկնարկից 2 օր շուտ։
«Ես չեմ թաքցնի, որ Երևանի ընտրություններին մենք վաղուց ենք պատրաստվել։ Պատրաստվել ենք 2021թ–ից՝ կուսակցության ստեղծման օրվանից, կարող եմ ասել նաև մինչ այդ, քանի որ մենք շատ հստակ հասկացել ենք, որ Երևանի ընտրությունները վճռորոշ են լինելու ոչ միայն երևանցիների, այլև մեր ամբողջ պետության համար»,– ասում է Թանդիլյանը։
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկին չի սպասել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը․ վերջինի facebook-յան էջն արդեն ավագանու առաջադրված թեկնածուների նախընտրական պաստառներով է ողողված։ Կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը դեռ ամիսներ առաջ էր սոցիալական ցանցերում խոսում երևանյան խնդիրների ու իրենց առաջարկած լուծումների մասին։
«Ինձ հետ առաջադրվեցին մի շարք լուսավոր մարդիկ, որպես ավագանու անդամներ։ Այս ընտրություններին ես մասնակցում եմ 10 առաջնահերթ առաջարկությունները, որոնք կարող եք տեսնել իմ պաշտոնական Facebook-յան էջում․ սկսած համատիրությունների վերացումից մինչև քաղաքի բեռնաթափում ու այլ խնդիրներ»։
Ակտիվությամբ չի զիջում նաև ավագանու 24 թեկնածու ունեցող «Հաղթանակ» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը սոցիալական ցանցում արդեն ներկայացնում է կուսակցության նախընտրական ծրագիրը, կամ ինչպես իրենք են ասում, «Վիկտորի պլանը»։ Մոնոներկայացման համացանցային պրեմիերայով էլ իր քարոզարշավն օրեր առաջ սկսել է նաև 2018-ին իշխանության կողմից առաջադրված, իսկ 2021-ին նույն իշխանության կողմից պաշտոնանկ արված նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա խոսքով՝ ներկայացման մեջ քաղաքացիները կգտնեն եթե ոչ բոլոր, ապա շատ հարցերի պատասխաններ։
«Հիմա կասեք՝ ինչո՞ւ ես այսպես ասում, փոշմանե՞լ ես, որ քաղաքապետ ես եղել, ես կպատասխանեմ՝ իհարկե, ոչ, ինձ համար մեծագույն պատիվ էր ծառայել Երևանին ու երևանցիներին, իմ միակ ափսոսանքն այն է, որ ես այս ճանապարհը անցա իմ սկզբունքներին չհամապատասխանող քաղաքական թիմի հետ»,– ասել է Հայկ Մարությանը։
Քարոզարշավին և մյուս ընտրական գործընթացներում խոստանում է ակտիվ լինել նաև «Արդար Հայաստան» կուսակցությունը։ Այս ուժի քաղաքապետի թեկնածուն փաստաբան Նորայր Նորիկյանն է։
«Մենք փորձելու ենք այս ընտրություններին քաղաքական բնույթ և բովանդակություն հաղորդել, չենք իջնելու փոս փորելու ու ասֆալտ «փռելու» մակարդակին և ընդհանրապես Երևանի կառավարման գործընթացը չենք իջեցնելու աղբահավաքության կամ տրանսպորտային ու տրոլեյբուսային բարեփոխումների գիծ, քանի որ խորապես համոզված ենք, որ Երևանի ավագանին իր քաղաքապետով հանդերձ մի կարևոր առաքելություն ունի, որը քաղաքաշինությունն է և ռազմավարական զարգացումը»։


Երևանցիները առավելապես քաղաքական օրակարգ կտեսնեն նաև ընտրություններին մասնակցող միակ դաշինքի՝ «Մայր Հայաստանի» նախընտրական գործընթացներում։ Քաղաքական ուժը քարոզարշավի մեկնարկից շուրջ 24 ժամ առաջ Facebook-յան իր էջում հրապարակել է նախընտրական ծրագիրն ու ևս մեկ անգամ ընդգծել՝ ընտրությունների գալիս են իշխանափոխության համար։
«Համոզված եմ, որ անվտանգ ու զարգացող երկիր կառուցելու հնարավորություն ունենք․ «Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք իշխանափոխության ու երկիրը այս վիճակից դուրս բերելու հնարավորություն»,– ասել է Անդրանիկ Թևանյանը։
Նախաքարոզչական շրջանը ունի նաև լուռ ու համեմատաբար պասիվ քաղաքական ուժեր։ Առայժմ իր մասին ոչինչ չի ասել, օրինակ, «Հանրային ձայն», կուսակցությունը որի քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանն է, որը քարոզարշավին թերևս կմասնակցի կալանավայրից։