

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկան՝ պարզելու, թե արդյոք վերջին շրջանի գնաճը հիմնավորված է։ Հայաստանյան շուկայում այս վառելիքը նախորդ 6 ամիսների ընթացքում թանկացել է շուրջ 170 դրամով կամ 50 տոկոսով։ Տնտեսագետները բացատրում են՝ հայաստանյան շուկան կրում է ռուբլու փոխարժեքի տատանումների ու ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքների ազդեցությունը։ «Ռադիոլուրի» զրուցակիցները չեն շտապում դրական կանխատեսումներ անել․ նրանց կարծիքով՝ բենզինն առաջիկայում ոչ միայն չի էժանանա, այլև կարող է ավելի թանկանալ։
Հայաստանում բենզինի գինը տարեսկզբի համեմատ շուրջ 50 տոկոսով բարձրացել է։ Եթե փետրվար–մարտ ամիսներին սպառողները 1 լիտր Regular տեսակի բենզինի համար 300-320 դրամ, իսկ Premium–ի 1 լիտրի համար 320-330 դրամ էին վճարում, ապա այս օրերին բենզալցակայաններում նույն վառելիքի 1 լիտրի արժեքը հասել է 530 դրամի։ Ստացվում է՝ տարեսկզբի համեմատ բենզինը մեր երկրում 170 դրամով կամ 48.5 տոկոսով թանկացել է։ Հայաստանում բենզինի գնի փոփոխությունները դուրս են հայկական կողմի վերահսկողությունից, ամեն ինչ կախված է արտաքին գործոններից՝ մասնավորապես ռուսական շուկայից՝ մանրամասնում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։
«Մեր բենզինի հիմնական մատակարարը Ռուսաստանն է, և ռուսական բենզինի շուկայում տեղի ունեցող գործընթացներն ինքնաբերաբար տեղափոխվում են նաև մեր շուկա։ Այն ամենն ինչ մենք տեսնում ենք այսօր ուղղակի ազդեցությունն է այն գործընթացների, որ տեղի են ունենում դիզվառելիքի ու բենզինի ռուսական շուկայում»,– բացատրում է տնտեսագետը։
Հայաստանում բենզինի շուկան գրեթե «միագույն» է․ շուրջ 80-90 տոկոսով մեր երկրում սպառվում է ռուսական բենզինը, հետևաբար ռուբլու տատանումները, Ռուսաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը ուղիղ ազդում են գնի վրա։
«Ռուսական ռուբլին դրամի ու նաև այլ արժույթների համեմատ շատ էր թուլացել և կարելի է ասել, որ ռուբլու թուլացումը իր վրա էր վերցնում բենզինի շուկայում գների բարձրացման ռիսկը։ Սակայն վերջին շրջանում, քանի որ ռուսական կենտրոնական բանկը հայտարարեց «ուժեղ ռուբլու» քաղաքականության մասին և փորձեցին ռուբլին ուժեղացնել, հետևաբար արդեն չի հաջողվի մեր շուկայում նվազեցնել կամ կանխել բենզինի գնի աճը»։
Թվարկված հանգամանքներին գումարվում են նաև Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խնդիրներն ու բենզինի պահանջարկի սեզոնային աճը։ Քթոյանը նաև հիշեցնում է՝ ՌԴ կառավարությունը հայտարարել է, որ սեպտեմբերից կրճատելու է բենզինի շուկայի սուբսիդավորումը, ինչը նույնպես կազդի գների վրա։
«Մենք դիվերսիֆիկացիա չունենք, իհարկե վերջին տարիներին փորձ արվեց Իրանից ներկրում իրականացնելու, դա որոշ չափով հաջողվեց, իրանական վառելիքի մասնաբաժինը մեր շուկայում հասավ 20-25 տոկոսի, բայց 2022թ ընթացքում, օրինակ, էլի հակառակ պրոցեսը սկսվեց, և իրանական բենզինի ներկրումը կրճատվեց 2 անգամ, քանի որ ռուսական ռուբլին թուլացավ և հետևաբար էժանացավ նաև ռուսական բենզինը։ Արդյունքում էլի ռուսական բենզինի տեսակարար կշիռը հայկական շուկայում դարձավ 90 տոկոս»,– ասում է Քթոյանը։
Եթե մեր երկրում արձանագրված բենզինի գինը համեմատենք տարածաշրջանային մյուս՝ նավթ չունեցող, նավթի արդյունաբերությամբ չզբաղվող երկրների օրինակ՝ Թուրքիայի կամ Վրաստանի հետ, ապա կտեսնենք, որ մեր երկրում գինն ավելի ցածր է՝ ասում է Քթոյանը և շեշտում՝ այս պահին բենզինի էժանացման նախադրյալներ չկան կամ դրանք այնքան էլ ծանրակշիռ չեն։ «Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը, ավելի լավատես է։
«Ամեն դեպքում կարող ենք ենթադրել, որ կարող է նաև էժանանալ բենզինը։ Օրինակ կարող է ռուբլին կայունանալ, կամ ռուս–ուկրաինական պատերազմը ինչ–որ ելք, ավարտ ունենալ, կամ կարող է Ռուսաստանը կայունացնել իր տնտեսությունը, ինչի արդյուքում փոփոխություններ կլինեն, և սրանք լրիվ նորմալ երևույթներ են»,– կարծում է Գագիկ Մակարյանը։
Այնուամենայնիվ, սպառողների համար շուրջ 50 տոկոս գնաճն, իհարկե, զգայուն է քանի որ բենզինը կարելի է համարել առաջին անհրաժեշտության ապրանքներից մեկը։ Այն որքան էլ թանկանա, պահանջարկը միշտ կայուն է՝ նկատում է Մակարյանը։
«Հայաստանում բենզին ներկրողները շատ չեն․ հիմնականում 5 խոշոր ընկերություններ են բենզինի ներկրմամբ զբաղվում, հետևաբար մենք միշտ էլ կարող ենք սպասել անակնկալներ այդ թվում և հաճելի անակնկալներ՝ գնիջեցման տեսքով, և տհաճ անակնկալներ՝ գնաճի տեսքով։ Իսկ ներկրողներն ասում են, որ գնաճի դեպքում իրենք ավել եկամուտ չեն ստանում ու նույն եկամուտով են աշխատում»։
Բենզինի շուկան նաև մրցակցության պաշտպանության հանձրաժողովի ուշադրության կենտրոնում է․ հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան հայտնեց, ու ուսումնասիրություն են սկսել՝ պարզելու, թե որքանով է հիմնավոր բենզինի շուկայում գների բարձրացումը։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում ևս գնաճ է արձանագրվել, սակայն տեղական շուկայի մանրամասն վերլուծության արդյունքները ավելի ուշ կամփոփեն ու կհրապարակեն։