
Ծաղկաձորի ճանապարհները քարուքանդ են․ լուրը իրարանցում է առաջացրել նույնիսկ ռուս բլոգերների շրջանում։ Թեմայով հետաքրքրվողները բարձրաձայնում են՝ զբոսաշրջիկների փոխարեն հանգստավայրը շինտեխնիկայինն է, ինչո՞ւ են ամեն ինչ միաժամանակ սկսել։բարձրացրած աղմուկի մասին ծաղկաձորցիները կատակում են. «Չգիտեն էլ, թե ինչ են ասում, երևանցիները՝ լավ, բա՞ ռուսները չատեր են բացել»։
Կուտակված շինտեխնիկայով նորոգվում և կահավորվում է Երևան-Սևան կամրջից մինչև հայտնի հանգստավայրի Սպորտբազա՝ 12 կմ-անոց հատվածը, արդյունքից կօգտվեն Հրազդանն ու Ծաղկաձորը՝ մանրամասնում է «Շինպլյուս» ընկերության ներկայացուցիչ Յուրա Գասպարյանը։


«Ամեն ինչ փոխվում է՝ և՛ ջրագծերը, և՛ կոյուղագծերը, և՛ մայթերն են լայնանում, երթևեկելի մասն է կարգի բերվում։ Հիմնային նորոգում է գնում։ Օրբելի եղբայրների անվան փողոցում ամեն ինչն է փոխվել։ Հանդիպում են հին, քայքայված ջրագծեր, դրանք էլ ենք փոխում։ Համայնքին էլ, բոլորին էլ ձեռնտու է, որ փոխվեն»։
Ծաղկաձորում տրակտորներն ու բեռնատարները բոլոր գլխավոր փողոցներում են։ Պատասխանատուն ինքն էլ է փաստում՝ ծաղկաձորցիների ու հյուրերի համար այս կամ այն փողոցը անցանելի թողնելուց զատ, մյուս բոլոր կետերում աշխատանքներն ընթանում են միաժամանակ։ Ճանապարհները խորը փորված են, ինչն էլ իր պատճառներն ունի։

«Հենց հիմա, որ մոտենաք, կտեսնեք, 1.5մ խորությամբ քանդում են, որ կավերը դուրս գան, ստորգետնյա ջրերը վերանան, բակային ջրերը, անձրևաջրերը կուտակվեն, իջնեն ներքև։ Ջրահեռացման համակարգը պետք է շարունակվի դեպի ներքև։
-Շատ են բողոքում, ասում են բոլորը միասին են քանդել, հնարավո՞ր էր այլ լուծում տալ,–հեղինակ։
-Ուրիշ կերպ ոնց քանդեինք, սա Երևա՞նն է, որ կեսը Դավթաշենում է, կեսը Էրեբունիում։ Սա փոքր քաղաք է։ Բայց դե աշխատում ենք տրանսպորտային երթևեկությունը հնարավորինս կարգավորել։ Օրինակ, Օրբելիում արդեն խիճն են տեղադրում, սրան ձեռք չեն տվել, տեսնում եք, միայն եզրաքարերն է փոխված, որ թեկուզ միակողմանի է, բայց որպես երկկողմանի օգտվեն մարդիկ։ Այս պահին էլ էլի եմ հայցում մեր քաղաքացիների ներողամտությունը, բայց շատ գեղեցիկ, բարեկարգ քաղաք եք ունենալու։ Բոլոր մայթերը տեսքով համահունչ են դառնում՝ բազալտի սալիկներով»։

Հիմնանորոգվող ճանապարհներից է Կեչառիսի վանական համալիր տանող Կեչառեցի փողոցը։ Հարակից հասցեում բնակվող Ժիրայր Առաքելյանը նշում է՝ տեղացիների համար խնդիրը ոչ թե ճանապարհաշինությունն ու փոշին են, այլ անտառհատումները։
«Խորհրդային տարիներին 2500 բնակչությունը Ծաղկաձորինն էր, մի էդքան էլ ճամբարներինն էր։ Հիմա շատ երիտասարդներ ռեստորանների համար են գալիս, որ հաշվեք մեքենաներով շատ-շատ են գալիս, բայց նրանք մնացողներ չեն։ Կուզեի, որ սրանից հետո այլևս անտառային հատվածներում չլինի վաճառքներ ու մարդիկ գան ծառերը կտրեն։ Դե կուրորտային տեղում ի՞նչ է նշանակում անտառը վաճառեն ինչ–որ մեկի, որ ինքն իր համար էլիտար շենք սարքի»։

Էլիտար շինությունների թվի աճը նախկին խաղաղ հանգստավայրում թելադրում է ենթակառուցվածքների փոփոխության անհրաժեշտություն։ Տեղաբնակներից Վաչիկ Խաչատրյանի բնորոշմամբ՝ հարազատ քաղաքը մեծացել է, ու սա իր կանոններն է թելադրում։
-Ո՛չ հոսանքի կաբելներն են հերիքում, ո՛չ ջրագծերը, ո՛չ գազը։ Կոմունիկացիան պետք է փոխվի, որովհետև մեծ-մեծ շենքեր են սարքվում, չի հերիքի։ Էլեկտրականության նոր կայան է կառուցվում, որ կարողանան սնուցեն ամբողջ Ծաղկաձորը, որովհետև եղած ծավալները քիչ են։
-Երբ ենթակառուցվածքները թարմացվեն և ասֆալտապատումն ավարտվի, ինչպիսի՞ Ծաղկաձոր կուզենայիք տեսնել։
-Կանաչը շատ լիներ, որովհետև կանաչապատումը մի քիչ տուժվել է էս շինարարությունից ու կենտրոններ լիներ զբաղմունքի։

Ծաղկաձորում վերջին տարիներին ամառայինին զուգահեռ ակտիվացել է ձմեռային հանգստի շրջանը։ Նախորդ սեզոնին սակավաձյունությունից բացի՝ ծաղկաձորցիներն իրենց համար մեկ այլ «վտանգ» էլ են նշմարել։ Ասում են՝ ապարանցիները մտադրվել են իրենցից առաջ անցնել։ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում 2023թ.-ի փետրվարին բացված ճոպանուղու հետևանքները զգացել են առանց պաշտոնական վիճակագրության։
«Անցյալ տարի Ծաղկաձորը մի շաբաթ աշխատեց, Ծաղկաձորի վրա երևաց։ Մի շաբաթվա ընթացքում էն մարդիկ, որ ամբողջ կյանքում էստեղ են դահուկ քշել սովորել, էնտեղից զանգում, ասում են՝ այ կյանքը էստեղ է»։

Կոտայքի ի զբոսաշրջային կենտրոնի բնակիչները Արագածոտնի ապագա հանգստավայրի հետ մրցակցությանը ապարանյան հումորի փոխարեն ծաղկաձորյան լրջությամբ են վերաբերվում։ Ասում են՝ նոր լուծումներ են պետք։ Ճոպանուղուց զատ նոր ատրակցիոններ են պետք, նաև՝ անտառային հատվածների վաճառքի դադար, որ հայտնի հանգստավայրը շարունակի գրավիչ մնալ։




