ԿարևորՀասարակություն

Սեպտեմբերից ուսուցիչները կվերապատրաստվեն մասնագիտական կարիքների գնահատումից հետո միայն

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց է մշակել: Ուսուսցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատումն իրականացվում է երեք փուլով, ամեն տարի՝ սեպտեմբեր-հունվար ամիսներին: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման ենթակա են տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության ընթացիկ ուստարում հերթական ատեստավորում անցնող բոլոր ուսուցիչները:

ԿԳՄՍ նախարարությունը ուսուցչի մասնագիտական կարիքների գնահատման գործընթաց է սկսում։ Համաձայն կարգի՝ վերապատրաստումից առաջ, ըստ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային  կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանի, շատ կարևոր է, որ ուսուցիչը կարողանա գնահատել իր մասնագիտական կարիքները՝ համապատասխան մակարդակի վերապատրաստում ընտրելու համար․

«Նախկին տարիների փորձը ցույց տվեց  ատեստավորումից առաջ վերապատրաստումների ծրագրերը, քանի որ դրված էր մեկ ընդհանուր ծրագիր բոլորի համար։ Ուսուցիչները մասնակցում էին վրապատրաստման, որը  միշտ չէր, որ համապատասխանում էր իրենց կարիքներին։ Երբեմն ուսուցիչը գիտեր այդ մասով ավելի շատ, իսկ ավելի հաճախ ներկայացվող նյութն ավելի բարդ էր, ավելի պարզ տարբերակ էր պետք ներկայացնել ուսուցչին, որպեսզի ինքը հետագայում կարողանար դիմել ավելի բարդ ծրագրին դրանով վերապատրաստվելու համար»։

 Ուսուցիչները հարցաթերթիկների միջոցով պետք է գնահատեն իրենց կարիքները և  ընտրեն իրենց անհրաժեշտ մակարդակի վերապատրաստում ապահովող կազմակերպություն։ Սա, Արտաշես Թորոսյանի խոսքով, ավելի դինամիկ կդարձնի գործընթացը և կարիք չի լինի պարտադրել ուսուցչին մասնակցելու մի վերապատրաստման, որն իր կարիքներին չի համապատասխանում․

«Առաջիկայում հարցաթերթիկը կունենա լրամշակված տարբերակ, և օրինակը ԿԶՆԱԿ–ի կայքում կլինի, և ուսուցիչները օնլայն իրենց կարիքները կլրացնեն։ Եվ միանգամից կստանան պատասխան, թե իրենց ի՞նչ կարգի վերապատրաստումից օգտվել է առաջարկվում»։

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացի նպատակն է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների կարիքները վերհանելու և նրանց պահանջները բավարարելու միջոցով նպաստել վերապատրաստման դասընթացների արդյունավետության բարձրացմանն ու հանրակրթության կազմակերպման որակի բարելավմանը։

Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Սիմոնյանը երեկ է ծանոթացել նոր որոշմանը։Առաջիկա մանկխորհրդի նիստում այն կներկայացնի ուսուցիչներին։ Դպրոցի երկու նոր ուսուցիչ պետք է այս սեպտեմբերին համապատասխան վերապատրաստում անցնեն։ Այս դեպքում նրանց կարիքների գնահատում կիրականացվի, ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը․

«Կարծում եմ՝ սա լավ ընթացակարգ է այն իմաստով, որ, այո, ժամանակի ընթացքում կրթության չափանիշները փոխվում են, և նորարարական մեթոդների արդյունավետության անհրաժեշտություն է առաջանում դպրոցներում, և ուսուցիչների կարիքների գնահատումը կարևորվում է այն առումով, որ կարող ենք ուղարկել համապատասխան կարիքի վերապատրաստման, և  ուսուցիչը ավելի կատարելագործված գիտելիքներով կարող է մտնել դասարան ու կրթության որակ ապահովել»։

ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի խոսքով՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատումն իրականացվում է ինքնագնահատման, ինչպես նաև ուսումնական հաստատության տնօրենի, տնօրենի տեղակալի, առարկայական մեթոդական միավորման նախագահի դիտարկումների և դասալսումների միջոցով: Գնահատումն իրականացվում է ամեն տարի՝ սեպտեմբեր-հունվար ամիսներին: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատում պետք է անցնեն տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության ընթացիկ ուստարում հերթական ատեստավորման ենթակա բոլոր ուսուցիչները․

«Այդ հարցերին պատասխանելով, ուսուցիչը կարողանում է  գնահատել այս կամ այն ուղղությամբ իր կարիքը, որովհետև վերապատրաստումը մի թեմայի շուրջ չէ, վերապատրաստման ընթացքում ուսւոցչին ներկայացվում է օրենսդրությունը, հանրակրթության մասին օրենքը և հարակից օրենքները, որտեղ ներկայացված են ուսուցչի իրավունքները, աշակերտի իրավունքները, ուսուցիչները յուրացնում են դրանք հետագայում այդ իրավունքները պաշտպանելու խտրականությունից հեռու մնալու, արդարությունն ապհովելու և այլն»։

Հարցերը հիմնականում վերաբերում են ուսուցման կառավարման համակարգերին, մանկավարժների և սովորողների իրավունքներին, դասավանդման մեթոդաբանությանը, աշակերտների տարիքային առանձնահատկություններին, տարակարգի շնորհման, ատեստավորման ընթացակարգերին, ներառական կրթության կազմակերպմանը և այլն:

Back to top button