Քաջերի քաղաքը՝ Հյուսիս–հարավ ճանապարհի հանգույց


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Քաջարան քաղաքի հիմնադրման 65-ամյակի հանդիսությանը հայտարարել է, որ առաջիկայում սկսվելու է Հյուսիս–հարավ ավտոճանապարհի հարավային մասի շինարարությունը։ Սա, գործադիրի ներկայացուցչի խոսքով, լրացուցիչ խթան կլինի հանրապետության հարավային դարպասի զարգացման համար։
65-ամյա Քաջարանի մշակույթի տան դահլիճում հավաքվածները ծափահարություններով են դիմավորում Քաջարանի կենդանի լեգենդ, 101-ամյա Արշալույս Թադևոսյանին։ Արշալույս տատը հեռվից ողջունում է բոլորին և զբաղեցնում իր պատվավոր տեղը։ Նա քաղաքից մեծ է 36 տարով։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է բացատրում Քաջարանի և Արշալույս տատի տարիքների տարբերության գաղտնիքը։
«Այո, որպես քաղաք Քաջարանը 65 տարեկան է, բայց մենք բոլորս գիտենք Քաջարանց գյուղը, որը բավականին հին բնակավայր է և հայկական։ Քաջարանը նաև դարպասն է Հայաստանի Հանրապետության» ։


Քաջարան քաղաքը հնարավոր չէ պատկերացնել առանց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության։ Համայնքի զարգացման բոլոր ծրագրերում ԶՊՄԿ-ն ունի իր ուրույն ներդրումը՝ ասում է Քաջարան քաղաքի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Քաջարան քաղաքի ծնողն է և կարելի է ասել կյանք է տվել այս քաղաքին։ Ինչպես ամեն արժանապատիվ զավակ, այնպես էլ Քաջարանն է հոգատար վերաբերմունք ցույց տալիս իր ծնողի նկատմամբ»։
Կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին պաշտոնապես հայտարարում է՝ այս տարի Քաջարան համայնքում շուրջ 1մլրդ դրամի ներդրում կարվի:


«65 տարին երեք սերունդների ու այստեղ ձևավորված ընտանիքների, ծնված երեխաների կյանքի պատմություն է: Սա նաև ձեռքբերումների ու առաջընթացի պատմություն է: Շատ հեշտ է այս մասին խոսել, քանի որ կարծես սեփական տանն ես գտնվում: Դա այդպես է, քանի որ կոմբինատի ու քաղաքի ճակատագրերը միաձուլված են: Եվ այն ամենը, ինչ այժմ անում ենք համայնքում, մեր համատեղ ուղու ապացույցներն են»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարևորում է համայնք-կառավարություն-կոմբինատ համագործակցությունը, քանի որ այդպես համայնքահեն բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Նախարարը նշում է, որ սկսում են Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային մասի շինարարությունը։


«Առաջիկայում փաստաթղթային, իրավաբանական մասը կավարտենք ու կսկսենք բուն աշխատանքը, որը լրացուցիչ տնտեսական ակտիվություն կբերի, աշխատատեղերի ու բիզնեսի առումներով՝ ավելի կընդգծի Քաջարանի տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների դերը։ Նման խոշոր տրանսպորտային համակարգը ոչ միայն Սյունիքին է ծառայելու, ոչ միայն Հայաստան–Իրան կապի օղակ է լինելու , այլև ավելի մեծ տրանսպորտային հանգույցի մաս է լինելու, որն իր դրական ազդեցությունը կունենա քաղաքի զարգացման մեջ»։
Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը կասկած չունի, որ Սյունիքի մարզի բոլոր համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են։


«Համոզված եմ՝ տարածքային համաչափ զարգացման ծրագրով առաջիկայում մեր համայնքներն ավելի են զարգանալու։ Մեր նպատակն է, որ համայնքները կամաց–կամաց պակասեցնեն կախվածությունը պետական բյուջեից։ Այսինքն՝ այնքան զարգանան, բիզնեսներ լինեն, տուրիստներ գան, որ համայնքի եկամուտները բավական լինեն բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար»։
Քաջարանի տոնի առիթով քաղաքի տարբեր թաղամասերում նոր պուրակներ ու խաղահրապարակներ բացվեցին, տոնավաճառ կազմակերպվեց, իսկ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիին շնորհվեց Քաջարանի պատվավոր քաղաքացու կոչումը։