ԿարևորՀասարակություն

11 զոհ, 6 ծանր վիրավոր. ինչպե՞ս կանխել մահաբեր վթարները

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսի և «ZIL» մակնիշի բեռնատարի վթարի 6 վիրավորների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Միկրոավտոբուսի ուղևորներից 10-ը և վարորդը մահացել էին տեղում։ Քնչական կոմիտեն փոխանցում է՝ միկրոավտոբուսը գտնվել է իր երթևեկելի գոտում, բեռնատարը՝ հանդիպակաց ուղեմասում։

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի 6 վիրավորների կյանքը դեռևս վտանգի տակ է։ Նրանցից երեքը, չնայած ծանր վիճակին, տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ։ Վիրավորներից մեկին, ծայրահեղ ծանր վիճակով պայմանավորված, Երևան տեղափոխել չի թույլատրվել։ Այս մասին «Ռադիոլուրին» հայտնել է Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը․  

-Մի հիվանդ կա, որը ծայրահեղ ծանր է, չեմ կարող իրեն տեղափոխել, չնայած որ Երևանի բնակիչ է։ Բազամաթիվ վնասվածքներ ունի, վիճակը թույլ չի տալիս, տեղափոխման ենթակա չի։
-Երևան տեղափոխվածներն էլ ե՞ն ծանր վիճակում գտնվում։
— Ծանր էին, բայց ստաբիլացել էին որոշակի, դրա համար վիճակները թույլ տվեց, որ տեղափոխեի։ Ամեն տեղի վնասվածք կար, հիմնականում գանգ, դիմային գանգ, վերջույթներ, թոքեր, մեծ մասի մոտ դա էր, ամբողջը, չկար մի տեղ, որ չէր վնասվել։ Հիմնականում որովայն էր հանգիստ, կրծքավանդակ վնասումներով, կողերի կոտրվածքով։

Միկրոավտոբուսով խումբը վերադառնալիս է եղել Արևմտյան Հայաստանկատարած ուղևորությունից։ Տուրիստական ընկերության տնօրենը «Ռադիոլուրին» հայտնեց, որ մեքենայում 19 ուղևոր է եղել։ 10 ուղևոր և վարորդը մահացել են տեղում։ Վթարի մյուս կողմի՝ բեռնատարի վարորդը ծանր վիրավորների թվում է։ Կեսօրին դեպքի վայրում քննչական գործողություններն արդեն ավարտվել էին։ Քնչական կոմիտեի փոխանցմամբ՝ պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ բախումը տեղի է ունեցել, երբ Volkswagen–ը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան ուղղությամբ, իսկ բեռնատարը՝ հանդիպակաց ուղեմասում՝ դեպի Գյումրի ուղղությամբ:

Մեզ հետ զրույցում ավտոդպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը նշում է՝ Երևան-Գյումրի ճանապարհը, հանրապետության մյուս ճանապարհների համեմատ, արտառոց վատ վիճակում չէ, սակայն այստեղ վթարները մասշտաբային են լինում․

«Շատ ավելի լավ ճանապարհ է, քան, ասենք, Սյունիք տանող գրեթե բոլոր ճանապարհները։ Բայց, լինելով համեմատաբար կամ անհամեմատ ավելի արագընթաց ճանապարհ, էդ ճանապարհն արդեն ավելի վտանգավոր է դառնում՝ չնայած ունենալով ավելի լավ ճանապարհային ծածկույթ ճանապարհի ավելի շատ հատվածներում։ Մենք ունեցանք 2021-ին ուղևորատար գազել կողաշրջվեց, 5 զոհ ունեցանք այդ ճանապարհին, դրանից ևս մի քանի տարի առաջ Հոռոմի խաչմերուկ կոչված հատվածում էլի վթար եղավ»։

Ստեփանյանը կոնկրետ դեպքի առթիվ չի շտապում եզրահանգումներ անել, ասում է՝ մահաբեր վթարները երկու պատճառ են ունենում․ վարորդի անփութությունը և ճանապարհի ոչ պատշաճ կահավորումը։

«Մեզ մոտ ամենամեծ պրոբլեմը ճանապարհների լուսավորությունը, կահավորանքն է։ Լուսավորությունը դեռ հասկանում եմ, որ շատ ավելի մեծ ծախսերի հետ է կապված, և միգուցե հնարավոր չէ այս փուլում ամբողջ հանրապետության ճանապարները լուսավորված լինեն, բայց կահավորանքը շատ կարևոր է։ Հանրապետությունում շատ-շատ ճանապարհներ կան, որ բավական երկար ժամանակ է, որ վերանորոգվել են, և էդ ճանապարհները դեռ նշագծված չեն։ Մի քանի օր առաջ ուշադրություն եմ դարձրել Տավուշի մարզի Աչաջուր-Սևքար հատվածին, բավականին երկար ժամանակ է, գուցե նաև 1 տարի է՝ ճապարահը ասֆալտապատված է, բայց նշագծված չէ։ Սև ասֆալտի վրա չունենալ նշագծում, գիշերը դա լուրջ վտանգ է։ Որոշ մեքենաների լուսարձակներ լավն են, որոշներինը լավը չեն․ ավտոպարկը չի փայլում իր նոր մեքենաներով»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Ռադիոլուրին» հայտնում են՝ տվյալ ճանապարհահատվածը որևէ խնդիր չի ունեցել, եղել է նորոգված և պատշաճ կահավորված։ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն» կազմակերպությունը ևս նշել է, որ վթարի հատվածում ճանապարհը կահավորված է անվտանգության համապատասխան տարրերով՝ գծանշված է, տեղադրված են ճանապարհային նշաններ։ Վթարի վայրում երթևեկության թույլատրելի արագությունը ժամում 50 կմ է։

Այս դեպքից 2 օր առաջ ոստիկանությունը հայտնել էր Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասին, որի հետևանով 3 մարդ զոհվել էր, 1-ը՝ վիրավորվել։

Արտաշես Ստեփանյանը մահացու վթարների թիվը նվազեցնելուն միտված գործողությունների իր պատկերացումն ունի։

Առաջին հերթին դրանք հանրապետության բոլոր ճանապարհների պատշաճ կահավորմանը, լուսավորմանը, գծանշմանն են վերաբերում։ Հաջորդ առաջարկը այդ ճանապարհների ողջ երկայնքով ոչ թե խախտում արձանագրող, այլ մոնիթորինգ իրականացնող սարքավորումների առկայությունն ապահովելն է․

«Լինի ինչ-որ շտաբ, որտեղ մարդիկ նստած նայում են երթևեկությունը։ Երբ տեսնում են ընդհանուր հոսքի մեջ ինչ–որ մեքենա սկսում է առանձնանալ արագ վարելով կամ կտրուկ գործողություններ անելով, ինչ-որ վտանգ տեսնելու դեպքում կապ տալ պարեկային ծառայությանը, մոտենա,ն կանգնեցնեն տվյալ մեքենան, գոնե ստուգեն փաստաթղթերն ու սթափությունը»։

Գործողություն երրորդ՝ վերակրթել վարորդներին։ Վարորդներին կրթողն ասում է՝ սոցիալական հոլովակներով ու արշավներով աջակցության կարիք կա․

«Անընդհատ, որ ալիքը թեքես, լինի սոցիալական գովազդի ժամ, ու մարդուն ասել՝ ինչ չի կարելի անել։ Ենթադրում եմ, որ պետք է նաև սոցիալական աշխատանքը, որպես տուգանքի միջոց, սկսեն կիրառել, որովհետև, ինչպես տեսնում ենք, ֆինասնական տուգանքը աշխատում է, բայց այնքան էլ լավ չի աշխատում։ Կան մարդիկ, ովքեր խախտում են անում, ֆինանսապես կայուն են, վճարում են և կրկնում այդ խախտումը։ Լինեն խախտումներ, որոնց համար ոչ թե լինի ֆինանսական պատասխանատվություն, այլ վարորդին ստիպեն կատարի սոցիալական աշխատանք, չգիտեմ ճանապարհ ավլի, ծերերի կենտրոնում մեկ օր անցկացնի, բայց պետք է նաև հետևել, որ դա իրենց փոխարեն այլ մարդ չանի»։

Առաջարկ-գործողությունների շարքը երկար է, բայց վերջում նույն կետին հանգող․ մահեր չեն լինի պետություն-քաղաքացի սինքրոնացված պատասխանատու վարքագծի դեպքում միայն։

Կարդացեք նաև

Back to top button