ԿարևորՀասարակություն

Կտրոնները կլինեն, բայց խանութներում մթերք չկա

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից փոխանցում են, որ օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը: Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ խնդրում են նախարարություն ներկայանալ նախօրոք գրված դիմումներով։ Արցախի գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում որպես առաջնային ու ամենալուրջ խնդիր առանձնացրել  է վառելիքի պակասի խնդիրը։ Չկա վառելիք, չկա հավաքված բերքը Ստեփանակերտ հասցնելու հնարավորություն՝ ասել է։ Հենց վառելիքի պակասն է այս պահին Արցախում գյուղոլորտը կանգնեցրել լուրջ ռիսկերի առջև։

Արցախում խանութները դատարկ են, մարդիկ՝ սննդամթերքից զրկված։ Արդեն սովորական են գիշերվանից սկսվող հացի հերթերը։ Ստեփանակերտի բնակիչ Շուշան Եգանյանը «Ռադիոլուրին» պատմում է․

«Իրավիճակն օր օրի ավելի ծանր ու անտանելի է դառնում։ Խանութներում ընդհանարապես ոչ մի մթերք չկա։ Բոլորիս եղածն էլ վերջանում է։ Հացի համար ահավոր հերթեր են, պետք է գիշերը գնաս հերթ կանգնես, որ առավոտյան հասնի։ Յուրաքանչյուր ընտանիքի երկուական հաց են տալիս։ Երեխաների հետ ուղղակի անհնար է գնալ հերթ կանգնել, որ հաց հասնի քեզ»։

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից փոխանցում են, որ օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը: Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ խնդրում են նախարարություն ներկայանալ նախօրոք գրված դիմումներով։ Հունիսի 15–ից հետո, երբ Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակեց Բերձորով ելումուտը, Արցախի խանութներում իսպառ վերացան հիմնական ապրանքատեսակները։ Մարդիկ կտրոններ ունեին, դրանցով ապրանք գնելու հնարավորություն՝ ոչ, ինչպես Իրինա Առուստամյանը։ 

«Ոչ մի կտրոն էլ չկա։ Կտրոնները, որ տվել են, ոչ մի բան չենք կարողացել առնել։ Խանութում բան չկա, որ առնեմ։ Մեկը՝ ես․ ոչ շաքարավազ, ոչ ձեթ, ոչ մի բան չեմ առել։ Մեկ օրվա ընթացքում ապրանքը սպառվեց։ Կտրոնը օգնեց միայն նրանով, որ կարողացանք ձու վերցնել։ Ուրիշ ոչ մի բան չենք կարողանում գնել։ Միսն էլ ահավոր թանկացրել են։ Ես աշխատում եմ, կարողանանում եմ թանկ գնով գնել, բա որ մարդիկ չեն աշխատում։ Ամեն օր հո չես կարող երեխաներին վարունգ, պոմիդորով խաբել»։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ առաջիկայում  Ստեփանակերտ քաղաքի շուկա լրացուցիչ ծավալի մսամթերք վաճառքի կհանվի՝ տավարի և խոզի մսի 1  կիլոգրամի առավելագույն արժեքը 4000 դրամով։  Արցախի կառավարությունը խոստանում է ամեն ինչ անել, որ սպեկուլյատիվ գնումները բացառվեն։ Միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:

Արցախի գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում որպես առաջնային ու ամենալուրջ խնդիր առանձնացնում է վառելիքի պակասի։ Չկա վառելիք, չկա նաև հավաքած բերքը մարդկանց ու առավել ևս  Ստեփանակերտ հասցնելու հնարավորություն՝ ասում է։ Հենց վառելիքի պակասն է այս պահին Արցախում գյուղոլորտը կանգնեցրել լուրջ ռիսկի առջև։ Ոլորտի պատասխանատուն վստահեցնում է, որ այս տարի Արցախում գրեթե ամբողջությամբ հողերը մշակված են։  Հիմնականում աճեցրել են բանջարաբոստանային կուլտուրաներ, հացահատիկ։

«Բանջարեղենն  անընդհատ խնամք է պահանջում։ Դա  հացահատիկ չէ, որ մի անգամ հավաքեն ու վերջ։  Գյուղացուն անհրաժեշտ սերմ ու սածիլ տրամադրվել է, այժմ արդեն դրանք հավաքելու  ժամանակն է։  Ինչքան ունեինք պահեստավորած,  օգտագործել ենք։ Ունենք նաև չօգտագործված սերմացուներ, որ չհասցրեցինք հավաքել։ Նվազագույն պահանջմունքը  բավարարում ենք տեղական արտադրանքով։ Բայց ավելցուկ չունենք»։  

Արցախում անասնակերի խնդիր ևս կա։ Այս դեպքում էլ ամենասուրը տեղափոխման հարցն է, խոտի հունձն էլ նույն պատճառով դժվարությամբ են կազմակերպում։

«Պատկերացրեք, որ Երևանում հասարակական տրանսպորտ չգործի։ Դե հիմա պատկերացրեք ամբողջ Արցախում է այդպես։  Գյուղերից Ստեփանակերտ տրանսպորտը չի աշխատում, հասարակական տրանսպորտ չկա նաև Ստեփանակերտում, անհատական  վառելիք որևէ մեկին չի տրամադրվում»։

ԱՀ գյուղատնտեսության նախարարի փոխանցմամբ՝ ոռոգման ջրի խնդիր, կարելի է  ասել, դեռ չկա։ Առկա հոսքի պայմաններում փորձում են  ապահովել մեխանիկական ոռոգումը։ Անցյալ տարի ոռոգովի հողատարածքների 75 տոկոսը մեխանիկական, 25 տոկոսն ինքնահոս եղանակով է ջուր ստացել։

Back to top button