ԿարևորՀասարակություն

ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության մշտական խոչընդոտումը և վերջինիս պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն, թվիթերում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Մենք գնահատում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը Լեռնային Ղարաբաղում, ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից դրա գործունեության մշտական խոչընդոտումը և ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն։ Ավելի քան 1760 մարդ զրկված է բուժօգնությունից, հազարավոր մարդիկ դեղորայք չունեն»,- գրել է նա:

Հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առեւանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ Վագիֆ Խաչատրյանն անցնում է «դեկտեմբերի 22-ին հարուցված քրեական գործով՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում 1991 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական ապօրինի զինված խմբավորումների անդամների կողմից ցեղասպանության, ազգությամբ ադրբեջանցիների տեղահանության, պետությանը պատկանող գույքի ոչնչացման և վնասման փաստերով»։ Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանի իրավապահները Խաչատուրյանին մի շարք ծանր հանցանքներ են վերագրում, այդ թվում՝ «գյուղի վրա զինված հարձակում իրականացնելու, որի հետևանքով 25 ադրբեջանցի է սպանվել»։

Back to top button