
Վանաձորցի մի խումբ հաշմանդամություն ունեցող երեխաների արգելել են մտնել հանրային տարածք՝ պատճառաբանությամբ, որ նրանք կխանգարեն տարածքում գտնվողների հանգիստը: Մինչ սոցիալական հարթակներում դատապարտում են տեղի ունեցածը, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցներն այն խտրականություն են համարում՝ հաշմանդամության հիմքով: Հանրային տարածքի ղեկավարությունից մինչ օրս չի եղել որևէ պաշտոնական պարզաբանում կատարվածի վերաբերյալ:
Օգոստոսի 6-ի առավոտյան հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաներ` կամավորների ուղեկցությամբ Վանաձորից ուղևորվել են մայրաքաղաքի Ակվատեկ փակ ջրային համալիր: Երազանքի ուղևորությունը, սակայն, ավարտվել է Ավատեկի դարպասների մոտ: Սկզբում ասել են մուտքավճարը 2500 դրամ է, հետո պարզվել է՝ 4000 դրամ են վճարելու: Դրան էլ են համաձայնել: 30 րոպե սպասեցնելուց հետո, երեխաներին այդպես էլ թույլ չեն տվել մտնել ջրային համալիրի տարածք՝ առաջարկելով «Վալենսիա» համատեղ ձեռնարկության կազմում գտնվող Ջրաշխարհ բացօթյա համալիրի տարածքը:

«Երեխաներն այնքան էին սպասում այդ օրվան, բայց շատ տխուր ու տհաճ բան է տեղի ունեցել,-«Ռադիլուր»-ին ասաց երեխաներից մեկի տատիկը, ով առաջինն էր գրառում արել այդ մասին Ֆեյսբուքում:
Հասմիկ Սողոմոնյան․ «Սպասել են երկար, մոտ 30 րոպե մնացել են: Տնօրեն ներկայացած մարդը կամավորներից մեկի հետ մտել է ներս, ասել, որ ներսում շատ մարդ կա, էս մարդիմ կխանգարեն ձեզ, դուք էլ իրենց, դրա համար մենք չենք կարող ձեզ թույլ տալ մտնել Ակվատեկ: միջադեպը շատ տխուր, տհաճ միջադեպ է, որին խնդիրներ ունեցող երեխաները, նրանց մայրերեը հանդիպում են ամեն քայլափոխի»:
Տհաճ միջադեպից հետո երեխաները հյուրընկալվել են մեկ այլ լողավազանում, վայելել հաճելի ժամանակ ու վերադարձել Վանաձոր: Ակվատեկը փակ էր և երեխաները արևի ճառագայթներից պաշտպանված կլինեին, ասում է տիկին Հասմիկը: Փաստորեն փակ տարածքի հաճախորդների ու նրանց երեխաների հաճելի ժամանցը հաշմանդամություն ունեցող երեխաների ներկայությամբ չխաթարելը զրկեց մեր երեխաներին այնքան երազած Ակվատեկ մտնելու հնարավորությունից: Նման միջադեպերն անտեսելն ու չբարձրաձայնելը վտանգավոր են ներառական հասարակության ճանապարհին:
«Դատելով այս պահին ունեցած տեղեկություններից՝ տեղի ունեցածը հաշմանդամության հիմքով խտրականություն է և պետք է իրավական հետևանքներ ունենա ընկերության համար»,- ասում է «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով վարչապետի խորհրդական Սուրեն Մաղաքյանը: Մեր երկիրը 2010-ին միացել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ կոնվենցիային և ստանձնել մի շարք պարտավորություններ: 2021-ին էլ ազգային օրենսդրությամբ է ամրագրվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը: Մաղաքյանը մեջբերում է ՄԱԿ կոնվենցիայի 5-րդ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածները և կարծիք հայտնում, որ այս միջադեպը մեր ներպետական օրենսդրության կիրառման յուրօրինակ քննություն է:
Սուրեն Մաղաքյան «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ․« 5-րդ հոդվածն ուղղակիորեն բացառում է խտրականությունը հաշմանդամության հիմքով և նման խտրականությունը որակում որպես բռնություն մարդու հանդեպ, բացի այդ 2021-ին ընդունվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը, որտեղ 13-րդ հոդվածով արգելում է որևէ խտրականություն հաշմանդամության հիմքով»:
Ասել, որ վերջին տարիներին մեր երկրում փոփոխություններ չեն եղել, այնքան էլ ճիշտ չէ՝ ասում է «Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը: Ներառականությունը բոլոր երկրներում էլ խոչընդոտների է հանդիպել՝ ասում է: Որպես հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող բազմիցս է բախվել նման խեթ ու դժգոհ հայացքների՝ տղայի հետ հանրային վայրեր այցելելիս: Արտերկրում, ասում է, հաշմանդամություն ունեցողին՝ երեխա, թե մեծ, ընդունում են ժպիտով ու սիրալիր, անգամ ոտքի կանգնում, ճանապարհ տալիս, եթե սրճարան կամ այլ վայր սայլակով ես մտնում: Մեր երկրում ամեն օր պայքարում ես երեխայիդ իրավունքների համար: Սոցհարթակներում, ասում է, մեկօրյա գրառումների ու դատապարտումների փոխարեն, ներառականությունը պիտի հստակ գործիքակազմերով պաշտպանված լինի: Եթե խտրականություն դրսևորողը տուգանվի, հաջորդ անգամ այդպես չի վարվի: Արմատական, բայց գործող մեխանիզմ է՝ համոզված է Նարինեն։
Նարինե Մանուկյան «Հայ մայրեր» ՀԿ նախագահ․ «Մարդը պիտի իմանա, որ եթե իր սրճարան գալիս է հաշմանդամություն ունեցող մարդ և ինքը որևէ կերպ խոչընդոտում է այդ մարդու մուտքը, հանգիստը, ինքը տուգանվելու է, ինչպես տուգանվում են ճանապարհը սխալ տեղից անցնելու համար, կարմիր գծերը կամ երթևեկության կանոնները խախտելու համար: Ծառայությունները պիտի հավասարապես հասանելի լինեն բոլորին: Այդ ժամանակ կունենանք իսկապես արագ փոփոխություն»:
«Ակվատեկ» համալիրն օգոստոսի 7-ին ֆեյսբուքյան պաշտոնական էջում պարզաբանում տեղադրեց՝ նշելով, որ երեխաների խմբի ղեկավարը ջրային գոտու հնարավորությունները վերլուծելով, տեսնելով մարդաշատ ջրային լողավազանները, որոշել է հետևել «Ակվատեկ»-ի աշխատակիցների առաջարկին և խմբի հանգիստը կազմակերպել նույն ընկերությանը պատկանող «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոնում, որն ավելի մեծ հնարավորություններ է առաջարկում հաշմանդամություն ունեցողներին: «Ջրաշխարհ»-ում հաշմանդամություն ունեցող 8 երեխաներին առաջարկվել է անվճար մուտք, ինչը գոհունակությամբ է ընդունվել խմբի ղեկավարի կողմից, սակայն անհայտ պատճառներով՝ խումբն ի վերջո մուտք չի գործել «Ջրաշխարհ»: Միջադեպին արձագանքել է նաև ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Պաշտպանը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը»,-նշված է պաշտպանի գրասենյակի հաղորդագրության մեջ: Առաջիկայում պաշտպանի աշխատակազմը կիրականացնի դեպքի հանգամանալից ուսումնասիրություն՝ միջադեպի պատճառները պարզելու համար:
Հասմիկ Սողոմոնյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց նաև, որ օգոստոսի 7-ին պարզաբանումների նպատակով, Ակվատեկ այցելության ժամանակ, տնօրինությունը, առանց զգուշացնելու, գաղտնի ձայնագրել և մոնտաժել է իր խոսքերը՝ որով իբր ինքը ներողություն է խնդրում և հրապարակել ֆեյսբուքյան էջում: Հասմիկ Սողոմոնյանը պատրաստվում է այս մասին տեղեկացնել ՀՀ ՄԻՊ գրասենյակին:









