ԿարևորՀասարակություն

Զբոսաշրջության ոլորտում օրենսդրական նոր կարգավորումներ` ծառայություն մատուցողների համար

Զբոսաշրջության ոլորտում օրենսդրական փոփոխություններ են սպասվում։ Անցյալ շաբաթ կառավարության նիստում փաթեթն արժանացել հավանության։ Ոլորտն այժմ կարգավորվում է 2003-ին ընդունված օրենքով, իսկ նոր կարգավորումների անհրաժեշտության մասին մասնագետները վաղուց էին խոսում։ Առաջարկվող փոփոխությունները փորձագետները համարում են անգամ ուշացած, բայց համոզված են, որ դրանք լուծում կտան մի շարք խնդիրների, որոնք առաջացել են դինամիկ զարգացումների պայմաններում։

Թեպետ տարիների ընթացքում 2003 թվականին ընդունված օրենքում կատարվել են տարբեր փոփոխություններ, զբոսաշրջության ոլորտի մի շարք խնդիրներ մնացել են չլուծված։ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի վարչության պետ Անահիտ Մկրտչյանը կարծում է, որ առաջարկվող նոր փոփոխություններով դրանք կհանգուցալուծվեն։ Օրինակ՝ զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտներին ներկայացվող պահանջներն են հստակեցվում, քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանություն ամրապնդվում, նաև զբոսաշրջային գործունեության նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խնդիրն է հստակեցվում։ Վստահեցնում է՝ օրենքը մշակելիս համագործակցել են մասնավոր հատվածի ներկայացուցիչների ու փորձագետների հետ, այդ թվում՝ միջազգային։ Կարևոր փոփոխություններից մեկը՝ զբոսաշրջային ծառայությունների մատուցումը դարձվում է ծանուցման ենթակա գործունեություն, ինչի արդյունքում կստեղծվի նաև էլեկտրոնային գրանցամատյան։ Ծանուցման վերաբերյալ դրույթը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունիսի 30-ից։   

«Զբոսաշրջային օպերատորները, գործակալները, հյուրանոցային ծառայություն մատուցող անձինք՝ զբոսավարները և ուղեկցորդները ներկայացնելու են ծանուցման օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերն ու նաև մի շարք այլ փաստաթղթեր, որոնք, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, արդեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի շրջանակում կհաստատվեն»։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները կարևոր են, նույնիսկ՝ մի փոքր ուշացած, իսկ ծանուցման պահանջի անհրաժեշտության մասին իրենք վաղուց են խոսել։ Նա կարծում է, որ դրանք կնպաստեն գործարար-մրցակցային արդար միջավայրի բարելավմանը։   

«Էս գործընթացը ոչ թե որոշ, նույնիսկ՝ անբարեխիղճ անձանց, դաշտից դուրս մղելուն է ուղղված, այլ՝ ընդհակառակը, բոլորին է հրավիրում հավասար պայմաններով, բարեխիղճ աշխատելու։ Նրանք պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված որոշակի չափանիշների և հաշվառվեն՝ ստանան այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը, որից հետո իրենց գործունեությունը իրականացնեն օրենսդրության սահմանած պահանջներին համապատասխան»։

Ծանուցումը նման է լիցենզավորման գործընթացին, բայց ավելի պարզ ու արագ մեխանիզմ է։ Սա նաև նրա համար է, որ, Ապրեսյանի ձևակերպմամբ, ով ասես չզբաղվի ծառայություն մատուցելով, գցելով թե՛ ոլորտի, թե՛ երկրի իմիջը։ Անահիտ Մկրչյանի խոսքով՝ չծանուցելու դեպքում նախատեսվում է պատասխանատվություն անօրինական ձեռնարկատիրություն իրականացնելու համար։ Ծանուցումը բերում է նաև էլեկտրոնային գրանցամատյանի անհրաժեշտության, որը բաց է լինելու բոլորի համար։ Ցանկացած ոք կկարողանա տեսնել՝ օգտվում է օրինակա՞ն, թե ապօրինի զբոսաշրջային ծառայություն իրականացնողից՝ իր բոլոր հետևանքներով։

«Այսինքն, սպառողները կարող են հանգիստ լինել։ Դառը փորձը հաշվի առնելով են փոփոխություններն արվել»։

Խնդիրներից խուսափելու համար՝ առաջարկվում է պարտադիր պայմանագիր կնքել, որում ամրագրվում են նաև ռիսկերը՝ երաշխիքի պահանջի ներդրմամբ, որը պետք է ներկայացնի ծանուցող տուրօպերատորը։ Դրանք էլ իրենց հերթին վերահսկվելու են։ Այսինքն՝ անհնար կլինի, որ որևէ փաթեթ գնելով ու մեկնելով որևէ երկիր, հանկարծ պարզվի, որ սպառողը չունի այն փաթեթը, որի համար վճարել է։ Մեխակ Ապրեսյանը համոզված է, որ դա հնարավորություն կտա նաև խուսափելու ամենատարբեր խաբեություններից, ինչին պարբերաբար բախվել են զբոսաշրջային տարբեր ծառայություններից օգտվողները։  

«Զբոսաշրջային ընկերությունը, եթե խախտի օրենքի պահանջը, արդեն կկրի պատասխանատվություն, արդեն կարող է դա սպառնալ նրանց գործունեության կասեցմանը»։

Երաշխիքային մեխանիզմները ոչ միայն սպառողների իրավունքներն ապահովելու համար են, այլև օգտակար են հենց տուրօպերատորների համար։ Տնտեսվարողները պետք է գիտակցեն, որ ներդրվող այս բոլոր մեխանիզմները իրենց կյանքը բարդացնելու համար չէ, այլ՝ հակառակը, ասում է Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահը։ Ապրեսյանը հույս ունի, որ առաջարկված մեխանիզմները կարդարացնեն իրենց։ Փորձագետը չի ակնկալում, որ փոփոխություններով ոլորտի խնդիրները 100 տոկոսով կլուծվեն, բայց համոզված է, որ առկա խնդիրների առնվազն 80-ի տոկոսին լուծում տրվում է։

Մինչ այդ՝ փոփոխությունների փաթեթը դեռ քննարկվելու է ԱԺ-ում։ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ կան հարցեր, որոնք այդ քննարկումների ժամանակ կգտնեն ավելի արդյունավետ լուծումները։ Ըստ նրա՝ օր առաջ պետք է ունենալ այդ փաթեթը։

Back to top button