Ի՞նչ էր պետք անել դեպքից առաջ. պաշտպանել հաջորդ զոհին


Մոր կողմից՝ երեխային կտտանքների ենթարկելու տեսանյութը բացահայտեց՝ երեխաներն ապրել են մի ընտանիքում, ուր նախկինում արդեն սեռական բռնության զոհ են դարձել։ Չնայած ծնողների քրեական անցիալին, հոր կողմից բռնության ենթարկված լինելուն, ուսուցիչների իմացությանը, համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով՝ սոցիալական աշխատողների ուշադրության կենտրոնում լինելուն՝ երեխաները շարունակել են ապրել բռնության միջավայրում։ Ո՞վ է պատասպանատու իրավիճակի համար, ի՞նչ էր պետք անել խնդիրը կանխելու, ոչ թե հետևանքների մասին խոսելու համար։
Ծնողը չգիտի, որ երեխան իր սեփականությունը չէ
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը երեխային պաշտպանում է ամեն ինչից, այդ թվում՝ սեփական ծնողներից։
Ընտանեկան օրենսգիրք․ Գլուխ 11․ Հոդված 53․ Ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառել երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։
Այս հոդվածն առանձնակի ուշադրության կենտրոնում է այսօր, երբ համացանցում տարածվում են երեխայի բռնության ենթարկելու կադրեր։ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանն ասում է՝ ծնողները չգիտեն, որ երեխան իրենց սեփականությունը չէ։
«Եթե նույնիսկ երեխային զրկել են կրթությունից, ծնողն, օրինակ, երեխային դպրոց չի տանում, նույնիսկ այդ դեպքում ինքը պատասխանատվության է ենթարկվում։ Ես կասակածում եմ, որ ՀՀ–ում ծնողները գիտեն այդ մասին։ Հասկանո՞ւմ եք՝ որն է խնդիրը։ Մենք շատ լուրջ խնդիր ունենք՝ իրազեկել մարդկանց, որ քո երեխան քո սեփականությունը չի։ Դու ունես պարտավորություն և եթե դու այդ պարտավորությունները չկատարես, կկրես օրենքով սահմանված պատիժ»։
Պետությունը տեղյակ է, կզբաղվի
Տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։ ՄԻՊ-ը, երեխայի լավագույն շահից ելնելով, հորդորեց չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։ Սակայն տարածվեց նաև բռնություն ենթարկող 34-ամյա կնոջ՝ մոր սոցիալական էջը, որում բաց հրապարակված են ընտանիքի, 5 երեխաների անձնական լուսանկարները։
Ոստիկանությունից հայտնեցին՝ մայրը կալանավորված է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս փուլում հրաժարվեց պատասխանել «Ռադիոլուր»-ի հարցերին։ Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը իր էջում գրեց՝ դեպքի մասին տեղյակ ենք, իրավապահ մարմինները զբաղվում են։
«Դեպքի մանրամասները պարզելուց հետո մեր գերատեսչության լիազորությունների շրջանակում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ։ Երեխաների հետ կազմակերպվելիք հետագա աշխատանքներում ես և ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված»,- գրել է փոխնախարարը։
«Առողջ» ընտանիք՝ նաև սեռական բռնությունից հետո
«Առաջին հերթին սոցիալական աշխատանքի ինստիտուտը պիտի կայանա, և սա հիմնականում ՏԻՄ պատասխանատվության ներքո է։ Քաղաքականությունը մշակում է նախարարությունը, բայց դրա իրականացնողը ՏԻՄ-ն է, այսինքն՝ մենք պիտի ունենանք համայանքային սոցիալական աշխատողներ, որոնք պետք է պարբերաբար, հատկապես ռիսկային, խոցելի ընտանիքներում իրականացնեն տունայցեր»։
5000 և ավելի բնակչություն ունեցող յուրաքանչյուր համայնքում կա սոցիալական աշխատողի հաստիք։ Առաջին հարցն այն է՝ թափո՞ւր է այն, թե՞ համալրված, երկրորդը՝ եթե համալրված է, ծառայո՞ւմ է նպատակին, թե՞ ոչ։ Գավառում, ուր մոտ 3 տարի ապրել է ընտանիքը, սոցիալական աշխատող կա։ «Ռադիոլուր»-ը փորձեց պարզել՝ ինչպե՞ս է աշխատել և ի՞նչ է նկատել նա իր աշխատանքի ընթացքում։ Համայանքապետի տեղակալ Գրիգոր Դաշտոյան․
