ԿարևորՎերլուծական

Միջազգային հանրությունը՝ դիտորդի դերում․ ի՞նչ պիտի անի Երևանը

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հատում է հնարավոր բոլոր կարմիր գծերը։ Փորձագետների կարծիքով՝ այս հարցում կա միջազգային կոնսենսուս, որը, սակայն, հայտարարություններից գործողություն այդպես էլ չի դառնում։ Այդ հնարավորությունը վերլուծաբանները տեսնում են՝ ընդգծելով, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունից պետք է օգտվել։ Անհրաժեշտ են հստակ քայլեր պաշտոնական Երևանի կողմից, որոնք կարող են կայունացնել իրավիճակը։

Միջազգային տարբեր կենտրոններից հնչող մտահոգություններն ու դատապարտումները չեն զսպում Բաքվին և չեն մեղմում իրավիճակն Արցախում։ Տպավորություն է, թե միջազգային հանրությունը դիտորդի ու իրավիճակին միայն հայտարարություններով արձագանքողի դերում է։

Քաղաքագետ  Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝  68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգմամբ  Բաքուն նոր կարմիր գիծ է հատել՝ այդ քայլով փաստացիորեն  բացառելով Արցախի արական սեռի բնակչության ելումուտը Լաչինի միջանցքով։ Փորձագետի կարծիքով՝ ստեղծված ծանրագույն իրավիճակում Հայաստանի իշխանություններից ակնկալիքները հստակորեն ձևակերպված չեն։

Փորձագետը առաջնահերթ 3 քայլ է առանձնացնում։ Առաջինը  Արցախում ստեղծված իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ ներառելուն ուղղված ջանքերն են, ինչին պետք է նախորդի Հայաստանի ակտիվ աշխատանքը ԱԽ մշտական ու ոչ մշտական բոլոր անդամների հետ։

Փորձագետը կարծում է, որ Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով  այժմ ավելի բարենպաստ պայմաններ կան դրական արդյունք գրանցելու համար։ Նաև պնդում է, իր  իրազեկ աղբյուրներին հղում անելով, որ Վաշինգտոնում լրջորեն սկսել են քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը պետք է օրակարգային դառնա Վաշինգտոնում՝ կարծում է Գրիգորյանը։

Անդրադառնալով Հայաստանում ու Արցախում հնչող կոչերին առ այն, որ Երևանը պետք է հրաժարվի բանակցություններին մասնակցելուց, քանի դեռ գետնի վրա որևէ դրական փոփոխություն չկա, փորձագետն այդ սցենարի քննարկումն անիմաստ է համարում։

«Կարելի է առաջարկել, որ հայկական պատվիրակությունները շարունակեն մասնակցել խաղաղության պայմանագրի օրակարգով տարբեր հարթակներում տարվող բանակցություններին, սակայն հրաժարվեն խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բովանդակային քննարկումներից, քանի դեռ համաձայնություն ձեռք չի բերվել Արցախում նորմալ կենսագործունեության նվազագույն պայմանների վերականգնման համար։ Դա կարող է վերաբերել Լաչինի միջանցքով բեռնափոխադրումների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարման վերականգնմանը»։

Քաղաքագետը կարծում է, որ այս փուլում կա լայն միջազգային կոնսենսուս առ այն, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Այդ առումով Հայաստանի նման քայլը միայն կմեծացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը։

Եթե այս քայլերի հաջորդականությունը իրականացվի, նոր էսկալացիայի հնարավոր գինը Բաքվի համար կարող է մեծանալ՝ կարծում է փորձագետը։ «Վաշինգտոնն այս փուլում արդեն իսկ մտածում է պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը Ադրբեջանի իշխանություններին հասցնելու մասին։ Ի դեպ, պատժամիջոցներ կիրառելու հարցում քննարկվում են մի շարք սցենարներ»։

Բաքվի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումից հետոԹվիթերի իր միկրոբլոգում պատժամիջոցների թեման թարմացրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։  Ժամանակն է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա՝ գրել է Ռոբերտ Մենենդեսը։   

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատժամիջոցների մասին որևէ ակնարկ չի անում, փոխարենը շարունակում է հայտարարել  Լաչինի միջանցքով տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին։

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը»

ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունում և կարևորում է  երկխոսությունը։

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան գրառմամբ հստակեցնում է՝  ճիշտ ու նպատակահարմար չէ պարբերաբար կրկնել, թե «Արցախը պետք է բանակցի Բաքվի հետ»։Ճիշտ չէ, որովհետեւ Արցախը չի խուսափում ու  չի հրաժարվում Բաքվի հետ բանակցությունից, Արցախը հրաժարվում է ցանկացած պայմանով «բանակցելուց» ։

«Քանի որ ցանկացած պայմանովը բանակցություն չէ, այլ ծուղակ , դա ուժեղ կողմի այսպես ասած «խնամակալությանը» հանձնվել է»:

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն էլ,  հենվելով ադրբեջանական մամուլի ամենօրյա մոնիթորիգնի վրա,  վստահեցնում է՝  Բաքուն ամեն ինչ անելու է, որ միջազգային մեխանիզմով որևէ երկխոսություն տեղի չունենա: Այդ համատեքստում առաջարկել են Աղդամով այսպես ասենք «հումանիտար օգնության» գաղափարը, որպեսզի փորձեն դրանով փակել Լաչինի միջանցքի ապաշրջափակման թեման ու ամբողջական կախվածության մեջ դնել Արցախն Ադրբեջանից՝ բացառելով միջազգային որևէ ներգրավվածություն այդ գործընթացում:

Back to top button