Արցախում միջազգային գործուն ու խիստ միջամտության են սպասում. անվտանգային ու հումանիտար վիճակը օրեցօր ծանրանում է


ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ է տվել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար: Ըստ այդմ՝ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկացնել Խաչատրյանի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին:
Երրորդ օրն է՝ Հակարի կամրջի ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի մասին նրա հարազատները ոչ մի տեղեկություն չունեն։ Նա վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։
Մի խումբ քաղաքացիներ շարունակում են անժամկետ նստացույցը Կարմիր Խաչի երևանյան գրասենյակի առաջ։ ԿԽ-ն այս օրերին, երբ անցակետից բուժառուին առևանգեցին, այլևս տեղափոխումներ չի իրականացրել՝ ո՛չ Արցախից Հայաստան, ո՛չ հակառակ ուղղությամբ: Քաղաքացիների մեկ այլ խումբ էլ հավաքվել է կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ Հայաստանը, ի վերջո, դիմի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որ այդ կառույցը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ՝ Հաագայի դատարանի պահանջը չկատարելու՝ Լաչինի միջանցքը չբացելու համար․
«Սկսել են նույնիսկ Կարմիր Խաչի մեքենայից մարդու առևանգել։ Դա նշանակում է, որ Հայաստանի այս վերջին մի քանի ամսվա քաղաքականությունը հասցրել է նրան, որ Արցախի բնակչությունն այսօր շատ մեծ վտանգի տակ է։ Թող ոչ ոք չտեղափոխի այս խնդիրը հումանիտար հարթակ։ Սա քաղաքական խնդիր է. մեզ ստիպում են հրաժարվել մեր պետականությունից, մեր իրավունքներից և դառնալ ինչ-որ մի զանգված, որը պետք է էսպես կռացած ենթարկվի Ադրբեջանի քմահաճույքներին»։
Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, Ադրբեջանն արդեն 7 օր է թույլ չի տալիս Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ մարդասիրական օգնության մուտքը Արցախ։ Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է ֆեյսբուքյան իր էջում տեսագրություն հրապարակել՝ գրելով.
«Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացության դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով: Մեր ուսումանսիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակն անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»։


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարություն տարածել՝ անդրադառնալով օրեցօր վատթարացող վիճակին։ Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակումները, նշել է Արայիկ Հարությունյանը, շեշտելով, որ վերջին այդպիսի դրսևորումը միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումն էր ապօրինի անցակետից: Մյուս կողմից, ըստ Հարությունյանի, որոշակի ակտիվացում է նկատվում իրավիճակի կարգավորման նպատակով իրականացվող միջազգային ջանքերում:
«Ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները, ես նախատեսում եմ մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այդ միջոցով հնարավորինս բաց կերպով կներկայացնեմ իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները: Այնուհետև, բոլոր ակտիվ քաղաքական շրջանակների հետ կսկսեմ խորհրդակցություններ՝ մեր անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում», –ասվում է Արցախի նախագաի հայտարարությունում:


Հայտարարությամբ Արցախի նախագահը նաև նշել է, որ այդ ամենին զուգահեռ իրենք միշտ բաց են խաղաղ ու բանակցային ճանապարհով քննարկելու բոլոր հիմնախնդիրները և գտնելու լուծումներ, սակայն դրա համար նույնպես անհրաժեշտ են միջազգային պատշաճ ներգրավվածություն ու երաշխիքներ:
Քաղաքագետները, սակայն, նկատում են, որ սնանկ է այն գաղափարը, որ Ստեփանակերտն ու Բաքուն կարող են երկխոսել միջազգային մեխանիզմների առկայությամբ։ Միջազգային մեխանիզմներից մեկն էլ Կարմիր Խաչն է՝ նկատում են նրանք և ահազանգում, որ 68-ամյա արցախցու առևանգումը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ. պատերազմական հանցագործությունների մեղադրանքով Հակարիի կամրջի վրա ադրբեջանցի սահմանապահները կարող են ձերբակալել ցանկացած արցախցու։ Սա փաստում է այն, որ անհնար է արցախահայերի ինտեգրումն Ադրբեջանին, առավել ևս, որ Բաքուն շարունակում է մերժել Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ երրորդ երկրում հանդիպելու ցանկացած առաջարկ՝ պնդելով, որ հանդիպում պետք է միայն Ադրբեջանում տեղի ունենա։