ԿարևորՀասարակություն

Կարկուտ՝ ձվի չափ. Ալավերդիում աղետալի վիճակ է, մարդիկ ակնկալում են Կառավարության աջակցությունը

Ալավերդու տարածաշրջանում տեղացած ուժգին կարկուտը մեծ ավերածություններ է պատճառել համայնքին: Խիստ տուժել է համայնքի բնակֆոնդն ու տրանսպորտային պարկը: Բնակիչները լուրջ վնասներ են կրել: Համայնքային հանձնաժողովները 300-ից ավելի բնակիչների հետ են հանդիպել,  վնասի չափ ճշտել: Համայնքային իշխանությունները ակնկալում են կառավարության գործուն աջակցությունը՝ աղետից տուժած բնակիչների փոխհատուցման հարցում, որովհետև միայնակ ի զորու չեն:

Օգոստոսի 2-ի երեկոյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցն ակնթարթորեն ողողվեց աննկարագրելի խոշոր չափերի կարկուտի նկարներով ու տեսանյութերով: Մարդիկ ահաբեկված էին: Ալավերդիում տեղացած տևական կարկուտն աղետալի վնասներ է հասցրել թե քաղաքին, թե խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերին: Օձունում բերքի 80 % -ը հողին է հավասարվել:

«Նման կարկուտ կյանքումս չէի տեսել, ջարդեց-փշրեց, հողին հավասարեցրեց ամեն ինչ,-«Ռադիոլուր»-ին է պատմում տիկին Ռուսիկոն՝ Ալավերդու Սարահարթ թաղամասից:  Մինչև հիմա ահուդողի մեջ ենք. «Մոտավոր 40 րոպե է տևել: Ահավոր վնասներ ենք կրել, ջարդել տանիքներ, ապակիներ, մեր տանինը լրիվ փշրել է ու այդպես ամբողջ շենքը: Աննկարագրելի էր, էդպես բան մենք տեսած չէինք, որ ապակիները ջարդի: Չգիտեմ ոնց նկարագրեմ: Արդեն 3-րդ օրն է ահաբեկված նստած ենք»:

«Տղայիս Մերսեդեսն է վնասվել»,-ասում է նույն թաղամասի բնակիչ Լևոն Մխիթարյանը: Հայելիներն ու դիմապակիներն է փշրել, թե ոնց ենք սարքելու, չնախատեսված ծախս էր:

Լևոն Մխիթարյան. «Կապոտը բագաժնիկը, կրիշը փոսեր ա լրիվ գցած, 2 պադպրեսն ա կոտրած՝ առաջի ու ետևի: Գնային չի կարող ասել, նորոգողը պիտի նայի, ասի»:

Ալավերդի խոշորացված համայնքն աղետալի վիճակում է հայտնվել,- «Ռադիոլուր»ի հետ զրույցում ասաց  համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը: Նման տևական ու ավերիչ կարկուտ չի հիշում: Այդ գիշերն անձամբ եմ շրջել թաղամասերով: Այժմ վնասի չափերն ենք հաշվում: Առանց կառավարության աջակցության չենք հաղթահարի այս աղետը՝ ասում է։

Արկադի Թամազյան. «Դեռ աշխատում է հանձնաժողովը, քանի որ աղետը շատ մեծ էր և բազմաթիվ բնակավայրեր է ներառել, Ալավերդի քաղաքը, Օձուն, Հագվի, Հաղպատ, Ծաղկաշատ, Սանահին, Ակներ գյուղերը: Բնական լուրջ աղետ էր:  Շատ ահավոր վնասվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, մեքենաներ, նաև համայնքային, գյուղատնտեսությունն ա վնասվել, կարկուտը եղել ա ձվից ավելի մեծ: Մենք ունենք 6 նոր միկրոավտոբուսներ ձեռք բերած, դրանք էլ են վնասվել: Մեր կառավարությունը եթե աջակցություն չցուցաբերի, մենք գտնվում ենք աղետալի վիճակում»: 

Մարդիկ վարկեր են վերցրել, այգիներ գցել, որ եկամուտ ունենան: Կարկուտը սրբեց տարավ, ցորենն ու եգիպտացորենը դեռ չէին հավաքել, այսօր մնացել են  միայնակ բնական աղետի հետ- սրտնեղում է Օձունի վարչական ղեկավար Սուրեն Ճուղուրյանը. «Չեք պատկերացնի, դաշտեր են ամայացել, մարդիկ ներդրում են արել, հսկայական ներդրումներ, չեմ խոսում նաև բնակելի տների մասին, շատ տանիքներ ամբողջովին շիֆերները քանդվել են, անտանելի վիճակ ա: Հասցրել ենք մոտ 20 հեկտար ցորեն հնձել, մնացածը ուղղակի անհնար ա: Հեկտարներով մարդիկ  ցանել ու սպասում են: Մալինայի ամբողջ ցանքսերը զրոյացել են, հոնենիներ, խնձորենի, սալոր, մարդիկ մեծ ներդրումներով այգիներ են ստեղծել, էդ այգիների 80 տոկոսը չկա»:  

Ճուղուրյաի խոսքով՝ բոլորն էլ մեծ սպասումներ ունեն կառավարությունից, որ գոնե որոշ աջակցություն կտրամադրվի, որովհետև կարկուտն աննախադեպ էր: Վանաձորի  ապահովագրական գրասենյակներից մեկի  տնօրեն Վահե Կռոյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց, որ Ալավերդու տարածաշրջանից դիմողներ չեն եղել մեքենայի հետ կապված փոխհատուցումների նպատակով: Մարզերում, ասում է, դեռևս չի ձևավորվել բնական աղետներից սեփականությունն ապահովագրելու մշակույթը, լինի մեքենա, թե այլ գույք, ի տարբերություն մայրաքաղաքի, ուր այն բավավական արդյունավետ գործում է:

Վահե Կռոյան. «Տվյալ պարագայում բնական աղետը քո մեքենային է վնասել, դու պիտի ունենաս Կասկո պայմանագիր, որ ստանաս փոխհատուցում, իսկ ավտոմեքենաների քիչ տոկոսն ունի Կասկո, համենայն դեպս Լոռու մարզում: Խлորհուրդ ենք տալիս բոլորին նախապես, եկեք ձեր մեքենաները ապահովագրեք»: 

Լոռու մարզպետարանում սպասում են համայնքային  հանձնաժողովների աշխատանքների ավարտին: Վնասի չափերի մասին  արձանագրությունները սկզբում կուսումնասիրի մարզպետարանի արտակարգ իրավիճակների մշտական հանձնաժողովը, որն էլ իր հերթին կանցկացնի կրկնակի ստուգումներ և ամփոփ արձանագրություններ կներկայացնի ներքին գործերի նախարարություն:

Back to top button