ԿարևորՀասարակություն

Մատչելի շենք, ուսուցչի օգնական ու հոգեբան՝ բոլոր դպրոցներում․ ԿԳՄՍ-ն փոխում է ֆինանսավորման կարգը

ԿԳՄՍ-ն փոխում է դպրոցներին ֆինանսավորում տրամադրելու մոտեցումը։ Փոփոխությունը մասնավորապես վերաբերում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ֆինանսավորման մեխանիզմին։ Նախկին՝ «գումար՝ աշակերտի թվով» մոտեցմանը փոխարինելու է 4 բաղադրիչից կազմված ֆինանսավորումը, որը պետք է ապահովի բոլոր դպրոցների մատչելիությունը, բոլոր երեխաների անհատական պահանջները, դպրոցում ուսուցչի օգնականի ու հոգեբանի առկայությունը։

Երևանի Դավիթ Սարապյանի անվան 100 դպրոցը ներառական կրթություն էր իրականացնում դեռ այն ժամանակ, երբ «Հանրակրթության մասին» օրենքը ոչ նման պահանջ էր դնում, ոչ էլ նման նախաձեռնությունը խրախուսում։ Տնօրեն Անուշ Աբելյանը պատմում է՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները շատ էին այնքան ժամանակ, քանի դեռ ներառական կրթությունը հատուկենտ դպրոցներին բնորոշ մի բան էր։ Հետո այն դարձավ պարտադիր, ծնողները երեխաներին իրենց բնակավայրին մոտ դպրոց տանելու հնարավորություն ստացան։

Այս հնարավորությունն ավելի հողեղեն դարձնելու, ավելի շատ երեխաների՝ տարածքում մոտ դպրոցներում սովորելու հնարավորություն տալու համար ԿԳՄՍ նախարարությունը փոխում է դպրոցների ֆինանսավորման կարգը։ Թե ինչ է փոխվել, «Ռադիոլուր»-ին պատմել է  փոխնախարար Արաքսյա Սվաջյանը․

«Հարցը հատկապես վերաբերում էր սովորողների փոքր թվաքանակ ունեցող դպրոցներին, որոնց ֆինանսավորումը բավականին ցածր էր լինում, ինչի արդյունքում դպրոցը տարաբնույթ խնդիրների էր բախվում։ Մեր ուսումնասիրությունները, ինչպես նաև ծնողներից հավաքված արձագանքները վկայում էին այն մասին, որ ֆինանսականա միջոցները հաճախ ոչ այնքան նպատակային էին ծախսվում և դրանք մեծամասամբ ծառայում էին միայն մանկավարժահոգեբանական հաստիքների ապահովման մասով»։

Նախկինում գործող ֆինանսավորման մոդելով դպրոցը ֆինանսավորում էր ստանում յուրաքանչյուր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի համար։ Այսպիսով այն դպրոցները, որոնք ունեին այդպիսի 1-2 աշակերտ, չէին ունենում բավարար միջոց նրանց համար մատչելի կրթություն ապահովելու համար։ Փոփոխությամբ դպրոցը ֆինանսավորվելու է 4 ուղղությամբ։ Առաջինը՝ շենքային մատչելիության ապահովում․

«Առաջիկա երեք տարիների ընթացքում բոլոր այն դպրոցներ, որոնք նոր չեն կառուցվել կամ չեն վերակառուցվել վերջին տարիների ընթացքում և առկա չեն հարմարություններ, մատչելիության ապահովման համար ստանալու են երեք միլիոն դրամ, որը պետք է ուղղեն հենց շենքի միջավայրային պայմանների բարելավմանը։ 2016-ից անցում ենք կատարել համընդհանուր ներառական կրթության և մեծամասամբ մեր դպրոցների շենքային պայմանները հարմար չեն որևէ տեսակի հաշմանդամություն ունեցող երեխայի համար։ Հատկապես հենաշարժական խնդիրներ ունեցող, բայց խնդիրն ակնհայտ է նաև տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաների համար, ովքեր տեղաշարժման դժվարություններ են ունենում և այլն»,- ասում է ԿԳՄՍ փոխնախարարը։

Ֆինանսավորման երկրորդ բաղադրիչը վերաբերում է խելացի հարմարությունների ձեռք բերմանը։ Եթե մատչելիության ապահովումը համընդհանուր է բոլոր դպրոցների դեպքում, ապա այս դեպքում մոտեցումը անհատական է․

«Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնները գնահատելու են ոչ միայն երեխաների մտավոր, հուզական, սոցիալական կամ ֆիզիկական զարգացման հնարավորություններն ու կարիքները, այլ եզրակացության մեջ տրվելու է առաջարկություն, թե ինչպիսի խելամիտ հարմարությունների կարիք ունի երեխան։ Դիցուկ՝ լավ չտեսնող երեխայի, թույլ տեսողություն ունեցող երեխայի սեղանին պիտի դրված լինի խոշորացույց կամ համապաստախան լուսավորություն, կամ ընթերցանության ու գրի դժվարություններ ունեցող երեխային, ում աչքի առաջ տեքստը «պարում է», տրվում են հատուկ քանոններ, որոնք հնարավորություն են տալիս երեխային ավելի կոնկրետ տեսել տողի այն հատվածը կամ բառերի այն հատվածը, որն այդ պահին ինքը պետք է ընթերցի»։

Ֆինանսավորման երրորդ և չորրորդ բաղադրիչները վերաբերում են հատուկ մասնագետների ներգրավմանը։ Առաջինը՝ յուրաքանչյուր դպրոցում պետք է գործի ուսուցչի օգնական։ Երկրորդ նախապայմանը դպրոցներում պարտադիր հոգեբանի համալրված հաստիք ունենալն է

«Կախված դասարանների քանակից (փոքր դպրոցներում՝ ավելի փոքր դրույքաչափով․ մեծ դպրոցներում՝ ավելի մեծ դրույքաչափով) ունենալու ենք հոգեբաններ։ Սա շատ կարևորում ենք ոչ միայն ներառական կրթության համատեքստում, այլ առհասարակ դպրոցում անվտանգ, ապահով միջավայրի ապահովման։ Մենք մեր առջև խնդիր ունենք դրած, որ դպրոցները հոգեբանական տեսանկյունից լինեն այն ապահով ու հարմարավետ միջավայրերը, որտեղ երեխաները ինքնադրսևորման, ինքնարտահայտման և իրենց պոտենցիալը լիարժեք ռեալիզացնելու հնարավորություն կունենան»,- ասում է Արաքսյա Սվաջյանը։

Թիվ 100 դպրոցի տնօրեն Անուշ Աբելյանը «Ռադիոլուր»-ին պատմում է՝ ներառական կրթություն իրականացնելու 24 տարիներին դպրոցը հիմնականում լուծել է մատչելիության խնդիրները, սակայն ֆինանսավորման նոր մոդելից հույսերն ավելի շատ են․

«Եթե նախկինում երեխան ուներ ֆունկցիոնալ խանգարման միջին կամ թեթև աստիճանի ծանրություն, այս վերջին փոփոխություններից հետո թեթև աստիճանի ծանրությամբ երեխաների համար ընդհանրապես բարձրացված ֆինասնավորման չափաքանակ չէր տրամադրվում, իսկ միջին ծանրությամբ երեխայի համար սովորական ֆինանսավորվող աշակերտի համեմատ բավականին փոքր տարբերություն էր կազմում ու հաստատությունը դրանով հնարավորություն չէր ունենում ստեղծելու այն պատշաճ ու խելամիտ հարմարությունները, ինչը ակնկալվում է ու անհրաժեշտ է երեխայի կարիքը հոգալու համար։ Հիմա հաստատությանն ուղղվելու է կոնկրետ խելամիտ հարմարությունն ապահովելու համար կոնկրետ գումար, որը պիտի ուղղվի հենց այդ նպատակին»,- պատմում է Անուշ Աբելյանը։

Համակարգը դեռ նոր է, պատկերացումները՝ ոչ այնքան շոշափելի։ Սակայն տնօրենը կարծում է՝ դպրոցում սովորող 45 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ավելի հարմար կրթությունն ապահովելու գործը հեշտանալու է։ Նախարարությունից էլ հայտնում են՝ հույս ունեն այսպիսով դպրոցներին բոլոր երեխաներին անհրաժեշտ պայմանները ապահովելու, երեխաներին՝ իրենց ցանկացած դպրոցը գնալու հնարավորություն տալ։

Back to top button