Մեծածախ շուկայում բանջարեղենի ցածր գինը պայմանավորում են նաև Արցախի շրջափակմամբ


Արմավիրի մարզի Արաքս գյուղում նախկինում գերակշռողը բանջարեղենի ցանքատարածքներն էին։ Հետագայում դրանք աստիճանաբար փոխարինվեցին պտղատու այգիներով: Բաց դաշտերում բանջարեղեն հիմա քչերն են մշակում, ասում են՝ աշխատատար է ու դժվար: Կանոնավոր ոռոգման դեպքում բավականին շատ բերք են ստանում, բայց այն հիմա դժվարությամբ սպառում են միայն ներքին շուկայում։ Նախկինում բերքի մի զգալի մասն իրացվել է Արցախում:
Դեղձի, ծիրանի, սալորի այգիները հետզհետե կրճատեցին Արաքս գյուղի վարելահողերի ցանքատարածքները, որտեղ երկար տարիներ բանջարեղեն են մշակել՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ, լոբի և այլն: Պատճառները տարբեր են. ոռոգման ջրի պակաս, իրացման ցածր գին, դժվար ու երկարատև աշխատանք արևի տակ:


Զրուցակիցներս գյուղի չմշակվող հողերը վարձակալել ու բանջարեղեն են մշակում. «Բանջարեղեն շատ չեն մշակում, որովհետև մարդիկ ձգտում են հեշտ աշխատանքի: Այսինքն՝ իրենց հողամասերում պտղատու այգիներ են հիմնում և այդքան շատ չեն չարչարվում: Սեզոնին մի ընթացք է աշխատանք պահանջվում՝ բերքը հավաքեցին, վաճառեցին, եկամուտ ստացան ու դրանով ամբողջ տարին ապրում են: Բանջարեղեն շատ չեն դնում, որովհետև մշակելը դժվար է»:
«Մեր առողջական վիճակն արդեն վատացել է. ողնաշար չի մնացել, էլ չենք կարողանում, ճիշտ է ջահել ենք, բայց արդեն այնքան հիվանդություններ կա մեր վրա, որոնք հողից են առաջացել: Վիճակ չունենք, որ օրավարձով աշխատողներ բերենք, ստիպված մենք ենք անում»:


Բանջարեղենի մշակությունը ձեռնտու է գյուղացիներին, եթե մեծածախ շուկայում բանջարեղենի գինը բարձր է՝ ասում են հողի մշակները: Սակայն լինում են դեպքեր, երբ շուկայում լճացած ապրանքը թափում են ու ձեռնունայն վերադառնում տուն: Այդ խնդրին զրուցակիցս բախվել է մեծածախ շուկայում նազրվան սորտի վարունգ վառելիս.
«Երկու օր եմ շուկա գնացել, 27 արկղ վարունգ էի տարել, բայց ամբողջ գիշերվա ընթացքում 3 արկղ եմ վաճառել, մնացած բերքը բերել եմ տուն, հետո տարել Թալինի գյուղերից մեկում վաճառել: Շուկայում չէին էլ մոտենում վարունգին, մեծածախ գինը 150 դրամից 200 դրամ է՝ որակով է պայմանավորված: Չէին էլ հարցնում, մի օր տարա չվաճառվեց, բերեցի շուրջ 250-300 կգ վարունգը լցրել եմ առուն ու գնացել: Նազրվանը գործարանը չի վերցնում, միայն ռուսական սորտն է ընդունում՝ մարինադ պատրաստելու համար»:


Մեծածախ շուկայում վարունգ շատ չի վաճառվում, իսկ բանջարեղենի տարբեր վաճառքի կետերում նազրվան վարունգի 1 կգ-ը վաճառվում է 600 դրամով: Երիտասարդ հողագործը պատմում է, որ այս տարի 3000 քմ վարունգ է մշակել, բայց տևական անձրևների պատճառով բույսի աճը հետ էր ընկել:
«Անձրևներից բույսերը չորացել էին, բուժեցինք, անձրևների դադարից հետո վերականգնվեցին: Այս տարի վարունգի դեղնած, չորացած ցողուններն ու տերևները ծառի նման էտել ենք: Բերքը մի քանի անգամ ուշ հավաքեցինք»:


Բացի վարունգից, զրուցակիցս նաև 1 հա լոլիկ է ցանել, 2000 քմ էլ՝ պղպեղ ու սմբուկ: Պղպեղն ու լոլիկն անցած տարի շուկայում ավելի բարձր գնով են վաճառել, քան այս տարի.
«Անցած տարի լոլիկի 1կգ 100 դրամ էր, օգոստոսի 7-ին 100 դրամով վաճառել եմ, բայց այս պահին 60-70 դրամ է, իսկ ջերմոցինը՝ 90 դրամ: Մինչև գործարանները չընդունեն, ջերմոցինը չվերջանա, հողի լոլիկի գինը չի բարձրանա: Շատ լավ բերք ունենք»:


Արաքս գյուղում հիմա ոռոգման ջրի խնդիր չունեն, ջրանցքում ջուր կա, հողը ժամանակին ջրում են.
«Մեր տարածքների վրա ավելի շատ դեղձի ու ծիրանի այգիներ են, քան բոստանները: Առաջին հերթին ոռոգման ջուրն ուղղում են բոտսաններին, եթե ես հիմա ջրեցի, 3 օր հետո նորից եմ ջրելու, որովհետև արևը շատ է չորացնում, պոմիդորը մեկ շաբաթ կամ 10 օր չի դիմանա»:
Արմավիրի բաց հողատարածքներում մշակվող բանջարեղենը հիմնականում սպառվում է ներքին շուկայում: Արաքսում լոլիկը դեռ չենք հավաքում, ասում են՝ գինն էժան է։ Դա պայմանավորում են նաև Արցախի շրջափակումով: Նախկինում բերքի մի զգալի մասն այնտեղ է իրացվել.


«Հիմա, որ Ղարաբաղ ապրանք չի գնում, տեղի բերքի գինն ինքստինքյան իջնում է: Արցախից գալիս մեզնից բերքն առնում, տանում ու այնտեղ վաճառում էին՝ պոմիդոր, վարունգ, ամեն ինչ, ինչը որ Հայսաստանում աճում է ու օգտագործվում, տանելու տեղ կար, իսկ հիմա ու՞ր տանեմ, հո՞ չեմ տանի Վրաստան»:
Զրուցակիցներս ասում են՝ դժվարությունները կհաղթահարեն ու կշարունակեն բանջարեղեն մշակել, եթե բարձր գնով իրացման կայուն շուկա ունենան: Իսկ հիմա սպասում են բանջարեղենի պահածոյացման շրջանին, երբ գործարաններն ու տնային տնտեսուհիները գործի կանցնեն: