
ՀՀ կառավարությունը շարունակելու է թիրախավորել երկարատև տնտեսական աճը՝ տարեկան առնվազն 7%–ի մակարդակում։ Ցուցանիշը ներառված է 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում։
Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծել է, որ 2022–ից Հայաստանում տնտեսական երկնիշ աճ է արձանագրվում։ Միտումը շարունակվում է, բայց մինչև տարեվերջ, ըստ փոխնախարարի, հնարավոր է որոշակի անկում ունենա։ Վահան Սիրունյանը միջնաժամկետ հատվածում 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է համարում։ Նրա խոսքով՝ կառավարությունն ունի պահուստային միջոցներ, որոնց համար ծախսեր պլանավորված չեն։ Դրանք թույլ կտան կանխել անցանկալի սցենարները։
2024-2026թթ. հարկաբյուջետային քաղաքականության համաձայն՝ նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ 2026թ․ հասցնելով 6.6%-ի, իսկ ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 22.3%-ի: Արդյունքում՝ միջնաժամկետ կտրվածքով հարկաբյուջետային քաղաքականությունը, ըստ գործադիրի, ամբողջական պահանջարկի վրա կունենա չեզոք ազդեցություն, սակայն կխթանի տնտեսության ներուժը։
Պաշտպանության ոլորտը՝ գերակա ուղղություն
2023թ․ պետական բյուջեով կառավարությունը պաշտպանության ոլորտի ծախսերի աննախադեպ աճ էր պլանավորել՝ 517 մլրդ դրամ։ Այդ բարձր նշաձողը նախատեսվում է պահպանել նաև միջնաժամկետ հատվածում։ «Կառավարությունը կպահպանի այդ ծախսերը, հնարավորության դեպքում դրանք կաճեցնի, եթե լրացուցիչ ծախսերի կարիք լինի, մենք կվերանայենք»,– ասում է ֆինանսների փոխնախարարը։
Ջրամբարաշինությունը՝ առաջնահերթություն
Ոլորտը առանցքային ուղղություններից է, քանի որ մակերևութային ջրերի հոսքը արդյունավետ կառավարելու խնդիր կա՝ արձանագրում է ֆինանսների փոխնախարարը։ Այդ առումով կառավարությունը լայնածավալ աշխատանքներ է նախատեսում։
«Կառանձնացնեի Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները։ 2024–2026 թվականներին նախատեսվում է իրականացնել մոտ 28 մլրդ դրամի հատկացումեր, կառուցել ջրամբարը։ Միջնաժամկետ հատվածում կառավարությունը նախատեսում է 15 փոքր ու միջին ջրամբարներ կառուցել»։
Ե՞րբ կավարտվի Հյուսիս–հարավի շինարարությունը
Ճանապարհի կառուցումը կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություն է, ունի ռազմավարական նշանակություն։ Այն հնարավորություն է տալու երկրի հարավային շրջանները եվրոպական չափանիշներին համապատասխան ճանապարհներով կապել երկրի հյուսիսային հատվածների, Վրաստանի ու Սևծովյան նավահանգիստների հետ։ Հյուսիս–հարավ ճանապարհի կառուցումը սկսվել է 2010 թվականին։ Առաջին տրանշով կառուցվել են Երևան –Աշտարակ, Երևան–Արտաշատ հատվածները։ Միջնաժամկետ հատվածում նախատեսվում է ավարտել Թալին– Լանջիկ, Լանջիկ –Գյումրի հատվածների կառուցումը։ Այժմ բանակցություններ են ընթանում մյուս ՝ Սիսիան–Քաջարան, Քաջարան–Ագարակ, Քաջարանի թունել հատվածների վերաբերյալ։ Երեք տարում նախատեսվում է ծախսել 300 մլրդ դրամ։ «Կդժվարանամ վերջնական ժամկետ նշել․ ամեն ինչ կախված է մեր հնարավորություններից, որքանով մեր կարողությունները բավարար կլինեն նման բարդ նախագծեր իրականացնելու առումով»,–ասում է փոխնախարարը։ Ֆինանսական միջոցները հիմնականում արտաքին աղբյուրներից են։
Մեծ ծախսեր՝ Երևանի մետրոյի համար
Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կապիտալ վերանորոգման համար 2024-2026թթ.–ին ըստ տարիների համապատասխանաբար նախատեսվել է 0.5 մլրդ դրամ, 2025–ին ու 2026–ին՝ 3 մլրդ–ական դրամ։ Այս տարի փոխվել է օդափոխման համակարգը։ Աջափնյակ կայարանի կառուցման համար 2024-ին նախատեսվում է տրամադրել 4 , 2025–ին ու 2026–ին՝ 10 մլրդ–ական դրամ։ 2023–ին մոտ 700 մլն դրամ է տրամադրվել նախագծման աշխատանքների համար։




