
Ադրբեջանը խաղաղություն չի ուզում՝ Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրուցում ասել է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետյանը՝ նկատելով, որ հակառակ դեպքում թույլ կտար, որ հումանիտար բեռները հասնեն Ստեփանակերտ։ Արդեն չորս օր Հակարիի կամրջի մոտ կանգնած են հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարները, որոնց բեռնախցիկներում նաև փչացող ապրանքներ կան, այդ թվում՝ նաև դեղամիջոցներ։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի 18 ներկայացուցիչներ կառավարության հրավերով երեկ էին Կոռնիձոր այցելել՝ տեսնելու Լաչինի փակ միջանցքն ու դրա մուտքի մոտ արգելափակված հումանիտար բեռներով ավտոշարասյունը։
Կոռնիձորի հայկական անցակետում հումանիտար բեռներով ավտոշարասյունը շարունակում է անհույս սպասել։ 361 տոննա հումանիտար օգնությունն այդպես էլ չի հաջողվում Ստեփանակերտ հասցնել։ Անորոշ է մնում՝ հնարավոր կլինի՞ ի վերջո այն հասցնել սովամահության մատնված Արցախի մեր հայրենակիցներին։ Այդ անորոշությունը պահպանվում է նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Կոռնիձոր այցելելուց և տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո։
Ինչքան բեռները կանգնած են մնում, այդքան ցույց են տալիս, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում՝ ասում է Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Հայաստան-Շվեդիա խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետյանին։
«Ինքներս տեսնում ենք, ամբողջ աշխարհն է տեսնում, որ այս բեռները չեն կարող անցնել։ Որքա՞ն վիճակը կվատանա։ Պիտի այդ որոշումը կայացնեն, որովհետև ամեն օր վիճակը վատանում է, ու այս բեռներն այստեղ կանգնած են։ Աշխարհը հիմա ռեալ տեսնում է՝ 24 ժամ։ Ինչքան այս բեռներն այստեղ կանգնեն, այնքան ցույց կտան, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն։ Եթե իրոք խաղաղություն ես ուզում, թող այս բեռներն անցնեն, մարդիկ գոնե սովից չմեռնեն»։
Հայաստանը ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներին խնդրել է, որ ընդունեն բեռն ու տեղափոխեն Ստեփանակերտ։ Հայկական կողմը շարունակում է բանակցել ռուսական կողմի հետ։ Որևէ լուր բանակցությունների արդյունքի մասին դեռ չկա՝ լրագրողներին այսօր էլ հուսադրող տեղեկություն չի հայտնել Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Բանակցություններն արդյունք չեն տվել, քանի որ ադրբեջանական կողմն, ըստ էության, պատրաստակամություն չի հայտնել բացել Լաչինի միջանցքը։
«Հումանիտար ճգնաժամի սրացումը, կարելի է ասել, տեղի է ունենում ժամ առ ժամ ռեժիմով։ Ուստի, նաև միջազգային արձագանքներն են ավելանում, լսում եք։ Ընդհանուր գիտակցումը կա, որ, իրոք, տեղում՝ Լեռնային Ղարաբաղում, առկա է խորը հումանիտար ճգնաժամ, և այդ ճգնաժամը և այդ ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ են գործուն քայլեր»։
Պաշտոնական Բաքուն կրկին հերքել է Լեռնային Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները՝ ասելով, թե հուլիսի 26-ին բեռնատարները ՀՀ կառավարությունն առանց թույլտվության են ուղարկել, նրանց ձևակերպմամբ, «Ադրբեջանի տարածք»։ Ադրբեջանն իր հերթական հայտարարությամբ պահանջել է «Հայաստանի կողմից խաբված երկրներից և միջազգային կազմակերպություններից» հարգել իր ինքնիշխանությունն ու «տարածքային ամբողջականությունը», չմիջամտել երկրի «ներքին գործերի և վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը»։
«Վերջին օրերին տեղի ունեցած այս բոլոր սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա ղեկավարությունը»,- պնդում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ սպառնալով ճնշել «իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ»։
Բաքվի այս արձագանքն անսպասելի չի համարում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նա ավելի շատ զարմանում է լավատեսների ակնկալիքներից, որոնք ցեղասպանական գործողություններ իրականացնող պետությունից մարդասիրական ժեստ էին սպասում: Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ այս զարգացումներից դրական մեսիջն այն է, որ այդքանից հետո անգամ ամենախաղաղասերների համար պետք է ակնհայտ դառնան Ադրբեջանի նպատակները:
«Ես էն գլխից էլ ունեի այն համոզմունքը, որ հնարավոր չի լինելու դա տեղափոխել Արցախ, որովհետև Ադրբեջանն իր քաղաքականությունը անթաքույց է իրականացնում։ Եթե խաղաղապահների կողմից ճանապարհը բացելու հստակ գործողություններ չեն ձեռնարկվում, ապա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պետք է քննարկումներ սկսվեն և թող միջազգային հանրությունը, ըստ միջազգային իրավունքի սկզբունքների, որոշի, թե ինչպիսի լուծումներ է առաջարկում 120 հազար մարդու կյանքը փրկելու և իրենց հայրենիքում սեփական կյանքը կազմակերպելու և կառուցելու իրավունքի ապահովման համար»։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նաև աբսուրդ է համարում Բաքվի՝ Աղդամով բեռներ տեղափոխելու առաջարկը։ Արցախում վտանգավոր են համարում ադրբեջանցիների հետ խոսելու, Աղդամի ճանապարհն օգտագործելու վերաբերյալ հայտարարությունները։ Կարծում են, որ այդ առաջարկը՝ մահվան ճանապարհ է, քանի որ հումանիտար աղետ ստեղծողից հումանիզմ ակնկալելը որևէ տրամաբանության չի կարող ենթարկվել։
Այսօր Արցախի շրջափակման 230-րդ օրն է։ Արցախի տարբեր շրջաններից ահազանգում են, որ վառելիքի բացակայության պատճառով չեն կարողանում ծանր վիճակում գտնվող հիվանդներին Ստեփանակերտ տեղափոխել։ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում էլ տասնյակից ավելի հիվանդներ Հայաստանի բժշկական հաստատություններ տեղափոխվելու կարիք ունեն։ 4 երեխա էլ «Արևիկ» բուժմիավորումում պայքարում է կյանքի համար։




