
Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարությունը սկսվել էր անցած տարեվերջին: Շենքային վատ պայմանների ու սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով 2015թ-ին բաժանմունքը տեղափոխվել էր Մեծամորի հիվանդանոց, որտեղ նույնպես պայմանները բավարար չէին:
Բժշկական մայր կենտրոնից տեղափոխված ինֆեկցիոն բաժանմունքի հիվանդները հետզոտությունների նպատակով արդեն մի քանի տարի ստիպված են Մեծամորից ինքնուրույն գալ Արմավիրի հիվանդանոց ու վերադառնալ բաժանմունք, որտեղ անգամ հերթապահող բժիշկներ չկան: Բացի հիվանդներից՝ ամենօրյա դժվարություններ են հաղթահարում նաև բուժաշխատողները:

Ինֆեկցիոն բաժանմունքի գործունեության կասեցումից հետո՝ շենքում միայն տանիքն էր փոխվել ու մատնվել անուշադրության: Հիմնանորոգման խնդիրը բազմիցս բարձրացվել է, բայց կառավարությունը միայն անցած տարվա վերջին պետական բյուջեից միջոցներ տրամադրեց մասնաշենքի վերակառուցման նպատակով: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյան.
«Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը տարիներ շարունակ չէր շահագործվում: Արմավիրի մարզպետի ջանքերով նախագիծը ներառվեց պետական ծրագրում, և պետական բյուջեից միջոցներ հատկացվեցին մասնաշենքի հիմնանորոգման համար: Այժմ աշխատանքներն ընթացքի մեջ են»:
Ութ տարի անտեսված շենքի հիմքերը խարխլվել էին, դարձել կիսավեր: Մինչև ամրաշինական աշխատանքներին անցնելը շինարարներից շատ ժամանակ է պահանջվել կիսախարխուլ պատերն ու հատակը քանդելու և շինարարական աղբը թափելու համար՝ ասում է շինաշխատանքների ղեկավար Գառնիկը։

«Ամբողջ հատակը շատ վատ վիճակում էր, քանդել ենք, նախագծով նախատեսվել էր 331տ շինաղբի բարձում-թափում, բայց մենք փաստացի ավելի շատ ենք կատարել այդ գործը՝ մոտ 800տ: Ամբողջ շինության տարածքը մաքրել ենք, հատակը խճաքարերով լիցք ենք արել, բետոնապատել»:
Հիմքերի քայքայման հետևանքով շենքը դարձել էր վթարավտանգ: Շինարարական աշխատանքները սկսել են հիմքերի ամրացումից, որպեսզի բժշկական կառույցը սեյսմակայուն լինի և դիմակայի մինչև 9 բալ երկրաշարժին:
«Շենքի չորս կողմի հիմքերը բացել ենք, ամրանային ցանց ենք դրել, բետոնացրել մինչև 1.5մ խորությամբ: Այդպես ուժեղացրել ենք հիմքերը: Դրան գումարած սյուները բացել ենք ու ամեն 6 մետրի վրա շրջանակներ դրել: Դա արվում է երկարշարժի ժամանակ ցնցումներից խուսափելու համար»:

Շինարարությունը դանդաղել էր բժշկական կառույցներում սահմանված չափորոշիչներով նախագծային փոփոխություններ կատարելու համար: Ելնելով ինֆեկցիոն բաժանմունքի առանձնահատկություններից՝ կառույցն ունենալու է մեկտեղանոց, երկտեղանոց և երեք տեղանոց 9 հիվանդասենյակ, առաջին բժշկական օգնության ու ախտորոշման սենյակներ և այլն:
«Ներսում հիմա բոլոր աշխատանքներն արվում են. ներկ սվաղ, գաջ»
«Յուրաքանչյուր պալատ ունի իր առանձին սանհանգույցը: Սա ինֆեկցիոն հիվանդանոց է, պետք է մաքուր լինի, հիվանդասենյակներում պատերը մինչև 2մ բարձրությամբ ցեմենտով սվաղել ենք, որի վրա սալիկներ են ամրացվելու, դրանից վերև պատերն ու առաստաղը գաջվում է ու ներկվում: Հատակը վինիլային է, որը հավասարեցվում է սալիկներին և շրիշակներ չեն տեղադրվելու»:
Նախագծով շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է օգոստոսի 18-ին, սակայն դեռ շատ անելիք կա: Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը չի բացառում, որ շինարարության ժամկետը երկարաձգվի։


«Եթե ժամկետի երկարացման անհրաժեշտություն լինի, մարզպետարանում կքննարկենք և օրենքով սահմանված կարգով շինարարին հնարավորույթուն կտանք երկարացնել ժամկետն ու ավարտել աշխատանքը: Բայց քանի որ հիմա ամբողջ թափով շինաշխատանքներ են ընթանում, և դեռ ժամանակ կա, շինարարը մեզ չի դիմել ՝ժամկետը երկարացնելու համար»:
Շինարարական աշխատանքների ավարտից հետո Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքը միանգամից կհամալրվի անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով՝ ասում է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը: Կահավորանքը նույնպես ձեռք է բերվել պետական բյուջեի միջոցներով.

«Բաժանմունքը կահավորելու նպատակով հայտարարվել էր մրցույթ և հայտնի է շահող կազմակերպությունը, որը 46 մլն դրամի սահմաններում գնել է ամբողջ գույքն ու սարքավորումները, ռենտգեն ապարատը, նույնիսկ հիվանդասենյակների հեռուստացույցները: Շինարարության ավարտից հետո բաժանմունքն անմիջապես կկահավորենք ու միանգամից կբացենք»:
Արմավիր բժշկական կենտրոնի վերակառուցվող ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի մի հատվածում տեղակայվելու է հիվանդանոցի շտապօգնության ծառայությունը, որը հիմա գտնվում է նկուղային հարկում: Ինֆեկցիոնի բուժանձնակազմն ու հիվանդները անհամաբերությամբ սպասում են շինարարության ավարտին, որպեսզի Մեծամորից վերադառնան Արմավիր՝ նախկին հասցե:




