Հումանիտար վիճակն աղետալի է, սովամահության վտանգ է կախված. Արցախի ՄԻՊ


Այսօր տեղեկություն տարածվեց, որ Արցախից ԿԽՄԿ միջոցով Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվել հեմոդիալիզ ստացող 10 բուժառուներ: Արցախում տիրող հումանիտար վիճակի մասին խոսելիս Արցախի ՄԻՊ նշել է, որ սովամահության վտանգ կա:
Արցախում շրջափակման հետևանքով ստեղծված սոցիալական վիճակը մեղմելու և բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու համար Ստեփանակերտում այսօրվանից բարեգործական ճաշարան է գործում:
Ուղիղ երկու ամիս առաջ հունիսի 15-ին Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց։ Հումանիտար վիճակը օր-օրի ավելի է վատթարանում՝ սնունդի պակաս, դեղորայքի սղություն, հիգիենայի պարագաների բացակայություն։
Մեզ հետ զրույցում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը պատմեց, որ իրեն հաճախ դիմում են քրոնիկ հիվանդություններ ունեցողները, քանի որ դեղորայքի կարիք ունեն․
«Առողջության խնդիրներ ունեցող անձինք չեն կարողանում գտնել դեղորայքը և ամենաշատ դիմումները ստանում ենք մանկահասակ երեխաների ծնողներից, որոնք կաթնախառնուրդ են ուզում երեխաներին կերակրելու համար: Սակայն շատ հաճախ մենք չենք կարողանում օգտակար լինել մարդկանց, քանի որ օբեկտիվ իրավիճակը այնպիսին է, որ գտնվում ենք հումանիտար աղետում: Ես որտեղի՞ց գտնեմ կաթնախառնուրդ: Ցանկացած ոլորտում մենք ականատես ենք լինում մարտահրավերների խորացմանը»:
Կարմիր Խաչի միջոցով հաջողվել է օգոստոսի 15-ին հեմոդիալիզ ստացող ևս 10 հիվանդների տեղափոխել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Քրիստինե Ավագիմյանն ասել է, որ լիակատար շրջափակման մեջ գտնվելու պատճառով հնարավոր չէ ապահովել հիվանդների համար անհրաժեշտ դեղորայքն ու համապատասխան սարքավորումները` բուժման ընթացքը կազմակերպելու համար։
Բժշկի խոսքով, սակայն, կան հիվանդներ, որ ընտանեկան պայմաններից ելնելով, չեն կարողանում տեղափոխվել Երևան, հետևաբար նրանք հետագա բուժումը պետք է շարունակեն Արցախում, ինչը շատ մեծ դժվարությամբ կիրականացվի։ Անհրաժեշտ դեղորայքի և սարքավորումների սուղ պայմաններից ելնելով, աշխատում են խիստ խնայողաբար։
ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Քրիստինե Ավագիմյանը ասում է, որ եթե բուժառուները սովորաբար շաբաթական երեք անգամ էին գալիս սեանսի, ապա այժմ երկու անգամ են գալիս, ինչը խիստ բացասաբար է ազդում նրանց առողջական վիճակի վրա։ Բժշկի խոսքով՝ երկու հիվանդ, հայտնվել են ինտենսիվ թերապիայի մեջ։ Առկա դեղորայքի ու սարքավորումների պաշարով այսուհետ բ/կ կարող է աշխատել միայն երկու շաբաթ։
Ընդհանուր առմամբ հեմոդիալիզ ստացող քսանինը հիվանդ է տեղափոխվել ՀՀ բուժհաստատություններ, տասը հիվանդ հրաժարվել է մեկնել Երևան։
Հեմոդիալիզ ստացող հիվանդները տարհանվում են` անհրաժեշտ բժշկական պարագաների աճող սղության պատճառով, մահից խուսափելու համար:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան. «Հումանիտար իրավիճակը աղետալի է , որովհետև նկատելի է մարդկանց մոտ թերսնուցման հետևանքով ուշաթափություններ: Հանրային առողջության ընդհանուր վիճակի վատթարացում է նկատելի հերթերում կանգնած մարդկանց մոտ՝ ծերերի, հղիների, երեխաների մոտ»:
Սոցիալական վիճակը փոքր-ինչ մեղմելու և բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու համար Ստեփանակերտում սկսել է բարեգործական ճաշարան գործել, տեղեկացնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը: Սուղ մթերքից ճաշատեսակներ կպատրաստվեն ու կմատուցվեն մարդկանց: Կամավորներն պատրաստի ուտելիքը հասցնելու են այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն լինի ճաշարան այցելել: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր տարեցները: