ԿարևորՀասարակություն

Միջազգային մեխանիզմներն աշխատեցնելու օրակարգով ակցիաներ ՄԱԿ-ի ու ԿԽ-ի գրասենյակների դիմաց

Երևանում այսօր բողոքի ակցիաներ են կազմակերպվել Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին օգնելու նպատակով։ Միջազգային կառույցները չեն կատարում իրենց հռչակած նպատակները, և բողոքի ակցիաները դրանք աշխատեցնելու նպատակ ունեն՝ ասում են մասնակիցները։ 

Ակցիայի մասնակիցներին ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասել է, որ մասնակիցներին բացատրվել է՝ կան որոշակի պահանջներ, որոնք կազմակերպությունը չի կարող իրագործել, բայց աշխատանքը տևական է, և կառույցը փորձում է կողմերի հետ գտնել լուծումներ, որոնք կապահովեն ԿԽ-ի բնականոն աշխատանքը։

«Բացել Բերձորի միջանցքը, ազատել Վագիֆ Խաչատրյանին, կատարել միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները»․ այս կարգախոսներով ու պահանջներով էին կազմակերպվել  բողոքի ակցիաներ ԿԽՄԿ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ու կառավարության շենքի դիմաց։

Ակցիայի մասնակիցները միջազգային կառույցներից պահանջում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քայլեր ձեռնարկել Արցախում մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է դիմել ուժային կառույցներին, որ իր ազատ տեղաշարժն ապահովեն՝ թեկուզ ուժային միջոցներ կիրառելով, փոխարենը  թույլ է տալիս, որ մարդ առևանգեն»,-ասում են «Բացում» շարժման ակտիվիստները։

«Սանկցիաներ կիրառեք Ադրբեջանի բռնապետի ու նրա հարազատների նկատմամբ։ Ուժի կիրառմամբ կարող եք մուտք գործել Արցախ։ Հաագայի դատարանի վճիռը տալիս է այդ հնարավորությունը։ Եթե ադրբեջանական կողմն անտեսում է վճիռը, այլ ելք չի թողնում ձեզ և մեզ։ Հետևաբար, ակնկալում ենք միջազգային հանրությունից՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՄԽ, ԱՄՆ, ՄԹ, որ բացվի Արցախի Հայաստանին կապող պորտալարը, որը կենսական նշանակություն ունի»։

ԿԽՄԿ-ի մոտ հոր առևանգման մասին խոսեց ու աջակցություն խնդրեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։ Ասաց, որ որևէ տեղեկություն չունի հոր վիճակի մասին։ Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին  Կարմիր խաչի ուղեկցությամբ Երևան էր տեղափոխվում հրատապ վիրահատության:

«Խնդրում եմ ինձ մենակ չթողնել, եղեք ինձ համար մայր, հայր, եղբայր, քույր, օգնեք, ուժ տվեք հայրիկիս հետ բերելու համար»։

A press conference dedicated to the ‘Opening’ initiative took place in front of the UN Armenian office

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն, ակտիվիստները նրան ներկայացրել են իրենց մտահոգություններն ու աջակցության կոչ ուղղել։ Ակցիայի մասնակից Ամալյա Զաքարյանն ասում է, որ դժգոհ են հանդիպման արդյունքներից։

«Բավարարված չեմ, կարծես ուզում են ասել, որ դա իրենց հնարավորությունների սահմանում չէ։  Մեզ ասում են, որ եթե հանրային ձևով հայտարարություններ անեն, դա ավելի կբարդացնի իրավիճակը»։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները պարզաբանեցին, թե ինչու են բողոքի ակցիա իրականացրել նաև ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։

«ՄԱԿ-ն առաջնային մանդատ ունեցող միջազգային կազմակերպություն է, որն ամենաշատ անդամ պետություններն ունի: Ունի բազմաթիվ հռչակագրեր, կոնվենցիաներ, որոնք աշխարհի յուրաքանչյուր կետում երաշխավորում են մարդու կյանքի իրավունքը, առողջ ու արժանապատիվ ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը: ՄԱԿ-ն ունի նաև պարենի համաշխարհային ծրագիր, որով տասնյակ տարիների ընթացքում աշխարհի ամենաթեժ կետերում պարեն են հասցրել: Բացի դրանից՝ ունի Հաագայի միջազգային դատարանը, որը որոշում է կայացրել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի: Մեր քաղաքացիական ճնշման ամբողջ նպատակն այն է, որ բացի տեղյակ լինելուց, պետք է նաև գործել: Տեղյակ լինելը դեռ բավարար պայման չէ, իսկ գործելու համար պետք է ճնշում լինի, թեկուզ ստիպողաբար, որ մեխանիզմներն աշխատեն»։

«Եթե Արցախ առնվազն մի մեքենա մտնի «ՄԱԿ» գրությամբ, ճանապարհը բացված կհամարվի» Եթե ունեք հռչակագրեր ու եթե այդ փաստաթղթերը չեն գործում, ապա մենք պետք է ստիպենք, որ կյանքի կոչեք այդ փաստաթղթերը։ Միջազգային մեխանիզմներն աշխատեցնելու օրակարգ է»։

Եթե միջազգային կառույցների հռչակած նպատակները չեն իրականացվում,  ապա ՀՀ քաղաքացիները, ըստ ակցիայի մասնակիցների,  լեգիտիմ իրավունք են ստանում ստիպելու, որ դրանք կյանքի կոչվեն։ Ակցիաները շարունակվելու են՝ վստահեցնում են նրանք։

Կարդացեք նաև

Back to top button