Երևանը քայլ առ քայլ պատրաստվում է սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին։ Այսօրվանից մինչև օգոստոսի 13-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կընդունի ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերի փաստաթղթերը։ Գրանցման վերջնաժամկետից հետո մեկ շաբաթ ԿԸՀ–ն կուսումնասիրի դրանք և օգոստոսի 19-ին արդեն ընտրողները կիմանան, թե քաղաքական որ ուժերի անուններն են տեսնելու քվեաթերթիկում։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերն այսօրվանից Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Առաջին օրը քաղաքական որևէ ուժ չի շտապել գրանցվել, առայժմ հայտեր չկան՝ ասում է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ավանդույթի համաձայն՝ մեր քաղաքական ուժերը չեն շտապում և սովորաբար առաջադրման փաստաթղթերը ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունների դեպքում էլ քաղաքական ուժերը այս ավանդույթի տեսանկյունից մեզ չեն «հիասթափեցնի»։
Քաղաքական ուժերը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն հավաքելու ու կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար 10 օր ունեն։ Նախընտրական ծրագիր, կուսակցության կանոնադրության պատճեն, կուսակցության ընտրական ցուցակ, ցուցակում ընդգրկված թեկնածուների՝ Երևանում հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկանքներ, ընտրական գրավի վճարման անդորրագիր, ինչպես նաև ընտրություններին մասնակցող կուսակցության ու թեկնածուների գույքի ու ֆինանսական միջոցների հայտարարագիր․ ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը ԿԸՀ պետք է ներկայացնեն այս փաստաթղթերը։ Վերջնաժամկետից՝ օգոստոսի 13-ից հետո 5 օր՝ մինչև օգոստոսի 18-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսումնասիրի փաստաթղթերը ու խնդիրներ չտեսնելու դեպքում կգրանցի կուսակցություններին։
ԿԸՀ տվյալներով՝ Երևանի ավագանու 2023թ ընտրություններին հուլիսի դրությամբ մասնակցելու իրավունք ունի շուրջ 823 հազար քաղաքացի․ Վահագն Հովակիմյանն ասում է՝ երևանյան նախորդ ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել շուրջ 848 հազար քաղաքացի։
«Այսինքն՝ անցած 5 տարիների ընթացքում ընտրողների թիվը նվազել է, որովհետև Ընտրական օրենսգրքի 2021թ փոփոխություններով ընտրական ցուցակից հանվում են այն քաղաքացիների տվյալները ովքեր 6 ամիս և ավելի ժամկետանց փաստաթղթեր ունեին։ Փաստորեն այս փոփոխությունների արդյունքում մենք Երևանում ընտրողների թվի շուրջ 25 հազարով նվազում ունենք»,– ասում է Հովակիմյանը։
Ժամանակացույցի համաձայն՝ ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ին։ 24 օր թեկնածուներին լսելուց հետո երևանցիները սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանի կընտրի։ Ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժի ընտրական ցուցակը գլխավորող գործիչը տեսականորեն Երևանի 14–րդ քաղաքապետի ամենահավանական թեկնածուն է։
Հարցին ու քննադատություններին, թե քաղաքապետի որոշ թեկնածուներ նախընտրական քարոզարշավը վաղուց են սկսել, ԿԸՀ նախագահն արձագանքում է՝ օրենքի տեսանկյունից որևէ խախտում չկա, ավելին՝ Հովակիմյանի կարծիքով՝ սա դրական միտում է։
«Այսինքն, քաղաքական ուժերը ոչ թե պետք է 5 տարի քուն մտնեն ու արթնանան միայն այն ժամանակ երբ նշանակվում են ընտրություններ, այլ իրենք յուրաքանչյուր ընտրությունից հետո սկսեն պատրաստվել հաջորդ ընտրությանը։ Ավելին՝ եթե ուսումնասիրել օրենսդրության տրամաբանությունը կտեսնեք, որ քարոզարշավի փուլը ոչ թե հնարավորությունների ու իրավունքների այլ սահմանափակումների փուլ է, քանի որ այդ փուլում արդեն Ընտրական օրենսգիրքը հստակ ամրագրում է, թե քաղաքական ուժերը ինչպես կարող են քարոզչություն իրականացնել, այն դեպքում, երբ նախորդ 5 տարիներին նրանք քարոզչություն անելու հարցում ավելի ազատ են»,– մանրամասնում է ԿԸՀ նախագահը։
Օգոստոսի 19-ին արդեն պարզ կլինի, թե քաղաքական որ ուժերի, կուսակցությունների կամ դաշինքների անուններն ընդգրկված կլինեն քվեաթերթիկներում, մինչ այդ հայտնի է ընտրապայքարի մասնակիցների նախնական պատկերը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի և կառաջադրի Տիգրան Ավինյանին։ Նա դեռ նախորդ տարվա օգոստոսին էր հաստատել, որ կգլխավորի իշխանության ընտրացուցակը։
«Ես այստեղ եմ ՔՊ կուսակցության վարչության անդամ և, այո, որպես ՔՊ կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»,– հայտարարել էր Ավինյանը:
Ընտրություններին մասնակցելու որոշման վերաբերյալ հայտարարել է նաև Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցությունը։ Ի սկզբանե լուրեր էին պտտվում որ «Ուժը հայրենյացի» քաղաքապետի թեկնածուն գործարարի կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը, սակայն վերջինն օրերս հայտարարեց, որ նպատակահարմար են համարում, որ Երևանը ղեկավարի հայուհի։ Կուսակցությունից հայտնում են, որ ընտրացուցակը կգլխավորի իրավաբան Նելլի Հարությունյանը։
Քվեաթերթիկում հավանաբար կլինեն նաև Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի, «Ապրելու երկրի» նախագահ Մանե Թանիդլյանի, «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր, փաստաբան Նորայր Նորիկյանի անունները։ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է։ Վերջինն առաջարկում էր Երևանի ընտրությունները վերածել «իշխանության անվստահության հանրաքվեի»։ Մասնակցելու մտադրության մասին հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ Առայժմ լուռ է խորհրդարանական ընդդիմությունը․ ընտրություններին մասնակցել–չմասնակցելու վերջնական որոշման մասին չի հայտնել նաև Երևանի պաշտոնանկ արված քաղաքապետ Հայկ Մարությանը։