ԿարևորՀասարակություն

ԵՄ առաքելությունը հաստատում է․ ադրբեջանական զինուժը կրակ է բացել դիտորդների ուղղությամբ

ԵՄ դիտորդական առաքելությունը հաստատում է, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել դիտորդների ուղղությամբ։

«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին։ ԵՄ առաքելություն իրականացնող որևէ անդամ չի տուժել»,-ասված է առաքելության Թվիթերի էջում։

Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ ԵՄ դիտորդներից մեկը պատմում է, թե ինչպես են ադրբեջանական դիրքերից կրակել իրենց ավտոմեքենայի ուղղությամբ: Հայաստանում ԵՄ առաքելությունը ջնջեց Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հերքող գրառումը և քիչ անց հաստատեց կրակոցների փաստը։

Back to top button