ԿարևորՀասարակություն

Երևանի ևս մեկ կրթական հաստատություն հավաստագրվել է որպես համաշխարհային դպրոց

«Օհանյան» կրթահամալիրը և «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրվել են որպես Միջազգային բակալավրիատի համաշխարհային դպրոց (IB World School) և նախակրթարան

Երևանի առաջատար կրթական հաստատություններից ևս մեկը` «Օհանյան» կրթահամալիրը և նրա կազմում գործող «Նյուտոնիկ» նախակրթարանը հավաստագրվել են որպես հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ»-ի (ՄԲ) համաշխարհային դպրոց և նախակրթարան (IB World School)՝ դառնալով նախադպրոցական և տարրական կրթական ծրագրեր (Primary Years Programme-PYP) իրականացնելու լիազորություն ունեցող երկրորդ կրթօջախը Հայաստանի Հանրապետությունում: Նշենք, որ ՀՀ-ում բոլոր տարիքային խմբերի համար (նախադպրոցական և տարրական, միջին և ավագ դպրոցներ) մինչ այժմ հավաստագրվել է ընդամենը 4 դպրոց։ 

Այս ձեռքբերումն ընդգծում է դպրոցի հանձնառությունը՝ ապահովելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն՝ ուղղված բանիմաց, վերլուծող, հետազոտող, լայնախոհ, արդյունավետ հաղորդակցության և թիմային աշխատանքի կարողություններով, սկզբունքային և հավասարակշռված, նախաձեռնող ապագա առաջնորդների ձևավորմանը։ ՄԵթոդաբանության առանացքում ըննկած է հետազոտահեն և նախագծահեն ուսումնառությունը, ինչն իրականացվում է միջառարկայական և վերառարկայական կապերի ապահովման, մանկավարժների համագործակցային պլանավորման միջոցով։ Միջազգային բակալավրիատն իր անդամների գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների ընթացքում թիրախավորում է կառավարման, կրթական ծրագրերի, ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդների, ռեսուրսների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Մանկավարժների ընթացիկ միջազգային վերապատրաստումները ծրագրի առաջնային պահանջներից են։

«Միջազգային բակալավրիատ»-ը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և անձնական զարգացումը  շեշտադրող խիստ ակադեմիական ծրագրերի շնորհիվ։ Նախադպրոցական և տարրական դասարանների ծրագիրը (PYP) նախատեսված է 3-12 տարեկան սաների համար և կենտրոնանում է նրանց ինտելեկտուալ, սոցիալ-հուզական հմտությունների զարգացման վրա՝ խթանելով ցկյանս ուսումնառությունը և նախաձեռնողականությունն արագ զարգացող աշխարհում։

Այս հավաստագրումը վկայում է «Օհանյան» կրթահամալիրի և «Նյուտոնիկ» նախակրթարանի՝ կրթության ոլորտում գերազանցությանն անմնացորդ նվիրման մասին, ինչպես նաև հավաստում Կրթահամալիրի ներդաշնակությունը ՄԲ-ի՝ միջմշակութային փոխըմբռնման և հարգանքի միջոցով առավել խաղաղ աշխարհ կերտելու առաքելությանը։

Կրթօջախն այս անդամակցությամբ ձեռք է բերել հասանելիություն ռեսուրսների հարուստ ընտրանու, ուսուցիչների համար մասնագիտական զարգացման լայն հնարավորությունների, ինչպես նաև ամբողջ աշխարհում գործող հեղինակավոր ՄԲ համաշխարհային դպրոցների ցանցին հասանելիություն։ Այս համագործակցությունը դպրոցին հնարավորություն է տալիս ավելի զարգացնել կրթության բովանդակությունը, ուսուցման, ուսումնառության և գնահատման մեթոդները, ռեսուրսները՝ հարստացնելով սաների կրթական փորձառությունը, նպաստելով կայուն և մնացորդային գիտելիքի ձևավորմանը։

Որպես ՄԲ-ի PYP ծրագիր իրականացնող հաստատություն՝ «Օհանյան» կրթահամալիրը շարունակելու է իր ուսումնական ծրագրերում ինտեգրել ՄԲ-ի փիլիսոփայությունը՝ քաջալերելով և աջակցելով սաներին տեղական և համաշխարհային հարցերն ուսումնասիրելու, զանազան տեսակետները հարգելու, ինչպես նաև ավանդական ակադեմիական սահմաններից անդին քննադատական և վերլուծական հմտություններ զարգացնելու հարցում։ Դպրոցի աշակերտներն օգուտ կքաղեն խնդիրների վրա հիմնված աշակերտակենտրոն մոտեցումներից, որը խրախուսում է պատասխանատվություն ստանձնել սեփական ուսումնառության նկատմամբ՝ այդպիսով նաև հետագայում ձևավորելով սոցիալական պատասխանատվության խորը զգացում։ Նշենք, որ դպրոցում աշխատանքներ են տարվում ՄԲ-ի ծրագրերը ինտեգրելու միջին (MYP) և ավագ դպրոցների (DP) ծրագրերում։

«Օհանյան» կրթահամալիրի մասին

«Օհանյան» կրթահամալիրը առաջատար կրթական հաստատություն է, որը հայտնի է ակադեմիական գերազանցություն, համակողմանի զարգացում և հոգատար կրթական միջավայրի խթանում ապահովելու հանձնառությամբ։ Հիմնադրվելով 1997թ-ին՝ դպրոցը մշտապես դրսևորել է խորը նվիրվածություն աշակերտների համար բազմակողմանի կրթություն ապահովելու գործին՝ նրանց համար հաջողությունների ուղի հարթելով հարափոփոխ աշխարհում։

«Օհանյան» կրթահամալիրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել կայք հետևյալ հղումով՝ www.ohanyan.org

Կարդացեք նաև

Back to top button