ԿարևորՏնտեսական

«Բյուջեն մերն է՞»․ քաղաքացիներն ու ՀԿ-ները կարող են գնահատել կառավարության ծրագրերը 

Պետական բյուջեի «լեզուն» առավել հասկանալի դարձնելու համար համակարգում 2 փոփոխություն է կատարվել․ մեկը կարող է հետաքրքրել քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին, մյուսը՝ մասնագիտական շրջանակներին։ Բայց, եթե մասնագետների համար փոփոխությունն ընկալելի է, հանրությանն ուղղված միջոցառումը առայժմ անտեսված է մնում։ Ինչպես կարող են քաղաքացիները կարծիք հայտնել բյուջետային ծախսերի վերաբերյալ։

Քաղաքացիների ձայնը լսելի կդառնա․ տարվա «եկամուտների և ծախսերի» գլխավոր փաստաթղթի քննարկման գործընթացում առկա է փոփոխություն։

Գերատեսչություններն իրենց բյուջետային հայտերը ձևավորելիս պետք է ներգրավեն ոլորտին առնչվող քաղհասարակության կառույցներին, հասկանալու, թե ծրագրերը որքանո՞վ են համապատասխանում հասարակության սպասելիքներին։ Առայժմ, սակայն, վաղ է գնահատել փոփոխության արդյունքները։ Նախարարություններում քննարկման օրը ավելի շատ զբաղված են պաշտոնատար անձանց, քան թե «հասարակության ձայնը լսելի դարձնողների» աթոռները։

«Էդ առումով, ճիշտն ասած իրավիճակը էդքան էլ բարվոք չի, հիմնականում, քանի որ նոր է ներդրվում։ Մենք առիթ ունեցանք այս թեման քննարկել նաև ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ և ստացանք մեկնաբանություն, որ փորձել են հենց իրենք՝ ֆինանսների նախարարության օրինակով էդ գործընթացն իրականացնել, արդյունքում ընդամենը 1 կազմակերպություն է պատրաստակամություն հայտնել ներգրավված լինելու»։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանի մեկնաբանությունը 2024 թ.-ի բյուջետային քննարկման մասին է։ Նրա խոսքով՝ գնդակը կառավարության դաշտում է․ գործադիրը պետք է առավել ակտիվ  իրազեկի, որ քաղհասարակության կառույցները կարող են մասնակցել գործընթացին։

«Եթե օրինակ, առողջապահության նախարարության բյուջեի պլանավորում է լինում, բնականաբար նախընտրելի կլինեն, որ ներգրավված լինեն էն հասարակական կազմակերպությունները, որոնք ներգրավված են առողջապահական ոլորտում։ Եթե էկոլոգիական խնդիր է, բնականաբար բնապահպանական կազմակերպությունները։ Այսինքն պետք է աշխատեն ոլորտային կառույցների հետ, որոնք ունեն հետագիծ էդ ոլորտում»։

Արդյո՞ք ակտիվ լինելու դեպքում քաղհասարակության կարծիքը հաշվի կառնվի։ Վերլուծաբանի մեկնաբանմամբ՝ կազմված ծրագրերի մասին նրանք կարող են տալ բացասական եզրակացություններ, փոխարենն առաջարկեն նորերը։ Նա իրատեսական է համարում, որ հիմնավոր դիրքորոշմամբ քաղաքացիները կարող են ազդել բյուջետային որոշումների վրա։

 «Օրինակ, դիցուք ճանապարհը կառուցվել է, բայց, միգուցե այդ ճանապարհը չի համապատասխանում տեխնիկական պահանջներին։ Իհարկե դուք կասեք, որ գոյություն ունեն տեխնիկական վերահսկողների ինստիտուտ, հեղինակային վերահսկողություն։ Հասարակական կազմակերպությունները այլ տեսանկյունից կարող են հարցին նայել՝ ինչքանո՞վ է նպատակահարմար կոնկրետ փողոցը, կոնկրետ ճանապարհները վերանորոգել, որովհետև բյուջետային ռեսուրսները սահմանափակ են։ Սուբվենցիոն ծրագիրը, որը իրականացվում է համայնքի ղեկավարի բնակության փողոցում, նպատակային էր արդյո՞ք այդ փողոցի վերանորոգումը, թե՞ միգուցե լավ կլիներ կողքի փողոցը վերանորոգել»։

Հասարակական կազմակերպություններից բացի, քաղաքացին, որպես անհատ, կարո՞ղ է դիտարկում ներկայացնել։ Հայկազ Ֆանյանը կարծում է, որ մասնակիցների ցածր ներգրավվածության պատճառով գերատեսչությունները պետք է շահագրգռված լինեն դրանում։

Ցանկացողները պետք է հետևեն համապատասխան գերատեսչությունների կայքերին, ֆեյսբուքյան էջերին, իմանան ամսաթիվն ու համապատասխան օրը ներկայանան քննարկման։

Բյուջեի մուտքերին ու ելքերին հետևող մասնագիտական հանրույթի համար էլ 2019 թվականից հասանելի է մեկ այլ փոփոխություն։ Խոսքը բյուջետավորման ծրագրային ձևի անցնելու մասին է։ Դա հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ «խոշորացույցի տակ առնել» բյուջետային ծրագրերը, պարզել՝ նպատակայի՞ն են եղել ծախսված գումարներն ու ի՞նչ արդյունք են տվել։ Աքսես վերլուծական կենտրոնի ղեկավարի պարզաբանմամբ՝ դա որոշակիորեն ուղղված է բյուջեի կատարման որակի բարելավվմանը։

«Ըստ էության ծրագրային բյուջետավորումը այն հիմնական գործիքներից մեկն է, որը թույլ է տալիս ապահովել ավելի բարձր  մակարդակում գտնվող փաստաթղթերի՝ կառավարության ծրագրի և տվյալ տարվա բյուջեի միջև կապը։ Այլ կերպ ասած՝ ապահովում է մեր ռազմավարական նպատակների և դրանց հասնելու համար միջոցառումների միջև կապը։ Օրինակ, մենք փորձել ենք գնահատումներ անել հասկանալու համար թե ինչքանով է կառավարության ծրագիրը և պետական բյուջեով սահմանված միջոցառումները, ծրագրերը իրար համահունչ։ Շատ դեպքերում մենք բացահայտել ենք, որ ըստ էության կառավարության ծրագիրն իր լիարժեք արտացոլանքը չի գտնում տարեկան բյուջեի մեջ»։

Բյուջետային համակարգի «թափանցիկության» և «հաշվետվողականության» վերաբերյալ Հայկազ Ֆանյանը մեջբերում է 2021 թվականին «Բաց կառավարման գործընկերություն» (Open Government Partnership) նախաձեռնության կողմից մի գնահատում, ըստ որի՝ մեր բյուջեն ավելի հաշվետվողական էր, քան թե թափանցիկ։

Back to top button