Իրավական գործիքակազմ գոյություն ունի, բայց հարցերն օրհասական են, պետք է օր առաջ լուծել. Սիրանուշ Սահակյան


Ադրբեջանի կողմից առևանգված երկրորդ արցախցու՝ Ռաշիդ Բեգլարյանի գտնվելու վայրը դեռևս անհայտ է, ոչ մի տեղեկություն չկա նրա ճակատագրի մասին։ Երեկոյան Արցախի ԱԱԾ-ն հաստատել էր, որ 61-ամյա քաղաքացին հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Նա ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել Շուշիի շրջանի Հին շեն գյուղից, մոլորվել ու թշնամու ձեռքն է ընկել։ Միջադեպի մասին Արցախի իշխանությունը տեղեկացրել է ՌԴ խաղաղապահ ուժերին։ Ադրբեջանի Սահամանապահ ծառայության հաղորդագրությունից պարզ է դարձել, որ արցախցուն ձերբակալել են Աղավնո գյուղի մոտ։ Ի դեպ, Ռաշիդ Բեգլարյանը տեղահանված է Շուշիից, Հին շենում հաստատվել է պատերազմից հետո։ Որևէ տեղեկություն չկա նաև Վագիֆ Խաչատրյանի մասին։ Նրա առևանգմանն այսօր Հայաստանի ՄԻՊ-ն է անդրադարձել՝ շեշտելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային մարդասիրական իրավունքը։ Անահիտ Մանասյանն այսօր հանդիպել է նաև Վագիֆ Խաչատրյանի հարազատների հետ։ Իրավապաշտպանները կարծում են, որ խնդրի լուծման իրավական գործիքակազմ գոյություն ունի, սակայն հարցերն օրհասական են, հետևաբար՝ պետք է կարողանալ դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով դրանք օր առաջ լուծել։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ից մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից.
«Միջազգային գործընկերներին են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ, ինչպես պնդել է Ադրբեջանը, իսկ անձի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ»։
Նամակներ են ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կառույցներին։ Այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ իրականացվող աշխատանքները շարունակվում են, ձեռք են բերվում նոր տվյալներ՝ փոխանցում է ՄԻՊ գրասենյակը։ Օմբուդսմենը նախօրեին ընդունել է առևանգված Վագիֆ Խաչատրյանի դստերը, որն այսօր կրկին Կարմիր Խաչի երևանյան գրասենյակ է գնացել՝ հոր հետ կապ հաստատելու խնդրանքով։ Վերա Խաչատրյանը պնդում է, որ հենց այդ կազմակերպությունը պետք է վերադարձնի իր հորը․
«Ես չեմ կարող հավատալ ոչ մեկի խոսքին: Ես այսօր պահանջում եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից ապահովել տեսազանգ հորս հետ, որպեսզի իմանամ, թե հայրս ֆիզիկապես ինչ վիճակում է, հոգեպես ինձ արդեն հայտնի է: Դրա համար ինձ այժմ միայն պետք է տեսնել հորս, թե ինչպիսի ֆիզիկական վիճակում է գտնվում: Միգուցե կոմայի մեջ է, դրա համար տեսազանգ չեն ապահովում, կամ միգուցե այլեւս ֆիզիկապես մեզ հետ չէ: Դա ամենաանտանելի ցավն է, որ կարող է դուստրը բարձրաձայնել իր հոր մասին, բայց այսօր ես եմ հայտնվել այդ վիճակում: Յուրաքանչյուրը կարող էր լինել իմ տեղը»։
Առևանգվածի դուստրը համոզված է՝ հոր հետ տեղի ունեցածն ապացույցն է այն բանի, որ յուրաքանչյուր պահի, երբ Ադրբեջանը կարողանա իր ձեռքը հասցնել որևէ արցախահայի, վնաս է հասցնելու:
«Նրանց հետ ապրել ուղղակի անհնար է: Երեկ էլի մարդ են առեւանգել»։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Էգերի հետ հեռախոսազրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որ ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով։ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը: Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նաև կարդում ենք.
«Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղում մուտք ունեցող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ գործունեության պատշաճ, շարունակական ապահովման կարևորությունը և դատապարտելի է համարել ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը խանգարելուն և հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ այն որակելով նենգ և անընդունելի արարք՝ ընդդեմ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և միտված ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանը»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին առևանգել է՝ օգտագործելով Կարմիր Խաչին։
«Կարմիր Խաչը կարող էր շատ կոշտ արձագանքի ձևով փորձեր միջադեպը կանխել՝ էսկալացնելով խնդիրը մինչև բարձր օղակներ: Այսինքն՝ հենց սկզբից այս հարցի մասին պետք է տեղեկանային կենտրոնական մարմինները: Մենք չունենք պարզաբանում, որ Կարմիր Խաչը հենց ձերբակալման վտանգը հասկանալու պահից ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր համալիր գործողությունները, որ միջազգային բարձր օղակների ներգրավվածությամբ, նրանց ճնշման ներքո այս միջադեպը կանխվեր»:
Բացի այդ, Սիրանուշ Սահակյանի խոսքով, Կարմիր Խաչը պարտավոր էր արձագանքել միջազգային հեղինակավոր կազմակերպության գործունեության խոչընդոտների, Կարմիր Խաչի օգտգործման ռիսկերի վտանգների մասին.
«Կոչ անելով ավելի կոշտ գործիքակազմ ունեցող կառույցներին՝ աջակցել Կարմիր Խաչի մանդատին և ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու Կարմիր Խաչի գործունեության խոչընդոտները»։
Սիրանուշ Սահակյանը նկատում է, որ Կարմիր Խաչը, գիտակցված, թե ոչ, հայտնվել է մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի հետ համագործակցող սուբյեկտի կարգավիճակում։ Մարդասիրական առաքելություն իրականացնողը դարձել է մարդու իրավունքների խախտող։ Կազմակերպության շահերից է բխում, որ խնդիրը լուծվի։
«Կարմիր Խաչը դիրքորոշումներ արտահելտելով, այդ թվում՝ ոչ ֆորմալ, կարող է մեծ դերակատարում ունենալ, որպեսզի միջազգային հանրությունը այնքան կոշտ հանդես գա, որ ստիպի Ադրբեջանին՝ արագ կերպով հայրենադարձնել Վագիֆ Խաչատրյանին։ Կարմիր Խաչը պետք է նպաստի այդ ճնշմանը։ Եվ պետք է նաև իր հեղինակության վտանգումը որպես փաստարկ օգտագործի՝ պահանջատեր լինելու կոշտ միջազգային արձագանքի։ Իրավական գործիքակազմ գոյություն ունի, բայց կարծում եմ, որ այս հարցերը օրհասական են և մենք պետք է կարողանանք դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով դրանք օր առաջ լուծել»։
Վագիֆ Խաչատրյանի առևանգման գործով ՄԻԵԴ-ում իրավական թիմի աշխատանքը Սահակյանը անթերի է գնահատում, որի արդյունքում ՄԻԵԴ-ը մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տվել Ադրբեջանին՝ տեղեկություններ ներկայացնելու համար, սակայն, կարծում է, որ դրան զուգահետ միջազգային արձագանքներ են պետք, որի հարցով, ըստ իրավապաշտպանի, կան դիվանագիտական-քաղաքական աշխատանքի թերացումներ։ Բացի այդ, ըստ իրավապաշտպանի, միջազգային կառույցների անգործությունը շատ դեպքերում արդարացվում է Հայաստանի քաղաքական թեզերով, մասնավորապես՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ։ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականություն էլ չկա, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան երկխոսություն կա, որից, իրավապաշտպանի խոսքով, բոլորը դրական սպասումներ ունեն՝ ակնկալիքով, որ արդյունքում մարդասիրական հարցերն էլ կլուծվեն։