ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը քայլ առ քայլ քանդում է խաղաղ համակեցության մասին իր կեղծ խոսույթը

Հայկական տեղեկատվական դաշտում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր Բաքու-Ստեփանակերտ սպասվող հանդիպման մասին տեղեկությունը։ Նշվում էր, որ այն նախատեսվում է անցկացնել եվրոպական մայրաքաղաքներից մեկում։

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հաստատելով, որ նման հանդիպում ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերով նախատեսված էր և որ այն պետք է տեղի ունենար Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, տեղեկացրել է նաև, որ  երկու օր առաջ Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից։ 

Նրա խոսքով՝ առաջիկայում Երևան կայցելեն արևմտյան երկրների պատվիրակներ, որոնք կքննարկեն Ստեփանակերտի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը:     

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու հնարավոր երկխոսության մասին իր ֆեյսբուքյան էջում առաջիններից մեկը հայտնել էր Արման Բաբաջանյանը։ «Առաջիկա օրերին եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը»,-գրել էր Բաբաջանյանը, հավելելով.

«Նախօրեին մեր հայրենակից Վագիֆ Խաչատուրյանի առևանգումը ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա է, որի նպատակն է երկրորդ անգամ խափանել ԱՄՆ միջնորդությամբ որևէ ուղիղ շփում, խոսակցություն, երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև: Հույս ունեմ, որ Ստեփանակերտը հասկանում է իր քայլերի, գործողությունների ճակատագրականությունը, և այս հարցում կգործի գերագույն պատասխանատվությամբ: Ամերիկյան միջնորդությամբ այս կարևոր հանդիպման մերժող կողմը Արցախը չպետք է լինի»:

Նույն հանդիպման հնարավորությանը  ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: Նա, ի տարբերություն Բաբաջանյանի, հանդիպման հավանականությունը փոքր էր համարում՝ վկայակոչելով փաստը, որ Ադրբեջանն, իր տեղեկություններով,  մերժել է առաջարկը:

«Ինձ համար դա ակնհայտ էր նաև ադրբեջանական մեդիա տիրույթի ամենօրյա ուսումնասիրությունից: Նրանք ամեն ինչ անելու են, որ միջազգային մեխանիզմով որևէ երկխոսություն տեղի չունենա: Ենթադրում եմ, որ հենց այդ պատճառով էլ երեկ տեղի ունեցավ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցը: Միայն բացառիկ ճնշման դեպքում Ադրբեջանը կգնա երկխոսության»:

Բաքու-Ստեփանակերտ երկխոսության և եվրոպական մայրաքաղաքներից մեկում հանդիպում ունենալ-չունենալու մասին քննարկումները որոշակիացան ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի պարզաբանումից հետո։ Նա ուղիղ եթերում հաստատել է՝ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը՝  օգոստոսի 1-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև հանդիպում հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, չեղարկվել է։ Երկու օր առաջ այդ պայմանավորվածությունից, ըստ Պետրոսյանի, հրաժարվել է Բաքուն։     

«Դուք գիտեք, որ Բաքուն արդեն մի քանի անգամ է՝ փորձում է պարտադրել, որ Արցախից մարդ գնա Բաքու կամ Եվլախ, այսպես կոչված, բանակցությունների: Եթե նրանք այդպիսի բան են պարտադրում, ես պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպիսի խոսակցություն է տեղի ունենալու: Այս ֆոնին Եվրոպան և ԱՄՆ-ն փորձում են հանդիպում կազմակերպել երրորդ երկրում՝ Բրատիսլավայում։ Ուզում եմ իմանաք, որ երեկ չէ առաջին օրը Ադրբեջանը հրաժարվել է այդ հանդիպումից՝ առանց պատճառաբանության: Այսօր կամ վաղը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և կլինեն որոշ քննարկումներ, որից հետո ես կներկայացնեմ, թե ինչ քննարկումներ են տեղի ունեցել»։  

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր՝ համագործակցության Բաքվի առաջարկները փլուզվում են, եթե Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների ներկայությամբ Լաչինի միջանցքից մարդ է ձերբակալվում։ Ինչ վերաբերում է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների ժամանակ միջազգային երաշխիքների ներդրմանը, ապա Էդմոն Մարուքյանը նշել է հետևյալը.

«Ըստ էության, Ադրբեջանն իր կողմից ձևավորած կեղծ խոսույթները՝ նարատիվները, հերթով քանդելով գնում է առաջ։ Այսինքն, ի՞նչ է անում. ասում է՝ մենք պատրաստ ենք ձեզ հետ խաղաղ համակեցության, դուք մեր քաղաքացիներն եք և այլն, և այլն, որից հետո տեղի է ունենում դիվերսիոն ակտ, սպանություններ, մարդկանց առևանգում։ Ի՞նչ էին առաջարկում. Առաջարկում էին Աղդամի ճանապարհը օգտագործել։ Աղդամի ճանապարհը օգտագործելու առաջարկից հետո, Լաչինի միջանցքի փակ եղած ապօրինի անցակետում մարդ են առևանգում, հետո ասում են՝ ձերբակալել ենք։ Հիմա, ես հարց եմ տալիս՝ սա վստահության վիճակը կողմերի մոտ, կոնկրետ Լեռնային Ղարաբաղի մասով, բարձրացնու՞մ է, որ նրանք գնան բանակցությունների, բա որ բանակցող մարդկա՛նց կալանավորեն, բա որ բանակցող մարդկա՛նց առևանգեն-էդ որ ասում էին՝ եկեք բանակցությունների»։

Բոլոր այն ինստիտուտները, որոնք աչք են փակում, Ադրբեջանի հետ դառնում են հանցագործությունների, էթնիկ զտման ու իրագործվելուն շատ մոտ ցեղասպանության  փայատերը՝ հայտարարել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի խոսքով՝ սա է միշտ եղել  Ադրբեջանի օրակարգը, այդ երկիրն այլ օրակարգ չունի՝ բռնի հպատակեցումից բացի։ Բեգլարյանը նկատում է, որ նույնիսկ հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածությունները ոչ միայն չեն պահվում, այլև , հակառակը, գնալով իրավիճակն ավելի են վատթարացնում։ Բեգլարյանի խոսքով՝ Ստեփանակերտը կրկին հայտարարում է, որ պատրաստ է Բաքվի հետ երկխոսության, բանակցությունների, բայց միևնույն ժամանակ շեշտում է, որ այդ բանակցությունների օրակարգի ու ձևաչափի խնդիր կա։

«Եթե քիչ թե շատ երաշխավորված ձևաչափ չեղավ, Ադրբեջանը պայմանավորվածությունները չի պահպանում, հակառակը՝ օգտագործում է այդ բանակցությունները, որպեսզի ցույց տա, որ «տեսեք, մեր քաղաքացիները գալիս և հպատակվում են մեզ», այնինչ իրականությունն այն, որ մենք ասում ենք՝ «եկեք, նստենք քննարկենք, ինչ սկզբունքային հարցեր ունենք, գոնե հումանիտար հրատապ խնդիրները լուծենք, փոխադարձ վստահություն որոշակի ձևավորենք, բարենպաստ միջավայրում ավելի երկարաժամկետ խնդիրները քննարկենք», իսկ իրենք ասում են՝ «մենք երկարաժամկետ խնդիր չունենք՝ դուք կամ հպատակվում եք մեզ, կամ մենք ձեզ մինչև վերջ ինչ ասես անում ենք՝ սպանում ենք, կոտորում ենք, ջարդում ենք, փշրում ենք, առևանգում ենք և այլն»։  

Արցախը միշտ էլ բաց է եղել հանդիպումների ու բանակցությունների համար, ավելին՝ ընդունել է տարբեր միջնորդների առաջարկը՝ թե՛ ռուսական, թե՛ եվրոպական և  թե՛ ամերիկյան։ Բոլոր դեպքերում, սակայն, Արցախի համաձայնությունից հետո Ադրբեջանը մերժել է հանդիպումները՝ պնդելով  դրանք Բաքվում կազմակերպելու նախապայմանը,  ինչն, ըստ Բեգլարյանի,  ակնհայտորեն  կառուցողական մոտեցում չէ։

Կարդացեք նաև

Back to top button