Բորիս Նավասարդյան.«Ղրիմը Ղարաբաղի հետ համեմատելով՝ վարկաբեկում ենք ԼՂՀ ինքնորոշման իրավունքը»
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Ղրիմը Ղարաբաղի հետ համեմատելով՝ վարկաբեկում ենք Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը` խոսելով Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունների և Հայաստանի վրա Աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունների ազդեցության մասին է այսօր նման կարծիք է հայտնել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը` նա նկատել է, որ մեր իշխանությունները շատ վտանգավոր քաղաքականություն են իրականացնում, ինչի արդյունքում մոտ ապագայում Նավասարդյանը ոչ միայն հայ-ուկրաինական հարաբերությունների խզման հեռանկար է տեսնում, այլև փակուղային իրավիճակ Հայաստանի համար:
Ներկայացնելով իր հստակ դիրքորոշումը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ` Հայաստանը կանգնում է լուրջ մարտահրավերի առջև և լուրջ վտանգ կա, որ դրանով վերջնականապես կխզվեն Հայաստանի և Ուկրաինայի միջև եղած դիվանագիտական հարաբերությունները: Հաշվի առնելով այդ վտանգը` Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է խուսափեն հստակ դիրքորոշումներից:
«Պարզ է, որ չէին կարող քննադատել հանրաքվեն տարբեր պատճառներով և առաջին հերթին հաշվի առնելով մեր և Ռուսաստանի միջև հարաբերությունները: Բայց գոնե չընդուներ, որ դա օրինակ էր ինքնորոշման, պետք է մեր իշխանությունները այդքան համարձակությւոն ունենային»:
Իրականում շատ քիչ զուգահեռներ կան Ղրիմի և Ղարաբաղի միջև: Հակասությունները ավելի շատ են, տարբերությունները շատ ավելի էական, հետևաբար զուգահեռներ անցկացնելն ու Ղրիմը որպես ինքնորոշման նախադեպ ընկալելը նշանակում է վարկաբեկել ինքնորոշման գաղափարն ու Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի աջակցությանը, Բարիս Նավասարդյանն այքան էլ համոզված չէ, որ Ռուսաստանը կկագնի Հայաստանի կողքին այդքան ճակատագրական պահի: Ճիշտ է Ռուսաստանն այսօր արևմուտքի հետ բավականին լարված հարաբերություններ ունի, որոնք օր օրի էլ ավելի են վատթարանում, բայց Բորիս Նավասարդյանը կասկած անգամ չունի, որ այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում:
«Գալու է մի պահ երբ Ռուսաստանն ամեն դեպքում լինելով մեծ երկիր, լինելով միջազգային տնտեսական հարաբերությունների մեջ ներքաշված երկիր, չի կարող երկար շարունակել այդ քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը ձեռնտու չէ նաև արևմուտքին: Գալու է մի պահ երբ երկու երկրները փորձելու են փոխզիչում գտնել: Այդ վերականգնման ընթացքում Հայաստանը որտեղ է հայտնվելու և Հայաստանին ինչպես են վերաբերվելու, Հայաստանը չունի փոխզիջման համար որևէ ռեսուրս և Հայաստանին դնելու են ինչ որ տեղ, առանց իր կարծիքը հարցնելու»:
Բորիս Նավասարդյանը կասկած անգամ չունի, որ Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը հստակ տանում է դեպի այդ փակուղին: Սխալ քաղաքականության հետևանք է նաև Քեսաբի ողբերգությունը:
«Հայաստանի իշխանությունները չկարողացան դրսևորել սկզբունքային վերաբերմունք, չկարողացան գործել որպես այդ հայկական համայնքի շահերի պաշտպան և ապագայում նույնպես մենք կհայտնվենք նույն վիճակում և սա արտաքին քաղաքականության արդյունք է»:
Ըստ Նավասարդյանի` Հայաստանն ավելի արդյունավետ արտաքին քաղաքականություն կիրականացներ, եթե արտաքին հարցերի վերաբերյալ սկզբունքային վերաբերմունք արտահայտեր նաև ընդդիմությունը:
«Մենք այսօր ունենք ընդդիմություն, որն ասում է դուք վատն եք, բայց ինչ որ դուք եք անում, մենք էլ ենք անում, ուղղակի մի քիչ ավելի լավ: Դա այսօրվա պայմաններում քաղաքական բալանսը ապահովելու և ազգային խնդիրները տարբեր լուծումների ներքո գտնելու հնարավորությունները շատ խիստ սահմանափակում է»:
Այսպիսով` Երևանի մամուլի ակումբի նախագահը կարծում է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ տանում ենք վատ և վտանգավոր քաղաքականություն ու չունենք այդ քաղաքականության այլընտրանք ոչ դրսում, ոչ ներսում: