ԿարևորՀասարակություն

Հարգե՛լ էլեկտրամոբիլիստներին․ Հայաստանում էլեկտրական լիցքավորման «գորգերին» կանգնում են բենզինային մեքենաները

Մայր մոլորակն աղտոտումից փրկելու համար աշխարհը էլեկտրաֆիկացման արշավ է սկսել։ Ներքին այրման շարժիչով մեքենաների փոխարեն խրախուսվում են էլեկտրական մարտկոցով փոխադրամիջոցները։

«Հայաստանում էլեկտրամոբիլով կարելի է ճանապարհի կեսին մնալ». այս պնդումը 2-րդ տեղում է «էլեկտրամոբիլը թանկ է» կարծիքից հետո։

Ճանապարհի կեսին մնալը հիմնավորվում է լիցքավորման ենթակառուցվածքների թույլ զարգացմամբ։ Լիցքավորման կայան շահագործողները, սակայն, ասում են, որ շուտով ամեն ինչ կփոխվի։

Հայաստանում գործում է կայանների ցանցի 4 օպերատոր։ Դրանցից ամենախոշորը Սոլարա ընկերությունն է՝ իր EV Charger ծառայությամբ։ Մայրաքաղաքում 30, իսկ հանրապետության ամբողջ տարածքում 45 կայաններով այն շուկայում ունի գրեթե  50% մասնաբաժին։

Թիվն անընդհատ ավելացնում ենք, այլ հարց է, որ Հայաստանում չի ձևավորվում էլեկտրամոբիլների վարորդներին հարգելու մշակույթ՝ ասում է ընկերության էլեկտրական լիցքավորման կայանների կառավարիչ Էդուարդ Մանուկյանը։

«Մենք դնում ենք էլեկտրական լիցքավորման կայաններն ու գծանշում ենք, որ էստեղ միայն էլեկտրամոբիլները կարող են լիցքավորվել, բայց գրեթե միշտ գալիս, տեսնում ենք բենզինային մեքենաներն են կանգնած։ Մարդիկ չեն ուզում հասկանալ, որ այս 2 տեղն է էս մեծ պարկովկայում, դա էլ թողեք էլեկտրամոբիլներին»։

Էլեկտրամոբիլների վարորդները լիցքավորման կայանը գտնում են ոչ թե հայացքով փնտրելով, այլ բջջային հավելվածի միջոցով։ Լիցքավորման կետի հետ «խոսել» հաջողվում է QR կոդով։ Վարորդը մեքենային միացնում է սնուցման լարը, պատվիրում ամբողջական  լիցքավորում կամ ուզած պահին անջատում այն։ Լիցքավորման կայաների կառավարիչը վստահեցնում է՝ հաշվեհամարից գանձվում է փաստացի սնուցված էլեկտրաէներգիայի գումարը, հաշվիչն  արագ պտտելու տարբերակ չկա։

«Կոնկրետ մեր լիցքավորման համար կիլովատի համար 120 դրամ է՝ չհաշված տարբեր տիպի բոնուսները։ /Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ գները փոխվեն,–հեղինակ/։ Հոսանքի թանկացումը կարող է ազդել և, օրինակ, գովազդային արշավ ենք անում համատեղ ինչ որ ընկերության հետ, որը կարող է սուբսիդավորել գնի ենթադրենք կեսը»։

Էլեկտրական սնուցման կայանները չունեն բենզալցակայաններին բնորոշ չափեր։ Ճանապարներին դրանք կարելի է տարբերակել մեքենայի կանգնելու համար, օրինակ, կանաչ կամ կապույտ գունավորմամբ «գորգով»։ Դրա կողքին ոչ մեծ չափի լիցքավորման արկղն է ու սնուցման լարը։ Փոքր տարածքներ զբաղեցնելը էլեկտրամեքենաների «կանաչ արշավ» հայեցակարգի հիմնական կետերից է՝ նշում է կայաններ շահագործող ընկերության ներկայացուցիչը։

«Մենք աշխատում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր 50 կիլոմետրը մեկ ունենանք լիցքավորման կայան։ Դա շատ բարդ է՝ միայն ֆինանսավորման խնդիր չէ, ամեն տեղ չէ, որ կարող ես ունենալ կայան տեղադրելու համար համապատասխան հզորություն։ Ինչո՞ւ 50, որովհետև ամենաներքևի սեգմենտը էլեկտրական մեքենաների քշվում է 40-60 կիլոմետր։ Ցանկանում ենք, որ Վրաստանից մինչև Իրան տուրիստներն էլ մտնեն ու 50-60 կիլոմետրը մեկ լիցքավորվելով՝ հանգիստ հասնեն մինչև Հայաստանի մյուս ծայրը»։

Հայաստանյան լիցքավորման կայանները տարբերվում են իրենց հագեցվածությամբ՝ պատմում է EV Charger ծառայության տեխնիկական գծով մասնագետ Արշավիր Ավագյանը։ Դրանք հագեցած են չինական, ճապոնական և եվրոպական ավտոարտադրողների, ինչպես նաև Տեսլա ընկերության պահանջներին համապատասխան սնուցման կցորդիչներով։ Նման հագեցվածություն ոչ բոլոր երկրներում է հանդիպում՝ բացատրում է պատասխանատուն։ Էլեկտրամոբիլների «թանկ լինելու» պատճառը, ըստ նրա, վերջին տարիների արտադրության լինելու հանգամանքն է։ Նույն թարմության ներքին այրման շարժիչով մեքենաների հետ համեմատելիս պատկերն այլ է։ Հօգուտ էլեկտրամեքենաների է լիցքավորման արժեքի համեմատությունը։

«Մարդը ենթադրենք տրամադրում է 3000 դրամ ու  ինքը ունենում է 300-350 կմ քշելու հնարավորություն։ 350 կիլոմետրը, դա մոտավորապես  Հայաստանի մի ծայրից մյուսը հասնելու համար բավականաչափ պաշար է։ Ինքներդ էլ կարող եք համեմատել՝  3000 դրամով ինչքա՞ն բենզին կլիցքավորեք ու ինչքա՞ն կքշեք։ Ամենացածր  ծախսող մեքենան 3 լիտր է ծախսում 100 կմ-ի համար։ Այդ 3000 դրամով 300 դրամի դեպքում կստացվի 10 լիտր։ Իսկ այդ 10 լիտրով ինքը 200-250 կիլոմետր է գնալու»։

ՀՀ կառավարության 2022թ.-ի ապրիլի 16-ի որոշմամբ էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոց ներմուծողներն ազատված են մաքսատուրքից։ Զրուցակիցներիս խոսքով՝ իրենց հավելվածի ակտիվ բաժանորդ է մոտ 5000 վարորդ։ Կարող ենք ենթադրել, որ փողոցներում ակտիվ է 5000 և ավելի էլեկտրամոբիլ։

Back to top button