Գյումրիում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 12-ին ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնին։
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, անցկացվել է Գյումրու Վարդանանց հրապարակում: Այս տարի առաջին անգամ փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից և Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից:
Անահիտ Մանասյանն անակնկալ է մատուցել փառատոնի հյուրերին և մասնակիցներին՝ բեմում հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց հետ կատարելով «Արի, իմ սոխակ» երգը:
Այս տարի փառատոնի բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավ ստեղծելու փոխարեն նկարել են աչքի քանդակի վրա, տեղի է ունեցել նաև երաժշտախմբի երեխաների կողմից պատրաստված «աման-չաման» կավե սպասքի ցուցահանդեսը:
«Այն ամենը, ինչ չի փոխանցվում, կորսվում է։ Դա վերաբերում է նաև մեր զգացմունքներին և զգացողություններին, առաջին հերթինհենց սերը փոխանցելուն։ Պետք է կարողանանք սիրել ու մեր հոգում առկա սերը միմյանց փոխանցել։ Ավելին, կարևոր է, որպեսզի միմյանց սիրենք
յուրաքանչյուրիս առանձնահատկությունները նկատի ունենալով։
Այդ առանձնահատկություններն են, որ մեզանից յուրաքանչյուրին մեր անհատականության մեջ կատարյալ են դարձնում։ Ուզում եմ արձանագրել, որ «Ճախրուկ»-ը սիրո մասին է, մեր առանձնահատկությունների ու դրանցով պայմանավորվածմեր կատարելության մասին է, ու որ ամենակարևորը
մեր զգացողությունները չկորցնելու ու դրանք փոխանցելու ունակության մասին է։ Ես այդ ամենը հենց «Ճախրուկներ»-ի հետ իմ անցած ճանապարհին եմ նաև սովորել։ Սիրե՜նք միմյանց, պարզապես շատ սիրե՜նք։ Իսկ ամենակարևոր բանը կյանքում հոգու թռիչք ունենալն է», — ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը կարևորել է պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։ Նա նաև վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում միշտ կանգնած կլինի «Ճախրուկների» մեծ ընտանիքի կողքին: