ԿարևորՔաղաքական

Երևան-Կապան–Երևան․ երբ Բաքվի «չկրակելն» ու Երևանի «չթռչելը» գին ունեն

Տևական դադարից հետո օգոստոսի 21–ին առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան և Կապան-Երևան օդանավով թռիչքները։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը ժամանակին վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի՝ Կապանից մեկնել Երևան։ Կապան-Երևան չվերթի ուղևորների թվում  եղել են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։ Թռիչքներն իրականացվում են Ադրբեջանի կողմից Կապանի օդանավակայանի թիրախավորման պայմաններում։ Վերջին օրերին երկու դեպք է գրանցվել, երբ ադրբեջանական կողմից  կրակոցներ են իրականացվել այդ ուղղությամբ։ Առաջին դեպքից հետո վնասվել էր օդանավակայանի շենքը։ «Ռադիոլուր»–ը փորձել է հասկանալ թռիչքների կազմակերպման քաղաքական և անվտանգային հիմնական ուղերձները։

Երևանից դեպի Կապան ավիափոխադրումները մի քանի կարևոր ուղերձ ունեն, որոնից առաջինը, անշուշտ, Հայաստանի համար Սյունիքի կարևորության ցուցադրումն է։ Կա ներքաղաքական բաղադիչ, որը «Ռադիոլուրի» հետ զրույցում առանձնացնում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը և տնտեսական, որի մասին  խոսում  է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Բայց կարևորագույն հարցը, թերևս, Հայաստանի իշխանությունների հաշվարկն է։ Փաստացի, Կապանի օդանավակայանի շուրջ ստեղծվում է փակուղային նոր «օջախ», երբ Բաքվի «չկրակելն» ու Երեւանի «չթռչելը» կողմերի համար դիտվելու է «նահանջ»: Այս հարցի վրա է ուշադրություն հրավիրում քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը․

«Այսինքն՝ եթե թռիչքներ չիրականացվեն, կստացվի՝ Ադրբեջանի շանտաժը աշխատեց, եթե Ադրբեջանը դադարեցնի իր շանտաժը, կստացվի, որ Հայաստանը կարողացավ իր օրակարգը առաջ տանել և հասնել հաջողության։ Այստեղ մենք ստանում ենք ինչ–որ փակուղային իրավիճակ։ Հարց է առաջանում, թե ինչպիսին էր հարցի գինը։ Մենք ստանում ենք անվտանգության մի խնդիր, որի հարցի արժեքը, մեղմ ասած, մի քիչ տարբեր հարցեր առաջացնող է։ Այսինքն՝ կան հարցեր, որոնք չունեն պատասխան։ Սա նաև թույլ է տալիս մտածել այն մասին, թե ընդհանրապես այսօրինակ քայլերը և հարցերը հաշվարկային ինչպիսի հագեցվածությամբ են տեղի ունենում, ինչքան խորը և ինչքան հեռու հաշվարկներ ենք մենք անում այս կամ այն քայլը կատարելիս, որպեսզի չստանանք խնդիր, որի լուծման ռեսուրսների սղության առաջ ենք կանգնելու, երբ այդ խնդիրը արդեն լինի իրական»։

Դեռ Խորհրդային ժամանակներից Յակ-40 ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավելի չվերթ է իրականացվել։

Այն ժամանակ թռիչքների  ու վայէջքների երթուղիները մասամբ անցել են Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության օդային տարածքով։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պարզաբանում են, որ 2020 թվականին Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերաբացումից հետո ներդրվել են ժամանակակից նոր օդային սխեմաներ՝ համաձայն որոնց՝ «մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները իրականացվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով»: Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը, և տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ:

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը մտավախություն ունի, որ միջազգային կանոնները կիսով չափ կզսպեն Ադրբեջանին։

«Քաղաքացիական ինքնաթիռ խոցելը շատ լուրջ հանցագործություն է, և իմ կարծիքով՝ ուղիղ խոցում չի լինի ինքնաթիռի, որովհետև միջազգային առումով շատ լուրջ խնդիրներ կունենա Բաքուն։ Ավելի շատ կփորձեն խաթարել օդանավակայանի աշխատանքը, վախեցնել այնպես, որ ընդհանրապես թռիչքներ չլինեն։ Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, ցանկալի կլիներ, որ ադրբեջանցիները հետ շպրտվեին այդ դիրքերից, որովհետև Կապանի օդանավակայանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում և անգամ սովորական ինքնաձիգով կարող են թիրախավորել օդանավակայանը և այնտեղ թռիչք կատարող ինքնաթիռը»։

Դեպի Կապան թռիչքների առումով նման «փակուղային» իրավիճակ առաջացել էր նաև 90–ականներին։ Այն ժամանակ հարցը լուծվեց «Զանգելանի օպերացիայով»։ Այժմ Հայաստանի գործիքակազմը փոխվել է․     

«Բոլորս հասկանում ենք, որ ներկայումս ոչ միայն ռազմատեխնիկական, այլև ռազմաքաղաքական առումով այսօր ուժային բալանսը թույլ չի տալիս լրջորեն կենտրոնանալ այդպիսի լուծումների ուղղությամբ, ըստ այդմ՝ պետք է աշխատել քաղաքական, դիվանագիտական ռեսուրսների դաշտում։ Երևանն էլ փորձի միջազգային ատյաններում շատ հստակ փաստարկել, որ Ադրբեջանը պատրաստ է ընդհուպ թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքը, ինչը այլ բան, քան ահաբեկչություն թերևս դժվար է անվանել»։

Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթեր սկսելու մասին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր Սյունիք կատարած այցի ընթացքում։ Այդ հայտարարությունից հետո «Սյունիք» օդանավակայանը Ադրբեջանի կողմից թիրախավորվեց առաջին անգամ։ Արձակված կրակոցներից վնասվել էր օդանավակայանի շենքը։  Երկրորդ թիրախավորումը եղավ հաջորդ օրը, երբ Կապանի օրվա տոնակատարությունների շրջանակում հատուկ չվերթով օդանավակայան պետք է ժամանեին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Չնայած օդանավակայանի ուղղությամբ արձանագրված կրակոցներին՝ պաշտոնյաներին տեղափոխող չվերթը կայացել էր։

Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ ավիաչվերթները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ։ Տոմսերի արժեքը սկսվում է 20 հազար դրամից։ Թռիչքի տևողությունը մոտ 40 րոպե է։

Back to top button