«Ամուսինը Իջևանից է, կինը՝ Շամշադինից։ Իրենք Գավառ են տեղափոխվել 2019-ին։ Այդ ընթացքում մի քանի անգամ փոխել են հաշվառման հասցեն, այսինքն՝ մշտական բնակության վայր չեն ունեցել։ Կինը զբաղվել է օրավարձային աշխատանքով, ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի։ Մեր սոցիալական աշխատողը երբևէ երեխաներից չի լսել, որ իրենց ծեծեն, խոշտանգեն, բռնության ենթարկեն, նույնիսկ ապտակեն կամ նման դեպք մեր մոտ չի արձանագրվել։ Հակառակը, մեր սոցիալական աշխատողը պարբերաբար այցելություններ է կատարել, տեսել է, որ երեխաները եղել են կոկիկ հագնված, մաքուր, սիրուն»,-ասում է փոխքաղաքապետը։
Սոցիալական աշխատողը նորմալ ընտանեկան կարգավիճակ է նկարագրել։ Այդ աշխատողի դիտարկմամբ՝ ընտանեկան «առողջ» մթնոլորտում ոչինչ չի փոխվել անգամ այն ժամանակ, երբ ընտանիքի հայրը բռնաբարել է իր անչափահաս աղջկան։
— Հոր դեպքերից հետո պարբերաբար իրենց ուսումնական առաջադիմության վրա են ուշադրություն դարձրել, և որևէ բա չի փոխվել։ Հոգեբաններ են աշխատել և մայրիկի հետ, և երեխաների հետ։
— Եվ ամեն ինչ նորմա՞լ է եղել։
— Նորմալ է եղել, ես կրկնում եմ, նույնիսկ ուսման առաջադիմության մեջ փոփոխություն տեղի չի ունեցել մինչև հոր դեպքը և դեպքից հետո։ Իրենց հետ հոգեբաններ են աշխատել։
— Եվ հոգեբաններն ասել են, որ ամեն ինչ նորմա՞լ է։
— Մեր ուսումնասիրություններով և դիտարկումներով իրենց մոտ որևէ փոփոխություն չի եղել, չի արձանագրվել ո՛չ հոգաբարձուների խորհրդի, ո՛չ սոցիալական աշխատողի կողմից։
— Հոգաբարձուների խորհուրդը ինչպիսի՞ աշխատանք է տարել նրանց հետ։
— Այցելություններ են եղել, տնայց է եղել, երեխաների հետ պարբերաբար հանդիպումներ են եղել, մոր հետ կապ է եղել։ Չի նկատվել որևէ բան։ Եթե որևէ բան նկատվեր, բնականաբար ավելի հետևողական կլիներ։
Ի՞նչ էր պետք անել մինչև դեպքը
Համայնքի ղեկավարի տեղակալի նշած հոգաբարձուների խորհուրդը, Զարուհի Բաթոյանի կարծիքով, երեխաներին նման իրավիճակներից պաշտպանելու լիազորություն ունեցող ամենակարևոր կառույցներից է։
«Խնամակալության և հոգաբարձության մարմիններն են պատասխանատու երեխաների իրավունքների համար, հատկապես ընտանեկան խնդիրների մասով, և սա այն մարմինն է, որտեղ երեխան կարող է դիմել նույնիսկ երբ իր ծնողից պաշտպանվելու կարիք ունի։ Այդ մարմինը իրավասություն ունի որոշելու երեխայի լավագույն շահը և անկախ նրանից՝ երեխան ո՞ւնի ծնողներ, ծնողներն ի՞նչ վիճակում են, իր հետ են ապրո՞ւմ, թե՞ ոչ, որոշելու, թե որն է երեխայի համար ապրելու լավագույն տեղը։ Առնվազն կարող է որոշում կայացնել, որ երեխային պիտի ընտանիքից հեռացնել»։
Բաթոյանն ասում է՝ սա է այն քայլը, որը պետք է անել դեպքից առաջ, ոչ թե հետո։ Այս քայլից հետո երեխային պաշտպանելու համար քայերի հաջորդականություն ու տարբերակների բազմազանություն կա։ Առաջինը՝ դիմել խնամքի հաստատություններ։
«Կան նաև ճգնաժամային կենտրոններ, որոնք ոչ թե խնամքի հաստատություն են, որ գնում, ապրում է, ոչ թե մանկատուն է, այլ՝ ժամանկավոր կացության վայր։ Մենք ունենք 3 ճգնաժամային կենտրոններ, որոնք ստեղծվել են 2020-ին։ Այդտեղ երեխաներին տրամադրվում են համապատասխան ծառայություններ՝ հոգեկան, սոցիալական աշխատողներ և այլն, մինչև խնդիրը լուծվի։ Օրինակ՝ գուցե երեխան սոցիալական պայմանների կարիք ունի, ծնողները աշխատանքի խնդիր ունեն և այլն»։
Եթե խնդիրը ժամանակավոր է, կարող է լուծվել այս ճանապարհով։ Այլ դեպքերի համար կան այլ լուծումներ, օրինակ՝ խնամատար ընտանիքի ինստիտուտը, որդեգրման համակարգը։
Լուծում, այնուամենայնիվ, կա։ Սակայն միայն խնդրի իմացության դեպքում։ Իսկ դրա մասին միշտ չէ, որ երեխան կարող է պատմել։ Սոցիալական աշխատողը, հոգաբարձուների խորհուրդը պետք է ոչ թե իմանան, այլ նկատեն հավանական բռնությունը։