«ՀայաՔվե»-ն պատրաստվում է երկրորդ փուլի. խորհրդարա՞ն, թե՞ Հանրաքվե


58 հազարից ավելի ստորագրություն է հավաքել «ՀայաՔվե» նախաձեռնությանը: Ստորագրահավաքի վերջնաժամկետը օգոստոսի 4-ն էր։ Այսօր կազմակերպիչներն ամփոփել են նախաձեռնության առաջին փուլը:
Նախաձեռնությունը նպատակ ունի օրենսդրության փոփոխություններ ներկայացնել խորհրդարան Արցախի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։
«ՀայաՔվե»-ն այսօրվանից երկշաբաթյա դադար է վերցնում ստորագրահավաքի արդյունքները մշակելու և ԿԸՀ ներկայացնելու համար: Դրանից հետո կսկսվի նախաձեռնության երկրորդ փուլը, որն արդեն կապված է հարցը ԱԺ տեղափոխելու հետ:
Քաղաքացիական նախաձեռնությամբ խորհրդարանին օրենսդրական փոփոխություն առաջարկելու առաջին փորձի առաջին փուլը կայացել է: «ՀայաՔվե»-ին հաջողվել է անհրաժեշտ 50 հազարից ավելի ստորագրություն հավաքել ԿԸՀ ներկայացնելու և այդ հիմքով ԱԺ դիմելու համար: Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը սա կարևոր քայլ է համարում.
«Սա ուղիղ ժողովրդավարության կարևորագույն օրինակ է, որը մենք առաջին անգամ, որպես նախադեպ, փորձարկեցինք մեր երկրում: Եվ սա, ի վերջո, մեր բողոքի ակտն է»:
«ՀայաՔվե»-ն այս քայլով փորձում է օրենսդրորեն խիստ պատիժ սահմանել՝ Արցախի Հանրապետության ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: Մասնավորապես, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար առաջարկում է 15 տարվա ազատազրկում: Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։
Իշխանական թևից բազմիցս խոսել են նախաձեռնության տարբեր ռիսկերի մասին՝ թե՛ քաղաքացիների ստորագրությունների բավարար քանակ չհավաքելու, թե՛ հավաքելու դեպքում, ԱԺ օրակարգ հարցը մտցնելու առնչությամբ:
Իր վերջին ասուլիսում խնդրին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարցը կապելով Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հետ:
Փաշինյանի համոզմամբ՝ «ՀայաՔվե»-ն իր պահանջներով և ստորագրություններով արգելում է ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Խորհրդարանական մեծամասնությունը, իհարկե, չէր ցանկանա, որ այդ հարցը հասներ խորհրդարան և նրանք ստիպված այն քննարկեին ԱԺ-ում: Բայց ռիսկերից ելնելով հաստատում են՝ ընդունելի չեն համարում «ՀայաՔվե»-ի առաջարկած օրենսդրական փոփոխությունը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը հիմնավորում և թերևս նախանշում է, թե ինչ հունով է ընթանալու ԱԺ-ում հնարավոր քննարկումը.
«Նման օրենքի նախագիծ ընդունելու պարագայում Ադրբեջանը հարձակվելու է Արցախի վրա և Ադրբեջանը հարձակվելու է նաև Հայաստանի վրա: Ակնհայտ է իմ կարծիքով բոլորի, այդ թվում նաև Ավետիք Չալաբյանի համար, որ լինելու է նման ագրեսիա: Այն մարդիկ, ովքեր նստում են Բաղրամյան փողոցի, կառավարության և հրապարակի շենքերում, իրավունք չունեն պետական մտածողությունը թողնեն մի կողմ և զգացմունքներով շարժվեն: Դա ազգակործան, արկածախնդիր քաղաքականություն է: Ես մերժել և մերժում եմ բոլոր այն ուժերին, որոնք մեր ժողովրդին տանում են արկածախնդրությունների, որոնց արդյունքում չգիտեմ ինչ կլինի: ՀՀ անկախությունը բացարձակ արժեք է, 29 800 քառակուսի կիլոմետրը առաջինն է, Հայաստանը առաջինն է, հետո մյուս հարցերն են»:
«ՀայաՔվե»-ի նախաձեռնողները դեռ 4 շաբաթ ունեն ստորագրահավաքի արդյունքները մշակելու և այն ԿԸՀ ներկայացնելու ու հարցը ԱԺ օրակարգ տեղափոխելու համար: Դրանից հետո, եթե բոլոր փաստաթղթերը նորմալ համարվեն, ապա Աժ-ում գործընթացի համար սահմանված է մինչև 2 ամիս ժամանակ: Բոլոր ժամկետներով հանդերձ, իրատեսական է համարվում սեպտեմբերի վերջը: Ավետիք Չալաբյանի խոսքով՝ «ՀայաՔվե»-ն երկրորդ փուլում ակտիվացնելու է աշխատանքը Աժ բոլոր երեք խմբակցությունների անդամների հետ.
«Ընդդիմադիր խմբակցությունների հետ այդ աշխատանքը արդեն սկսված է և, բնականաբար, շարունակվելու է և նոր թափ է հավաքելու: Բայց հաջորդ փուլի կարևորագույն խնդիրը լինելու է նաև իշխող խմբակցության հետ աշխատանքը: Շատ են այն մտքերը, որ՝ դե գիտեք, իշխող խմբակցությունը, միևնույն է, դեմ է քվեարկելու: Մենք բոլորովին էլ չենք ելնում այդ կարծրատիպից: Նույնիսկ գործող իշխանությունն է հասկանում, որ հայտնվել է իր քաղաքականության ծուղակի մեջ և «ՀայաՔվե»-ն գուցե այն փրկօղակը լինի, որը նույնիսկ այդ իշխանությանը կարող է այդ ծուղակից հանել, որովհետև դա հնարավրություն է տալու ինչ-որ իմաստով շրջել այն սեղանը, որի շուրջ նա հայտնվել է»:
Եթե քաղաքացիական նախաձեռնությամբ խորհրդարանի օրակարգ մտցված հարցը պատգամավորները մերժեն, ապա Հայաստանի Սահմանադրության 206-րդ հոդվածով նախատեսվում է նաև մեկ այլ ճանապարհ: Քաղաքացիական հանրության կողմից կարևորվող հարցը կարող է միանգամից դրվել Հանրաքվեի, եթե սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող ևս 300 000 քաղաքացու ստորագրություն հավաքվի ու ներկայացվի ԿԸՀ՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար:
«ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբը նաև այդ ուղղությամբ է աշխատում: Սոցոլոգիական հարցումներ են իրականացնում՝ հասկանալու ամբողջ հանրության դիրքորոշումն ու միաժամանակ ԿԸՀ-ում փորձում են լուծել ստորագրահավաքի ժամանակ առաջացած խնդիրը, որը կապված է Հայաստանից դուրս ապրող 600 հազար քաղաքացիների հետ, որոնք նույնականացման քարտերով էլեկտրոնային քվարկության իրավունք ունեն, բայց «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին այդ ճանապարհով չեն կարողացել միանալ տեխնիկական խնդիրների պատճառով: