ԿարևորՔաղաքական

Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մանրամասները

Հայաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսազրույցին քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, հայտնում են ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանը Կատրին Կոլոննային է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով, որ այն կարող է միջազգային հանրության աչքի առջև վերածվել իրական հումանիտար աղետի:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Լաչինի միջանցքով լիարժեք և անխափան գործունեության ապահովման հրամայականը:

Նախարար Միրզոյանն անդրադարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու նպատակով Հայաստանի կողմից ներկայացված դիմումին:

Ադրբեջանը չի կատարում մինչ օրս միջազգային գործընկերների, կառույցների կողմից բազում հասցեական ուղերձները և, արդեն 8 ամիս արգելափակված պահելով Լաչինի միջանցքը, խախտում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, շեշտել է նախարարը։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շարունակական խորացումը կարող է վտանգի տակ դնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ընդգծելով առկա մեխանիզմներն արդյունավետորն օգտագործելու և Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը:

Back to top button