

Տարբեր քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կոչով դիմել է ՄԱԿ-ին և աշխարհին՝ միջամտել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծանր հումանիտար ճգնաժամին։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է: 120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում:
30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է: Մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել: Բացե՛ք Լաչինի ճանապարհը»,- ասվում է Արթուր Աբրահամի ուղերձում: