ԿարևորՀասարակություն

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը օգոստոսի 6-12-ը Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանում իրականացնում է «Տիեզերական ճամբար 2023» (#SpaceCamp2023) գիտակրթական ծրագիրը։

Օգոստոսի 8-ին ճամբարականներին էր այցելել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Նախարարի և ճամբարականների հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Նախարարը «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների հետ խոսել է Հայաստանի համար տիեզերական տեխնոլոգիաների կարևորության մասին, նշել, որ մեր երկրի առաջընթացը կապվում է գիտության և տեխնոլոգիաների զարգացման հետ:

Ռոբերտ Խաչատրյանը անդրադարձել է հայկական առաջին արբանյակին, տիեզերական գործունեության ոլորտի մասնագետների պահանջարկին, ԱԹՍ-ներից արված լուսանկարների վերծանմամբ և մշակմամբ զբաղվող մասնագետների անհրաժեշտությանը։ Նախարարը վստահ է, որ հենց «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցներն են վաղն արդեն համալրելու մեր երկրի համար այդքան պահանջարկ ունեցող մասնագետների շարքերը։

Հանդիպման ընթացքում ճամբարականները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին տիեզերական գործունեության, արբանյակաշինության, նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, մի շարք այլ թեմաների շուրջ։ Ծավալված հետաքրքիր քննարկման ընթացքում ճամբարականները նաև կարծիքներ ու նկատառումներ են ներկայացրել Հայաստանի տիեզերական ապագայի մասին, պատմել իրենց նպատակների, գաղափարների ու ծրագրերի մասին, անդրադարձել տիեզերքին վերաբերող բազմաթիվ թեմաների։

Այնուհետև նախարարը շրջել է ճամբարի աշխատարաններում, որտեղ մասնակիցները թիմերի բաժանված պրակտիկ աշխատանքներ են կատարել։

Ճաբարականները նախարարին են ներկայացրել արդեն իրականացված աշխատանքների արդյունքները՝ ԱԹՍ-ներով իրենց կողմից կատարված լուսանկարների, արբանյակներից ստացած օպերատիվ և արխիվային տվյալների մշակումները, վերլուծությունները, եզրակացություններն ու առաջարկությունները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արդեն 3-րդ տարին անցկացվող գիտակրթական ճամբարն այս տարի աննախադեպ էր դիմումների քանակով։ Մասնակցության դիմում ներկայացրած 1029 պատանիներից, թեստային առաջադրանքի արդյունքներով, ընտրվել են առավելագույն միավորներ հավաքած 107-ը։

Ճամբարային 7 օրերի ընթացքում «Տիեզերական ճամբար 2023»-ի մասնակիցների համար անցկացվում են դասախոսություններ և գործնական աշխատանքներ աստղագիտության, երկրի հեռակա դիտարկման տեխնոլոգիաների, երկրատեղեկատվական տեխնոլոգիաների, արբանյակների կառուցվածքի, ենթահամակարգերի վերաբերյալ։

Դասախոսություններից և ոլորտային աշխատաժողովներից բացի, ճամբարականների համար անցկացվում են արշավներ, ազգային պարերի ուսուցում, ֆիլմերի դիտում, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ:

Back to top button